Լրահոս

03.06.2014 14:52


«Ժառանգությունը» պահանջում է դադարեցնել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացը

«Ժառանգությունը» պահանջում է դադարեցնել Հայաստանի՝  Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացը

«Ժառանգություն» կուսակցությունը 2013-ի սեպտեմբերի 3-ից ի վեր՝ հետեւողականորեն եւ պարբերաբար դեմ է արտահայտվել Հայաստանը Մաքսային միությանը կամ դրա իրավահաջորդ Եվրասիական տնտեսական միությանը միացնելու ՀՀ իշխանության դատապարտելի ջանքերին: Համարում ենք, որ Սերժ Սարգսյանի անընդունելի, Հայաստանի ազգային շահերից չբխող արտաքին եւ ներքին քաղաքականությունները միտված են կեղծված ընտրությունների արդյունքում ձեռք բերած իր անձնական իշխանության երկարաձգմանը եւ հարվածում են Հայոց երկու պետականությունների անկախությանն եւ անվտանգությանը:

Մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության հիմնադրման արարողության ընթացքում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հնչեցրած նախապայմանը, որը վերաբերում էր Հայաստանին այդ միության մեջ առանց Արցախի ընդունելուն, եւ որն ակնհայտորեն համաձայնեցված էր Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Վլադիմիր Պուտինի հետ, այլեւս ամենքին ցույց տվեց, որ Հայաստանը անելիք չունի այս միության մեջ:

Թեեւ ԵՏՄ-ն ձեւավորվում է իր անդամների շահերը պաշտպանելու նպատակով, այն չի պատրաստվում պաշտպանել Հայաստանի ազգային շահերը. ճիշտ հակառակը՝ արդեն պաշտպանում է միությանն անդամակցելու որեւէ մտադրություն չհայտնած, ՀԱՊԿ անդամ չհանդիսացող եւ մեր երկրի հետ պատերազմի մեջ գտնվող Ադրբեջանի շահերը: Հայաստանին փորձ է արվում պարտադրել մի նախապայման, որը չի գործել այս միության մեկ այլ անդամի՝ Ռուսաստանի պարագայում, որը մտել է միություն ո՛չ «միջազգայնորեն ճանաչված սահմաններով»:

Հայաստանի հանդեպ անհարգալից վերաբերմունքը ԵՏՄ-ում հիմք է տալիս կարծելու, որ Հայաստանն այդ միությունում դիտվում է ոչ թե որպես իրավահավասար գործընկեր, այլ որպես գործիք՝ Ադրբեջանի վրա ներգործելու համար: Իսկ այս դեպքում Ադրբեջանին վճարվող գինը դիտվում է Արցախը: Փաստորեն, այս միության մեջ դեռ Ադրբեջանի բացակայության պայմաններում վերջինի շահերը արդեն ավելի բարձր են դասվում Հայաստանի շահերից:

«Ժառանգություն» կուսակցությունը.

  1. պահանջում է ՀՀ դե ֆակտո նախագահից անհապաղ հրաժարվել Մաքսային միությանը եւ Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացից.
  2. կոչ է անում ՀՀ քաղաքական ուժերին պաշտոնական դիրքորոշում արտահայտել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու վտանգավոր գործընթացի վերաբերյալ, նաեւ ս.թ. մայիսի 29-ին Աստանայում ի հայտ եկած իրողությունների լույսի ներքո.
  3. կոչ է անում Հայաստանի առողջ ուժերին միասնաբար ուղիներ փնտրել Հայաստանի եւ Արցախի ինքնիշխանությանը եւ անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին դիմակայելու համար:

«Ժառանգություն» կուսակցություն

Այս խորագրի վերջին նյութերը