Լրահոս

04.06.2014 20:09


2,5 տարի տևած դատաքննության արդյունքում դատախազը դատարանում հրաժարվել է մեղադրանքից. դատարանը բժիշկին արդարացրել է

2,5 տարի տևած դատաքննության արդյունքում դատախազը դատարանում հրաժարվել է մեղադրանքից. դատարանը բժիշկին արդարացրել է
Դատարանը ճանաչել և հռչակել է «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ մանկաբույժ Հովիկ Սարգսյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում (բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը):
Հովիկ Սարգսյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացվել է:
Նախաքննական մարմնի վարկածով՝ բժիշկն էր եղել բուժվող հիվանդի մահվան պատճառը։ Ըստ մեղադրանքի՝ Հովիկ Սարգսյանը, աշխատելով «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ում` որպես մանկական բաժանմունքի բժիշկ, 2011 թվականի մարտի 12-ից մինչև մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում հիվանդանոցում ստացիոնար բուժման մեջ գտնվող ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի բնակիչ Անի Մարտիրոսյանին ախտորոշել է «ՍՇՀ, տոքսիկ ձև» հիվանդություն:
Նշված ժամանակահատվածում Հովիկ Սարգսյանն Անի Մարտիրոսյանի բուժման ընթացքում իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, նշանակված բուժումը եղել է ոչ լրիվ ծավալով, այն է` Անի Մարտիրոսյանի վերաբերյալ դրված ախտորոշումը եղել է թերի, չի ախտորոշվել երկկողմանի միջանկյալ թոքաբորբը, տրախեոբրոնխիտը և կատարյալ էնտերոկոլիտը:
Վերջինիս նկատմամբ կատարված հետազոտությունները եղել են ոչ լրիվ ծավալով. չի կատարվել թոքերի ռենտգեն հետազոտություն, լուծի պայմաններում` կղանքի բակտերիոլոգիական հետազոտություն, որովայնի խոռոչի օրգաների ուլտրաձայնային հետազոտություն, արյան բիոքիմիական քննություն և էլեկտրոսրտագրություն, որի հետևանքով 2011 թվականի մարտի 16-ին Անի Մարտիրոսյանի հետագա բուժումը շարունակելու նպատակով Երևան քաղաք տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է:
Սակայն դատարանում՝ ավելի քան 2,5 տարի տևած դատաքննության արդյունքում, մեղադրող Կարեն Խաչատրյանը հրաժարվել է մեղադրանքից և դատական վիճաբանությունների փուլում հայտարարել է, որ դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներով, այն է՝ փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ հիմնավորվել է, որ Հովիկ Սարգսյանի կողմից բժշկական սխալ թույլ չի տրվել: Նշենք, որ գործը դատարան էր ուղարկվել 2011 թվականի սեպտեմբերի վերջերին։
Մասնավորապես, ըստ ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնից ստացված 21.05.2012թ. եզրակացության՝ ելնելով հիվանդի նկարագրված օբյեկտիվ վիճակի տվյալներից՝ բժշկի կողմից ձեռնարկվել են համապատասխան բոլոր միջոցառումները, դրված ախտորոշմանը համապատասխան կատարվել են համապատասխան բուժումներ:
Թոքերի ռենտգեն նկարահանում կատարելու բացարձակ ցուցումներ չեն եղել, և նրա կատարումով ամենայն հավանականությամբ չէր հայտնաբերվի վիրուսային ծագման թոքաբորբի փոփոխություններ, առավել ևս, որ վերջինս զարգացել է ստացիոնարում գտնվելու 3-րդ օրը: «Ինչ վերաբերվում է տարված բուժմանը, ապա ի սկզբանե` հիվանդանոց ընդունվելուց, երեխայի նկատմամբ իրականացվել են ճիշտ բուժումներ` համապատասխան դրված ախտորոշմանը, որոնք ունեցել են հակաբակտերիալ, դեզինտոքսիկացիոն և ախտանիշային բուժման ուղղվածություն»,- նշվում է եզրակացության մեջ:
13.12.2012 թվականին ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնից ստացված եզրակացությամբ փորձագետները հանգել են հետևության, որ բժշկի կողմից ձեռնարկված միջոցառումները և կատարված բուժումները եղել են ճիշտ՝ իրենց ծավալով և բնույթով, դրված ախտորոշմանը՝ համապատասխան: Վերջիններս կրել են հակաբակտերիալ, դեզինտոքսիկացիոն և ախտանիշային բուժման ուղղվածություն:

Մանրամասները՝ pastinfo.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը