Լրահոս

04.06.2014 14:40


Արմինե Ամիրյան. «Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջև կա ֆունդամենտալ տարբերություն»

Արմինե Ամիրյան. «Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջև կա ֆունդամենտալ տարբերություն»

Մարդիկ, ովքեր ամեն քայլափոխի հայտարարում են, թե Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջև ոչ մի էական տարբերություն չկա, ու թե նրանք երկուսն էլ նույն խաղն են խաղում` ժողովրդին մոլորեցնելով, կամ տրամաբանության հետ լուրջ խնդիրներ ունեն, կամ էլ ուղղակի ցանկանում են հասարակությանը մոլորեցնել:
Բացատրեմ: Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանում տարեցտարի գրանցվում էր տնտեսական աճ, մարդկանց կենսամակարդակն ահակին բարձրացել էր, արտագաղթի տեմպերը նվազել էին ու նույնիսկ որոշակի չափով ներգաղթ է գրանցվել, միջազգային ասպարեզում Հայաստանին հարգանքով էին վերաբերվում ու հաշվի էին նստում մեր կարծիքի հետ…
Սակայն Սերժ Սարգսյանի նախագահության այս 6 տարիների ընթացքում ամեն ինչ գլխիվայր շրջվեց: Երկրի տնտեսությունը բառիս բուն իմաստով մահամերձ է, արտաքին պարտքը եռապատկվել է` հասնելով 4,5 միլիարդ դոլարի, միևնույն ժամանակ, աղքատ բնակչույթան թիվը անցնում է 30 տոկոսից, 2008-ից այս կողմ, միայն պաշտոնական տվյալներով, արտագաղթել է երկրի ողջ բնակչության 10 տոկոսը, անխտիր բոլոր ոլորտներում օրեցօր անկում է գրանցվում… Դե, իսկ միջազգային հանրության` մեր հանդեպ ունեցած արհամարհական վերաբերմունքին մենք ևս մեկ անգամ ականատես եղանք օրեր առաջ Աստանայում:
Իսկ Քոչարյանի և Սարգսյանի միջև գոյություն ունեցող ֆունդամենտալ տարբերության ամենավառ ապացույցը Լեռնային Ղարաբաղի հանդեպ նրանց ունեցած լրիվ հակառակ, կարելի է ասել, իրար բացառող պատկերացումներն են: Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով` Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս է կազմում, մինչդեռ Սերժ Սարգսյանի պատկերացումներով՝ Ղարաբաղը Հայաստանի մաս չի կազմում:
Միանշանակ ճիշտ են Մոնթեի այն խոսքերը, որ «եթե մենք կորցնենք Արցախը, ապա կթերթենք Հայոց պատմության վերջին էջը»: Իսկ Սերժ Սարգսյանի` աթոռին մնալու ամեն մի օրն ավելի ու ավելի է մեզ մոտեցնում Արցախի կորստին: Թույլ կտանք մենք նման բան, թե ոչ` կախված է մեզանից ու մեր հետագա գործողություններից:

Արմինե Ամիրյան

Այս խորագրի վերջին նյութերը