Լրահոս

04.06.2014 15:41


1918թ. հունիսի 4-ին ստորագրվեց Բաթումիի պայմանագիրը

1918թ. հունիսի 4-ին ստորագրվեց Բաթումիի պայմանագիրը

1918-ի Հունիս 4-ը խորհրդանշում է հայոց նորագույն պատմության սև թվականներից մեկը՝ Բաթումիի Պայմանագրի ստորագրությունը:
Հայաստանի վերջին բեկորի վրա 1918թ.ի մարտին հարձակված թուրքական բանակի դեմ, Մայիսի 22-ից 30-ը, հայ ժողովրդի հերոսական դիմադրությունը, Մայիսյան փառահեղ հաղթանակը և Հայաստանի անկախության հռչակումը ղեկավարող ուժը հանդիսացավ Թիֆլիսի Հայոց Ազգային Խորհուրդը: Մայիսի սկիզբից, Կովկաս արշավող թուրքական բանակի հետ բանակցելու առաքելությամբ, Բաթում էր ուղարկվել Անդրկովկասյան Սեյմի կառավարական խառն պատվիրակությունը, որին հայկական կողմից մասնակցում էին Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանը և Միքայել Բաբաջանյանը:
Իսկ մայիսի վերջերին, երբ ռազմի դաշտի վրա թուրքական բանակը նահանջում էր և Սեյմի պատվիրակության հայ մասնակիցները արդեն գործում էին իբրև ինքնուրույն Հայաստանի Հանրապետության պատվիրակություն, Թիֆլիսի Հայոց Ազգային Խորհուրդը իր բանագնացներին հանձնարարեց ստորագրել Օսմանյան Կայսրությունը ներկայացնող պատվիրակության հետ «Հաշտության և բարեկամության պայմանագիր»ը, որը պատմությանն անցավ Բաթումիի Դաշնագիր անունով:
Պատմական ծանրակշիռ և բախտորոշ տարողությամբ այդ իրադարձությունների ընդգրկուն խճանկարի մեջ տեղադրվում է Բաթումիի Դաշնագիրը, որն այդ օրը ևեթ այն ստորագրած հայ քաղաքական գործիչների կողմից որակվեց «խայտառակ» ու «նվաստացուցիչ» մի փաստաթուղթ: Ավելի՛ն. պատմության դառն հեգնանքով, Բաթումիի Դաշնագիրը եղավ նորանկախ Հայաստանի Հանրապետության ստորագրած միջազգային առաջին փաստաթուղթը, որը եթե մի կողմից Հայաստանի անկախությունը ճանաչող առաջին երկրի իրավավիճակը տվեց Օսմանյան Կայսրությանը, մյուս կողմից սակայն, ՛իրավականորեն, նսեմացրեց թե՛ անկախ Հայաստանի պետական տարածքը, թե՛ նույնինքն Հայաստանի Հանրապետության անկախությունը:
Բաթումիի Դաշնագրով՝ փաստորեն հազիվ 12 հազար քառակուսի կիլոմետրի մեջ սահմանափակվեց Հայաստանի Հանրապետության տարածքը, թուրքերին զիջելով, Արևմտահայաստանի կողքին, նաև Արևելահայաստանի մեծագույն մասը, որոնք իրողապես թուրքական գրավման տակ էին գտնվում անշուշտ:
Նույնպես սահմանափակումի ենթարկվեց և նսեմացավ, Դաշնագրի մեջ տեղ գտած պայմանադիր հոդվածներով, «հայկական անկախությունը»՝ այն առումով, որ Հայաստանի Հանրապետության ոչ միայն արտաքին քաղաքականության, այլև ներքին գործերին միջամտելու որոշ իրավունք ստացան թուրքերը...
Հայկական պատվիրակության կողմից «Պայմանագիր»ը ստորագրող գլխավոր դեմքերը Ալեքսանդր Խատիսյանը, Հովհաննես Քաջազնունին և Մ. Բաբաջանովն էին, իսկ թուրքական կողմից՝ Խալիլ ու Վեհիբ Փաշաները:
Թեև Բաթումիի Պայմանագիրը իր ստորագրության պահից իսկ իրողապես չհարգվեց և քաղաքական իմաստ ու կյանք չունեցավ, բայց ինչպես այն ժամանակ, նաև ու մանավանդ Հայաստանի անկախության խորտակումից հետո տևաբար չարաշահվեց հայ քաղաքական մտքի այն հոսանքների կողմից, որոնք Հայաստանի անկախությունն ու Հանրապետությունը կերտած սերնդի դեմ իրենց մղած վարկազրկման պայքարի մեջ ուզեցին կարևոր «հաղթաթուղթի» վերածել Պայմանագրի ստորագրումը:
Նաև մեր օրերին հանդես են գալիս Բաթումիի Պայմանագրի չարաշահումով հակաազգային և հակադաշնակցական արշավը վերանորոգելու փորձեր, որոնք սակայն սնանկացած խորհրդային գաղափարական զինանոցից դուրս հիմնավորումներ չեն գտել և իրենց հերթին դատապարտված են... սնանկության: Բայց ինչո՛ւ ստորագրվեց Բաթումիի Պայմանագիրը:
Պատասխանը կարևոր է նախ նորագույն պատմության հանգուցային այդ պահը ըմբռնելու, ապա և հատկապես պատմության դառն ու դաժան դասերը սերտելու համար, որպեսզի այսօր կամ վաղը ազգովին չհայտնվենք միևնույն օրհասական վիճակի մեջ:
Ինչո՛ւ օրվա դաշնակցական ղեկավարությունը ստորագրեց խորքին մեջ պարտության, այլ ոչ թե «հաշտության և բարեկամության» այդ պայմանագիրը: Չէ՞ որ մայիս 22-ից սկսած, հայկական մարտունակությունն ու Դաշնակցությունը հաղթահասակ մարմնավորող Արամ Մանուկյանի ղեկավարությամբ, Արարատյան դաշտի մեջ կծկված հայ ժողովուրդը մեկ մարդու պես ծառացավ թուրքական զորքերի մահացու ներխուժումի դեմ և Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի ու Սարդարապատի ռազմաճակատների վրա պարտության մատնեց և նահանջի մղեց թուրքական զորքերը: Չէ՞ որ Մայիս 28-ին արդեն շրջված էր թավալգլոր անկումի պատմական անիվը. աշխարհից լքված և հայասպան Թուրքիայի արշավող բանակի դեմ առանձին ծառացած՝ Մեծ Եղեռնից վերապրած հայությունը, հունվար 1918-ից սկսած շարունակաբար ընկրկելուց և մինչև մահվան անդունդը նահանջելուց հետո, կարողացավ իր մեջ գտնել հրաշազոր Կամքն ու հերոսական խոյանքը, որպեսզի վերջին կռիվը մղողի օրհասական լարումով դեպի ռազմաճակատ ուղղվի և քաջերի օրենքով վերջակետ դնի դարավոր ոսոխի մահասփյուռ արշավանքին:
Անշուշտ որ հաղթարշավի օրեր էինք ապրում 1918թ.ի մայիսի վերջին օրերին, բայց թուրքական նահանջը չէր նշանակում, որ թշնամին ջախջախված էր: Ընդհակառակն՝ թուրքական զորքը իր գրավման տակ էր պահում Ալեքսանդրապոլը և պետք չէ մոռանալ, որ մայիսի 29ին, Սարդարապատի ռազմաճակատի հրամանատար զոր. Սիլիկյանը կոչ էր կուղղում բոլորին, որ վերջին մի գրոհով թուրքական գրաւվման բանակից ազատագրեն նաև Ալեքսանդրապոլը:
Այդպե՛ս էր, որ ազատագրված Ալեքսանդրապոլով ճշտվեց նորանկախ Հայաստանի Հանրապետության սահմանը Բաթումիի Պայմանագրի կողմից:
Բայց պատմական իրողությունները ավելի ամբողջական խորապատկերով ընկալելու համար, պետք է տեսնել, թե ռազմաճակատների վրա հաղթանակող հայությունը ինչո՛ւ էր պարտավորված ստորագրելու քաղաքական պարտություն խորհրդանշող Բաթումիի Պայմանագիրը։ Եվ ինչպե՞ս եղավ, որ պատերազմը կորցնող Թուրքիան, այդպե՛ս, քաղաքական հաղթանակ ձեռք բերեց...
Չմոռանանք, որ 1917թ.ի դեկտեմբերին բոլշևիկյան Ռուսաստանը տուն էր կանչել իր զորքերին՝ կովկասյան ճակատի վրա մինչ այդ պարտություն կրած թուրքական բանակին ընծայելով Անդրկովկասի վրա նորովի հարձակում ձեռնարկելու ոսկի պատեհությունը: Հակառակ Ռուսաստանի և Թուրքիայի ավագ դաշնակից Գերմանիայի միջև տարվող պատերազմի դադարեցման բանակցություններին, որոնք 1918թ.ի մարտ հանգեցրին Բրեստ-Լիտովսկի Պայմանագրի ստորագրությանը, թուրքական իշխանությունները հարմարագույն պահը գտել էին ի գործ դնելու Բաքու հասնելու և այնտեղից դեպի Կենտրոնական Ասիա բացվելու համաթուրքական տիրապետության իրենց ծրագիրը։ Այդ ճամփի վրա թուրքերը իրենց թիկունքին ունեին Գերմանայի օրհնությունը, որը հիմնված էր Բաքվի նավթահորերին տիրանալու և Արևմտյան ռազմաճակատին իր զորքերին պակասող վառելանյութը ապահովելու ռազմավարական հաշվարկի վրա:
Ահա այդ ճամփի վրա մնացած վերջին պատվարը հայ ժողովուրդն էր, որովհետև Անդրկովկասյան Սեյմի մյուս երկու ժողովուրդները՝ վրացիներն ու թաթարները, իրենց տարբեր հաշիվներով հանդերձ, թուրքական հարձակումին դիմադրելու պատճառ չունեին: Ընդհակառակն՝ թաթարների պարագայում նույնիսկ ազգակից թուրքերի հաղթական առաջխաղացումը դեպի Բաքու ողջունողն էին...
Թեև Սարդարապատի մեջ պարտված ռազմականորեն, այսուհանդերձ՝ Թիֆլիսի մեջ, ուր կենտրոնացած էր Անդրկովկասյան Սեյմի կառավարությունը, թուրքերը Ռուսաստանի ժամանակավոր բացակայությունից օգտվելու և դատարկը լցնելու... պարարտ հող էին գտել: Պատահական զուգադիպություն չէր, հետևաբար, որ հունիսի 4-ին Բաթումիում «հաշտության» Պայմանագիր ստորագրող Հայաստանի ղեկավարությունը հունիսի 7ին ամբողջ թափով և Ռոստոմի ղեկավարությամբ կռվի դաշտ նետվեց Պաքվի մեջ՝ թուրքական արշավանքը ձախողության մատնելու համար։ Բայց Բաքվի հերոսամարտի մասին՝ արժե առանձի՛ն անդրադարձ:
Հայաստանյան ճակատի վրա, մինչ 1918թ.ի հունվար և փետրվար ամիսներին թուրքերը իրե՛նք խաղաղության և հաշտության էին հրավիրում Անդրկովկասյան Սեյմի կառավարությունը, որ շտապելու և դրականորեն ընդառաջելու պատճառ չուներ, մարտին Բրեսթ-Լիտովսկի Պայմանագրի կնքումից հետո ճիշտ հակառակ ընթացքը պարզվեց: Այնուհետև թուրքական կողմը ինքը սկսեց խուսափողական պատասխաններ տալ Սեյմի կողմից իրեն ուղղված բանակցությունների հրավերներին։ Ավելի՛ն. ուղղակի անձնատվության տանող պայմաններ սկսեց դնել, որոնց շարքին Կովկասի տարածքին իր զորքերի ազատ տեղափոխությունն էր պահանջում, բայց նաև ու հատկապես վերջնագրի ձևով պահանջում էր, որ Անդրկովկասը իր անկախությունը հայտարարի Ռուսաստանից:
Եվ ճիշտ այն օրերին, որ Երևանի դռներին հայ ժողովուրդը կենաց-մահու իր կռիվն էր մղում թուրքական զորքերի դեմ՝ ռազմական դիրքերի դասավորումը ի նպաստ իրեն շրջելով, վրացիները և թաթարները ընդառաջեցին թուրքական վերջնագրին ու հռչակեցին իրենց պետական անկախությունը։ Անդրկովկասյան Սեյմը քայքայվեց մեկ-երկու օրից և հայ ժողովուրդը դարձյալ, և այս անգամ քաղաքականորեն, առանձին դեմ հանդիման գտնվեց թուրքական վերջնագրի առջև: Թիֆլիսում կենտրոնացած հայ քաղաքական ղեկավարությունը պարտավորվեց, մայիսի 30-ին հրապարակված Հայոց Ազգային Խորհրդի հայտարարությամբ, իրեն հռչակելու հայկական հողերի գերագույն իշխանությունը: Այդ հանգամանքով էլ ձեռնարկեց Բաթումիում կենտրոնացած թուրքական բանակի ղեկավարության հետ բանակցությունների՝ զինադադարի և խաղաղության հաստատման առաջադրանքով: Բաթումիի բանակցությունների այդ վերջին փուլի սկիզբն իսկ Երևանում ստացավ նաև Հայկական Կորպուսի ընդհանուր հրամանատար զոր. Նազարբեկյանի ուղարկած և ռազմական գործողությունների դադրեցմանը վերաբերող հրահանգը:
Շարունակությունը՝ պատմության դաժան ու դառն խաղերից հայությանը բաժին հանված Բաթումիի նվաստացուցիչ Դաշնագիրն է:
Դաշնագիրը ստորագրվեց հունիսի 4-ին և, հեգնականորեն, նորանկախ Հայաստանի Հանրապետության իրավական ճանաչումը հաստատագրող միջազգային առաջին փաստաթուղթը եղավ:
Բաթումիի Դաշնագրի 14 հոդվածներն էլ վերաբերում են Թուրքիայի կողմից հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը պարտադրված հողային, քաղաքական և ռազմական զիջումներին, որոնց փոխարեն Թուրքիան պաշտոնապես ճանաչեց Հայաստանի անկախությունը և Հայաստանի Հանրապետության իրավականությունը, միաժամանակ պատերազմական գործողություններին վերջ տալու հանձնառության տակ մտնելով:
Բաթումիի Դաշնագրի ստորագրության ժամանակ հայկական զորամասերը հազիվ տասը հազար զինվոր էին հաշվում, որոնց դիմաց թուրքական բանակը շարժման մեջ էր դրել ավելի քան երեսունհինգ հազար զինվոր:
Բայց ժամանակը շատ արագ եկավ փաստելու, որ առանց ռազմական հաղթանակի ձեռք բերված քաղաքական հաջողությունները ընդհանրապես չեն դիմանում կյանքի քննությանը: Այդպիսին եղավ նաև Բաթումիի Դաշնագրի ճակատագիրը: Սարդարապատի մեջ ռազմականորեն պարտված Թուրքիան չէր կարող և չկարողացավ մնայուն բնույթ տալ Բաթումիի Դաշնագրով իր ձեռք բերած քաղաքական հաջողության: Երբ 1918թ.ի հոկտեմբերին Մուդրոսի մեջ Դաշնակիցները խաղաղության դաշնագիր կնքեցին թուրքերի հետ, նորանկախ Հայաստանի Հանրապետությունը արդեն վերածվել էր հիսուն հազար քառակուսի կիլոմետր տարածությամբ հայոց երկրի ու պետականության, որ 1920թ.ի Օգոստոսի Սևրի Դաշնագրի ստորագրությամբ՝ պիտի նվաճեր Վիլսոնյան սահմաններով դեպի ծով ելք ունեցող ինքնաբավ Հանրապետության իրավական հաղթաթուղթը:

Վրաստանի Հայ Համայնք

Այս խորագրի վերջին նյութերը