Լրահոս

04.06.2014 21:34


Լրագրողը դիմում է ներկայացրել ՀՔԾ պետին` խախտում թույլ տված քննիչին պատասխանատվության ենթարկելու համար

Լրագրողը դիմում է  ներկայացրել  ՀՔԾ պետին` խախտում թույլ տված քննիչին պատասխանատվության ենթարկելու համար

«Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանն այսօր դիմում է ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին:
Դիմումում ասված է հետևյալը.

«Հատուկ քննչական ծառայությունում իմ հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով մայիսի 31-ին ՀՔԾ-ում իմ եւ ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանի առերեսման ժամանակ քննիչ Արշալույս Մինասյանը, գրի առնելով իմ հարցին Պողոսյանի բանավոր պատասխանը, դիտավորյալ աղավաղել է այն, արձանագրել է սխալ, ինչի արդյունքում ցուցմունքի իմաստը ամբողջությամբ փոխվել է: Դա պարզվել է այն ժամանակ, երբ իմ պահանջով նա ընթերցել է իր արձանագրումը: Ստիպված վկա Պողոսյանը իր ձեռքով է գրել նույն հարցի պատասխանը եւ պատասխանել է ոչ թե այնպես, ինչպես պատասխանել էր ի սկզբանե, այլ այն նույն կերպ, ինչպես գրի էր առել, ապա ընթերցել էր քննիչ Մինասյանը: Նշվածի վերաբերյալ ես արձանագրություն եմ կազմել: Գտնում եմ, որ քննիչ Մինասյանի գործողությունը տրված ցուցմունքի բացահայտ կեղծում է, նա ուղղորդել է Արտակ Պողոսյանին հետագա պատասխանը տալու հարցում: Խնդրում եմ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` խախտում թույլ տված քննիչին պատասխանատվության ենթարկելու համար»:

Հիշեցնենք, որ քրեական գործը, որով լրագրողին կանչել էին քննչական գործողության, վերաբերում է փետրվարի 12-ի դեպքին, երբ Մաշտոցի պողոտայում ոստիկանության ծառայողները խոչընդոտել էին «ՉԻ» լրագրողի մասնագիտական գործունեությունը, փորձել էին խլել տեսախցիկը, ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ վերցրել ու չէին վերադարձրել տեսախցիկի հիշողության քարտը եւ բռնություն գործադրել լրագրողի նկատմամբ։

Նշենք, որ երեկ` միջադեպից չորս ամիս անց, հարցաքննվել է միջադեպին ներկա եղած մեկ այլ լրագրող` Zham.am կայքի լրագրողը, իսկ վաղը կհարցաքննվեն միջադեպին ներկա եղած ևս մեկ լրագրող և օպերատոր:

Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը