Մեկնաբանություն

05.06.2014 12:11


Եվրասիական միության ջատագովները

Եվրասիական միության ջատագովները

Երբ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի առջև կանգնած մարտահրավերներից խոսում են մարդիկ, որոնց ուղղակի ջանքերով է Հայաստանը հայտնվել Կրեմլի «պադվալում», արդեն ամեն ինչ գլխիվայր շուռ է գալիս։

Իրականությունն այն է, որ ստեղծված իրավիճակի համար, Սերժ Սարգսյանի հետ համատեղ, պատասխանատվություն են կրում նաև մյուս «արևմտամետները»՝ Դավիթ Շահնազարյանը, Արթուր Սաքունցը, Արամ Սարգսյանը, տարատեսակ գրանտատու կազմակերպությունները, «անկախ» մամուլը, ինչպես նաև սրանց ջրերն ընկած «ազնիվ քյարփինջները»։

Ի դեպ, նույն այս կազմն ակտիվորեն քարոզում էր նաև «Ֆուտբոլային» գործընթացը Թուրքիայի հետ։ Արդյունքները հայտնի են։

Եվրաասոցացման փուլում Սերժ Սարգսյանն ու նրան կցված «արևմտամետները» պաթոլոգիկ հակառուսականություն էին քարոզում։ Մեր բոլոր այն զգուշացումները, թե այս ամենը կարող է ավարտվել ՀՀ–ի՝ ռուսական գուբերնիա դառնալու հեռանկարով, անտեսվում էին։

Ու հիմա, երբ «արևմտամետներն» ու նրանց սիրելի Սերժ Սարգսյանն Օբամային քծնելով հայտնվել են Պուտինի համապատասխան վայրում, պետք է իրենք իրենց մեղադրեն ու չփորձեն «հայրենասեր» երևալ՝ կոկորդիլոսի արցունքներ թափելով ՀՀ ինքնիշխանության համար։

Աստանայում Նազարբաևի հասցրած ապտակը ոչ միայն ուղղված էր Սերժին, այլ նաև նրա սազանդարներին՝ թուրք–ադրբեջանական քարոզչամեքենային ձայնակցող տնաբույծ «արևմտամետներին»։

«Խոխման» այն է, որ սերժական քարոզչամեքենան Եվրասիական խայտառակության համար մեղադրում է ... ոչիշխանական քառյակին։

«Բա ինչո՞ւ նրանք իշխանությունների առաջ դրվող պահանջների մեջ չեն ներառում արտաքին քաղաքական խնդիրներին վերաբերող կետեր»,– դեմագոգիայով են զբաղվում «արևմտամետներն» ու «անկախ» լրատվամիջոցները։

Սրանց ուզածն այն է, որ Սերժ Սարգսյանի թեման ներքաղաքական դաշտում փոխակերպվի արտաքին օրակարգով, քանզի դա ձեռնտու է միայն «Վերջի բոլշևիկին»։

Պուտինի կամ Նազարբաևի հրաժարականի պահանջով օրակարգերն ամեն կերպ խրախուսվում և ֆինանսավորվում են Բաղրամյան 26–ի կողմից։

«Թունդ ընդդիմադիրները» Սերժին թողած՝ առաջարկում են Ռուսաստանի դեմ պայքարել. այդպես ավելի անշառ է, ապահով և եկամտաբեր։ Սրանց որ գյուլլես, ներքին՝ իրական խնդիրներով չեն զբաղվի։ Իսկ եթե զբաղվեն, ապա միայն Սերժի ընդդիմախոսներին քննադատելու «մոմենտով», այսինքն՝ «մուտիլովկայով»։

Սերժն ու իր երիտբոլշևիկյան թիմը շատ լավ գիտեն, որ ներքին խնդիրներով քառյակի միասնականությունը և համատեղ գործունեությունը բերում է կոնկրետ արդյունքների (մեր ողջույնները օֆշորային պատմությունից առայժմ պլստացող Տիգրան Սարգսյանին)։ Դա է պատճառը, որ հիմա բոլոր «մաստի» հաճախորդներին քսի են տալիս քառյակի դեմ՝ «Բա ինչո՞ւ այսինչը չեք անում կամ այնինչը չեք անում», «Բա ինչո՞ւ եք մինչև աշուն ժամանակ տալիս իշխանությանը» և նմանատիպ այլ «թունդ ընդդիմադիր» կոդերով։

Փաստորեն, Սերժ Սարգսյանն իր հաճախորդներին պատվիրում է քառյակին վրա հարձակվել ... Սերժ Սարգսյանի հեռացումն օր առաջ չկազմակերպելու համար։ Ահա այսպես էլ առաջանում է գաղջ մթնոլորտը, քանզի հաճախորդը պատվեր է ստանում պատվիրատուից՝ պատվիրատուին հայհոյելու և ձեռքի հետ էլ պատվիրատուի հակառակորդներին քննադատելու համար։

Ինչ մնում է Եվրասիական միության «արևմտամետ» ջատագովներին, ապա դրանք թող հետին թվով «հայրենասիրությամբ» չզբաղվեն։

Տխրահռչակ Զորի Գայկովիչի հայտնի նամակի տակ դրված է ոչ միայն Սերժի, այլ նաև Եվրասիական միությանն այսօր «թունդ» ձևով քննադատողներից շատ–շատերի ստորագրությունը։

Բալայանի նամակը եթե չլիներ, ապա Ալիևի նամակն էլ Նազարբաևը չէր ընթերցի։ Այնպես որ, գրանտով «արևմտամետություն» անելն ու Հայաստանը փաստացի ռուսական գուբերնիա դարձնելն առնվազն անբարոյականություն է։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը