Լրահոս

05.06.2014 16:11


Քննարկում «Ոչ պարենային ապրանքների փոխանակման և վերադարձի խնդրի կարգավորման ուղիները» թեմայով

Քննարկում «Ոչ պարենային ապրանքների փոխանակման և վերադարձի խնդրի կարգավորման ուղիները» թեմայով

Ս.թ. հունիսի 4-ին «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ կողմից հրավիրվել էր աշխատանքային քննարկում «Ոչ պարենային ապրանքների փոխանակման և վերադարձի խնդրի կարգավորման ուղիները» թեմայով:

Քննարկմանը մասնակցում էին ոլորտը վերահսկող պետական լիազոր մարմնի՝ Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության ներկայացուցիչները՝ ի դեմս տեսչության պետ Լ. Խալիկյանի, սպառողների շահերի պաշտպանությամբ զբազվող տարբեր հասարակական կազմակերպություններ, բիզնեսի և բիզնեսի շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բ. Պիպոյանը, շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին, ներկայացրեց ոլորտում առկա խնդիրներն ու իրականացված աշխատանքների արդյունքները: Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ քաղաքացիներին հիմնականում անհանգստացնում են կոշիկի և ջեռուցման համակարգերի հետ կապված պրոբլեմները: Ցավոք, քննարկմանը չէին ներկայացել խնդրահարույց ոլորտների տնտեսվարողները: Քննարկվեցին տարբեր ոլորտներում առկա ապրանքների որակի որոշ խնդիրներ՝ հատկապես մատնանշելով կենցաղային տեխնիկայի երաշխիքային սպասարկման ժամանակահատվածում մի քանի անգամ միջամտություն ցուցաբերելու հարցը՝ խնդրանք-հորդորով դիմելով տնտեսվարողներին, որպեսզի 2-րդ և ավելի անգամներ միջամտություն ցուցաբերելու փոխարեն օրենքով սահմանված կարգով փոխանակեն ոչ պատշաճ որակի ապրանքը:

Անդրադարձ եղավ նաև դեղերի շուկային, և չնայած, որ Կառավարության 2002 թ.-ի N 77 որոշմամբ պատշաճ որակի դեղը վերադարձի և փոխանակման ենթակա չէ, այդուհանդերձ բազմաթիվ են ահազանգերը, երբ դեղատանը որպես համարժեք իրացվող դեղը հետագայում ընդունելի չի լինում բուժող բժշկի կողմից, և քաղաքացին ստիպված է լինում փոխանակել այն: Այս և մի շարք այլ խնդիրների վերհանումից հետո, հարկ առաջացավ վերոնշյալ որոշմամբ հաստատված անվանացանկի վերանայման:

Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության պետ Լ. Խալիկյանը, ներկայացնելով տեսչության կողմից ստացված ավելի քան 1000 ահազանգերի և դրանց շուրջ իրականացված աշխատանքների վիճակագրությունը, խոսեց նաև խնդրի կարգավորման ուղղությամբ սպասվող քայլերի և բազմակողմանի համագործակցության մասին՝ կարևորելով սպառողի շահի պաշտպանության հարցում ավելի լայն զանգվածների ներգրավվածությունը:

Խնդրի կարգավորման գործընթացում բոլորի կողմից խիստ կարևորվեց նաև ԶԼՄ-ների դերն ու նշանակությունը, քանզի հենց ԶԼՄ-ներկայացուցիչներն են հանդիսանում հասարակության լայն շերտերին տեղեկատվությամբ ապահովողներ:

Քննարկման ընթացքում բիզնես ներկայացուցիչների կողմից բարձրացվեցին մի շարք խնդրահարույց հարցեր՝ մասնավորապես բանկային քարտերով կատարված գնման և գնումը հաստատող կտրոնի բացակայության դեպքերում ապրանքի վերադարձի հարցը:

Հանդիպմանը մասնակցում էին նաև սփյուռքահայ գործարարներ, ովքեր հնարավորություն ունեցան ավելի լավ ծանոթանալու գործող օրենսդրությանն ու պատրաստակամ խոստացան տեղեկատվություն տրամադրել նաև իրենց գործընկերներին:

Հանդիպման վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում ևս կազմակերպել նման միջոցառումներ, սակայն արդեն առանձին ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչը հնարավորություն կտա քննարկելու նաև նեղ ոլորտային սպեցիֆիկ խնդիրները և դրանց կարգավորման մեխանիզմները:

Այս խորագրի վերջին նյութերը