Մեկնաբանություն

05.06.2014 23:10


Սահմանադրական ջրբաժան

Սահմանադրական ջրբաժան

Սերժ Սարգսյանը չի էլ թաքցնում, որ ցանկանում է սահմանադրական փոփոխությունների գնալ բացառապես անձնական նպատակներով, այն է՝ իշխանական ղեկը պահել իր ձեռքում և կյանքի կոչել «Մեկ օլիգարխի տնտեսության» իդեա–ֆիքսը։

Ճիշտ է, նա իր մտադրությունները թաքցնելու համար հայտարարեց, որ փոփոխություններից հետո չի հավակնելու նախագահի ու վարչապետի աթոռին, բայց առաջարկվող փոփոխություններն այնպիսին են, որ նախագահի աթոռին կարող է հայտնվել «պոլի փեդի» ֆունկցիա կատարող մեկը, իսկ վարչապետի աթոռին՝ Տիգրան Սարգսյանը կամ նրա նման մեկ այլ օֆշորագետ։

Բանն այն է, որ Սերժն առաջարկում է անցնել խորհրդային (սովետական) կառավարման մոդելի, որի դեպքում պետության ղեկավարի դերը դե ֆակտո վերապահվելու է իշխող կուսակցության ղեկավարին՝ «գենսեկին», իսկ դե յուրե՝ ԱԺ նախագահին։ Այլ կերպ ասած՝ Սերժն ուզում է վերականգնել ստալինա–բրեժնևյան սահմանադրությունը, որով հասարակական ու քաղաքական կյանքում ամրագրվում է մեկ կուսակցության առաջատար դերը, որն իրական կյանքում նշանակում է մեկ մարդու իշխանություն. Սերժն իրեն տեսնում է «գենսեկի» ու ԱԺ նախագահի դերում։

Երբ ՀՀԿ համագումարում Սարգսյանն առաջարկում էր հեռավոր գյուղի բնակչին իր խնդիրները լուծելու համար դիմել ոչ թե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, այլ փնտրել ու գտնել տեղական նշանակության Սերժին՝ ՀՀԿ–ականին, դրանով նա բացահայտում էր իր մտքինը, այն է՝ պետական ինստիտուտները փոխարինել մեկ կուսակցությամբ (հենց այս մոդելը նա նկատի ուներ, երբ առաջ էր քաշում «Հավատանք, որ փոխենք» տխրահռչակ կարգախոսը և երբ Շարմազանովի շուրթերով բարձրաձայնում էր Մելիք–Ադամյան փողոցի առանձնահատուկ դիրքի մասին)։ Կուսակցություն, որը կառավարվում է «գյադեք էս կողմ, գյադեք էն կողմ» տարբերակով։

Այժմ քաղաքական դաշտում, այսպես ասած, սահմանադրական ջրբաժան է առաջացել։ Այն ուժերը կամ անհատները, ովքեր կմտնեն սերժական սահմանադրության բովանդակային քննարկման մեջ, ավելին՝ կաջակցեն այդ սահմանադրական փոփոխություններին՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ մոտիվներով են դա անում, կծառայեն մեկ մարդու տոտալիտար համակարգի կայացմանը և կաշխատեն Հայաստանի շահերի դեմ, քանզի անչափահասներն էլ են համոզվել, որ Հայաստանի ու Սերժի շահերը մշտական հակասության մեջ են։ Այդ մասին իր հոդվածում նշել էր նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։

Ամեն ինչ ավելի քան պարզ է. Սերժն ուզում է Հայաստանում նեոբոլշևիկյան ռեժիմ հաստատել՝ ինքն իր համար հավերժ իշխանություն ապահովելու նպատակով։ Դրա գործիքը սահմանադրական փոփոխություններն են։ Սահմանադրության համապատասխան նորմն է դարձել նրա վերարտադրման խոչընդոտը, և այդ իսկ պատճառով էլ կեղծ օրակարգ է փորձ արվում պարտադրել հանրությանը՝ վերարտադրման խոչընդոտը վերացնելու նպատակով։ Իսկ դա նշանակում է, որ հիմա բոլորը պետք է կողմնորոշվեն։ Ներում–բեկում չի լինելու։ Ջրբաժանի ժամանակ մեջտեղում մնալը ինքնակործանման ամենակարճ ճանապարհն է։

ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, «Ժառանգությունը», ՀԺԿ–ն, ՄԱԿ–ը, ինչպես նաև արտախորհրդարանական մի շարք ուժեր և հասարակական կազմակերպություններ հստակ ներկայացրել են իրենց տեսակետը։ Հերթը մյուսներինն է։ Կիսահղի վիճակը տվյալ դեպքում հօգուտ Սերժ Սարգսյանի է։

Արտաքին քաղաքական, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների օրակարգերը, ինչպես ճիշտ նկատել էր ԲՀԿ–ական Նաիրա Զոհրաբյանը, կեղծ են։

Երկրում կան հրատապ լուծումներ պահանջող խնդիրներ, որոնցից ամենաառաջնայինը իշխանափոխությունն է, որը համադարման է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար (բնականաբար՝ փոփոխությունների գնացող ուժերը պետք է հստակ ծրագիր ներկայացնեն ու թիմ)։ Եվ ուրեմն պետք է երկրորդական խնդիրները տարանջատել առաջնայինից ու առաջ շարժվել իրական օրակարգով։

Ոչիշխանական ուժերի և Հայաստանի ապագայով մտահոգ անհատների ու հասարակական ակտիվ շերտերի խնդիրը պետք է լինի իշխանափոխությունը։ Հարմար առիթներից մեկը հենց Բաղրամյան 26–ի նախաձեռնած սահմանադրական հանրաքվեն է, որը պետք է վերածել Սերժի անվստահության գործընթացի, եթե իհարկե մինչև այդ պատմության գիրկը չուղարկենք «Վերջի բոլշևիկին»։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը