Մեկնաբանություն

06.06.2014 13:27


Կողմ և դեմ. ձեռնպահն անվավեր է

Կողմ և դեմ. ձեռնպահն անվավեր է

Հայաստանում քաղաքականությամբ հետաքրքրվող մեղսունակ մարդ չկա, որ չհասկանա՝ Սերժ Սարգսյանը Սահմանադրությունն ուզում է փոխել բացառապես անձնական շահերից ելնելով։

Առնվազն միամտություն է կարծելը, թե նա «օր ծերության» ուզում է մարդու իրավունքներն ավելի լավ պաշտպանող, իշխանության ճյուղերի միջև հավասարակշռությունն ապահովող, զսպումների ու հակակշիռների մեխանիզմը բարելավող, ցանցային ու հորիզոնական կառավարում նախատեսող «գյոզալական» Սահմանադրություն կտակել հայ ժողովրդին ու նոր միայն գնալ Մելիք–Ադամյան փողոց։ Մոտավորապես՝ «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» տարբերակով։

Փորձը ցույց է տվել, որ Սերժ Սարգսյանը չի անում այն, ինչ ասում է, ավելի ճիշտ՝ անում է ասածի հակառակը։ Նա ասաց, որ տնտեսական ճգնաժամը կշրջանցի Հայաստանը, բայց իրականում Հայաստանը տնտեսական անկման համաշխարհային ռեկորդ սահմանեց (դոլարային հաշվարկով ՀՆԱ անկումը 2009–ին կազմեց շուրջ 40%)։

Նա ասաց, որ ամեն մի ընտանիք ստանալու է բնակարան ու ավտոմքենա ունենալու հնարավորություն, բայց իրականում շատ ու շատ ընտանիքներ վաճառեցին իրենց բնակարաններն ու ավտոմեքենաները և արտագաղթեցին՝ հայտնվելով Տիգրան Սարգսյանի «Հայկական աշխարհում»։

Սարգսյանը խոսում էր «Արմենիկումի» հրաշագործ ազդեցության և դեղ ծախելով Հայաստանն ապրեցնելու մասին, բայց պարզվեց, որ դա Հայաստանը տարատեսակ միջազգային կենտրոնների վերածելու «նյուվասյուկիստական» նախագծերի «ժուռնալն» էր (չմոռանանք նաև Սարգսյանի խոստացած նանոտեխնոլոգիաների մասին)։

«Վերջի բոլշևիկը» խոստանում էր, որ գազի գինը չի թանկանա, բայց իրականում թանկացավ, ու դեռ մի բան էլ պարզվեց, որ մենք տարիներ շարունակ «Գազպրոմի» հետ վասալային պայմանագիր կնքելու շուրջ ենք բանակցել, այն էլ՝ գաղտնի ռեժիմով։

Սարգսյանը խոստացել էր ամենալավ ընտրությունները, բայց ստացանք աննախադեպ ընտրակեղծիքներ։ Տոկոսները «խփվեցին» ամենաայլանդակ տարբերակով։

Նա Տիգրան Սարգսյանի հետ միասին խոստացել էր աղքատության զգալի կրճատում, բայց ունեցանք էական ավելացում։

Եվ վերջապես, Սարգսյանը չէր խոստացել, որ Հայաստանն «արևմտամետ» քաղաքականության արդյունքում հայտնվելու է Պուտինի տան «չուլանում», բայց մեր արտաքին քաղաքականությունն այդ ուղղությամբ է վարվում։

Հիմա, երբ Սարգսյանը խոսում է հորիզոնական կառավարումից և պետական կառավարման համակարգի ժողովրդավարացումից, նշանակում է ճիշտ հակառակը՝ միանձնյա իշխանություն և մոնոլիտ բուրգ։

Ի դեպ, Սերժն ու իր նեղ շրջապատը չեն էլ թաքցնում, որ այս ամենը հենց նեոբոլշևիկյան համակարգ ստեղծելու համար է արվում (եթե գեներալ Մանվելը «Վերջի բոլշևիկ» է ասում Սերժին, ուրեմն մի բան գիտի, քանզի «ներսի» մարդ է)։

Այնպես որ, խոսել սահմանադրական բարեփոխումներից պարզապես ծիծաղելի է։

Ամեն ինչ շատ հստակ է՝ կա՛մ կողմ ես Սերժ Սարգսյանի վերարտադրությանը, Հայաստանում բոլշևիկյան մոդելի կառավարման համակարգի վերականգնմանը, բրեժնևիզմի վերադարձին և Հայաստանի պարտությանը, կա՛մ դեմ ես այդ ամենին։ Ձեռնպահ այս դեպքում չի լինում։ Այն մեկնաբանվում է Սերժի օգտին։

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանն իր ամբողջական գնահատականը տվեց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։

Մինչև այդ իրենց տեսակետներն էին հայտնել նաև Գագիկ Ծառուկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Գուրգեն Արսենյանը, ինչպես նաև ԲՀԿ–ն, «Ժառանգությունը», ՀԺԿ–ն, ՄԱԿ–ը և արտախորհրդարանական քաղաքական մի շարք ուժերի ներկայացուցիչներ։ Նրանք գտնում են, որ երկրում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծումներ են պահանջում, իսկ սահմանադրական փոփոխությունների օրակարգն արհեստական է։

Քաղաքական դաշտն, ըստ այդմ, հիմա բաժանվում է երկու մասի՝ կողմ և դեմ։

Ձեռնպահն անվավեր է։

Մեր զենքը Սահմանադրությունն է։ Այն անանցանելի պատի պես կանգնել է «Վերջի բոլշևիկի» վերարտադրման ճանապարհին։ Պետք է, հետևաբար, պաշտպանել Սահմանադրությունը՝ հասնելով արտահերթ նախագահական ընտրությունների։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը