Լրահոս

31.08.2009 16:16


Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարին

Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարին

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը օգոստոսի 31-ին խորհրդարանում հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերին:

Զրուցակիցներն անդրադարձան Եվրամիություն-Հայաստան համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը առնչվող հարցերի։ Խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարն առանձնացրեց հատկապես խորհրդարանի ու մասնավորապես եվրաինտեգրման հանձնաժողովի հետ շփումներն ակտիվացնելու կարևորությունը' փաստելով, որ խորհրդարանական դիվանագիտությունն իր ճկունությամբ կարող է նպաստել բազում խնդիրների լուծմանը: Տկն. Զոհրաբյանը ԵՄ-ի դերակատարությունը կարևոր համարեց տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու հարցում, որպես լավ նախադրյալ նշելով «Եվրոպական հարևանության քաղաքականությունը», ինչպես նաև՝ «Արևելյան գործընկերություն» նոր ծրագրի մեկնարկը: Խոսելով հանձնաժողովի հետագա աշխատանքների մասին' տկն. Զոհրաբյանը կարևորեց  հայկական օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցման գործընթացի   շարունակականությունը' նշելով, որ եվրոպական չափանիշներին համապատասխանության փորձաքննության համար խորհրդարանն ունի  լրացուցիչ փորձագիտական օժանդակության անհրաժեշտություն։ Բացը լրացնելու համար հանձնաժողովի նախագահն ակնկալում է ԵՄ-ի աջակցությունը. զրույցի ընթացքում նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց փորձի փոխանական և դասընթացների ծրագրերի վերաբերյալ: Այս և խորհրդարանի հետ համագործակցության այլ ծրագրերի  հանձնաժողովի նախագահն առիթ կունենա անդրադառնալ առավել հանգամանալից, երբ խորհրդարանում կլինի ԵՄ-ի խորհրդատուն:

Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարը փոխանցեց ԵՄ-ի հետաքրքրությունը ոչ միայն  գործադիր իշխանության հետ  համատեղ ծրագրեր իրականացնելու, այլ նաև խորհրդարանի և, ընդհանրապես, հասարակության տարբեր շերտերի հետ  սերտ հարաբերություններ ունենալու հարցում: Նա եվրոպական  ինտեգրման հարցերի հանձնաժողովին աջակցելու պատրաստակամություն հայտնեց և նկատեց, որ այն մեծ դեր ունի  եվրոպական արժեքների տարածման գործում:

Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը, Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ, հանդիսանում է կարևոր օղակ՝ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններց մեկի՝ եվրաինտեգրման   ճանապարհին: Եվրոպական արժեքները, հանձնաժողովի նախագահի համոզմամբ, օտար չեն Հայաստանում. դրանք  համահունչ են հայ ժողովրդի դավանած քրիստոնեական արժեքներին:

Այս խորագրի վերջին նյութերը