Մեկնաբանություն

07.06.2014 11:14


Սարգսյանի «նախաձեռնողականությունն» արդյունքներ է տալիս. հասնել և անցնել Ամերիկային

Սարգսյանի «նախաձեռնողականությունն» արդյունքներ է տալիս. հասնել և անցնել Ամերիկային

Ողջ օրը իշխանական հեռուստաընկերություններն իրենց լրատվական ծրագերում առնվազն մի քսան ագամ հաղորդեցին, որ Ջոն Քերին քնել է:

Այնքան մանրամասն ու ոգեւորված էին ցույց տալիս ննջած Քերիին պատկերող տեսանյութը ու ոգեւորությամբ ներկայացնում, թե դա ինչպես է եղել, կարծես առաջին անգամ էին նման բան տեսնում:

Լավ, հասկացանք՝ Օբամայի ասուլիսի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը չի դիմացել ու քնել է: Այսինքն՝ աչքը կպցրել է ու մի քիչ ննջել է իր տանը՝ ԱՄՆ-ում:

Իսկ ամերիկյան լրատվամիջոցներն էլ դա բացատրել են նրա գերհոգնածությամբ, որն իր պարտականությունները կատարելու ընթացքում գրեթե միշտ ինքնաթիռում է լինում:

Բայց չէ, հայկական ալիքները մեծ բավականությամբ իրենց եթերներում «ֆռռացնում» ու «ֆռռացում» են այս տեսանյութը:

Սրանց խանդավառությունը մի բացատրություն ունի՝ ա՛յ, տեսեք, որ մենակ Սերժ Սարգսյանը չի քնում կարեւոր հավաքների ժամանակ, ըհը՛՝ Քերին էլ է քնել:

Է՛հ, հա, բա անցյալ տարվա հոկտեմբերին ինչո՞ւ չէիք ցուցադրում Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ պետությունների ղեկավաների խորհրդի նիստի ժամանակ ֆիքսված կադրերը, որում երեւում է, որ Սերժ Սարգսյանը Քերիից ավելի խորն է քնած: Այն ժամանակ այդ տեսանյութն ակտիվորեն տարածվեց համացանցում եւ կայքերում:

Ի տարբերություն ԱՄՆ պետքարտուղարի, որ «դիք նստած» է ննջել, Սերժ Սարգսյանը գլուխը կախել ու քնել էր:

Ի տարբերություն ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակի, որը ոչ մի բառով չի փորձել արդարացնել իր ղեկավարի «պահվածը» ու այդ կապակցությամբ ոչ մի հայտարարություն չի տարածել (դե, «դիք նստած» էր, ո՞նց ասեին՝ ընթերցում է), Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը նույն պահին «Թվիթերի» իր էջում գրեց. «Շրջանառվող կադրում նախագահն ընթերցում է, մնացածն օպերատորական ոչ պրոֆեսիոնալ դիտանկյունի խնդիր է»:

ՀՀԿ մամլո խոսնակ Շարմազանովն էլ այլ մեկնաբանություն ներկայացրեց։ Նա ասաց, որ Սարգսյանն ուշադիր լսում էր։

Փաստորեն, պետքարտուղարության երեւակայությունը այնքան խամրած է, որի մտքով չի անցել տեղի ունեցածը բարդել ոչ պրոֆեսիոնալ օպերատորի վրա կամ ասել, որ Քերին հատկապես ուշադիր է լսում փակ աչքերով:

Սակայն ոչ միայն մերոնց երեւակայությունն է ավելի վառ, քան ԱՄՆ պետքարտուղարությանը, այլեւ մենք քնելու հարցում «տվել անցել» ենք Ամերիկային: Դե, որովհետեւ, եթե Ջոն Քերին մի անգամ է քնել, ապա Սերժ Սարգսյանը երկու անգամ է հրապարակավ ննջել (առայժմ):

Վերջին անգամ նա քնեց Ակադեմիայի տարեկան ժողովի ժամանակ, երբ քննարկվում էր Սեւանի հիմնախնդիրը:

Չգիտենք՝ Քերին կամ մեկ այլ օտարերկրացի բարձրաստիճան պաշտոնյա կկարողանա՞ գերազանցել Սերժ Սարգսյանի քնելու ցուցանիշը:

Դժվար թե, քանզի Սարգսյանի պարտականությունների ծավալը շատ ավելի մեծ է, եւ նա ավելի «գերհոգնած» է, քան գերտերությունների ղեկավարներն ու պետքարտուղարները: Այնքան գերհոգնած է, որ Նազարբաևի ասածներին Աստանայում արձագանքելու համար հասավ Ծաղկաձոր, մի քիչ կազդուրվեց, մի փոքր ուժ առավ երիտհանրապետականների հետ հանդիպումից և նոր միայն համաձայնեց Ալիևի նամակում հնչեցրած պահանջների հետ։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը