Մեկնաբանություն

07.06.2014 17:43


«Операция ы» կամ «հաջողության ջենթլմենների» ճակատագիրը

«Операция ы» կամ «հաջողության ջենթլմենների» ճակատագիրը

Սերժ Սարգսյանին սատարող քարոզչամեքենան հերթական «թույն» պլանն է մշակել։ Այսպես ասած՝ «Операция ы»–ն։ Ավելի ճիշտ՝ դա նախկին «թույն» պլանների «նորացված» տարբերակն է։

Աշխատանքի բաժանում է կատարվել «հաջողության ջենթլմենների» միջև։ Արտաքին քաղաքական «մուտիտների» մեջ «խորացել» է «թունդ հայրենասիրական» լրատվամիջոցի վերածված և համաշխարհային հակահայկական դավադրությունների մասին տեղեկացված «Lragir.am»–ը, իսկ ներքին «մուտիտների» մեջ՝ «1in.am»–ը։

Մնացած «.am»–ներն ու թերթերը հատուկ մասնագիտացում չունեն։ Սրանք ապահովում են ընդհանուր ֆոնն ու նպաստում Բաղրամյան 26–ի համար փրկօղակի ֆունկցիա կատարող գաղջ մթնոլորտի ձևավորմանը։

Ըստ «Операция ы»–ի՝ արտաքին քաղաքական ոլորտում «Վերջի բոլշևիկի» տապալումների համար մեղավորը և պատասխանատուն ... ոչիշխանական քառյակն է, և հատկապես՝ ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը։ Մի խոսքով, լրատվական ու փորձագիտական դաշտի գեղամյանների համար մեղավոր են բոլորը, բացի Սերժ Սարգսյանից։ Վերջինիս վերապահված է զոհի կարգավիճակը, զոհ, ում սիրտն Արևմուտք էր ուզում, բայց Պուտինը ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի օգնությամբ մտցրեց Կրեմլի «պադվալ» ու մի լավ քոթակեց։ Իսկ թե ինչու մտցրեց «պադվալ», ինչպես այդ հարցում Պուտինին օգնեցին ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը, ինչ էին այդ պահին անում «արևմտամետները», բնականաբար՝ չի քննարկվում։

Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ Հայաստանում «արևմտամետ» ներկայացող 5–րդ շարասյան համար ամենաեկամտաբեր զբաղմունքի է վերածվել Պուտինի հրաժարականը պահանջելը և «հայրենասիրության» քողի տակ Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» քայլերը պաշտպանելը։ Ոչինչ որ այդ քայլերի արդյունքում «արևմտամետ» Սերժը Հայաստանը վերածում է ռուսական գուբերնիայից էլ ցածր կարգավիճակ ունեցող տարածքի։ Կարևորն այն է, որ «անկախ» լրատվամիջոցների համար Սերժը շարունակում է մնալ «թունդ արևմտամետ» և Պուտինից տուժած մարդ, ում պետք է փրկել ոչիշխանական ուժերի ձեռքերից։

Ինչ մնում է ներքին կյանքին, ապա շարունակում է մոդայիկ մնալ «հակաօլիգարխիկ» պայքարի թեման։ Ընդ որում՝ որքան շատ է Սերժն ու նրա նեղ բարեկամական շրջապատը մոնոպոլիզացնում բիզնեսի այս կամ այն ոլորտը, այնքան նրանց մամուլն ավելի «հակաօլիգարխիկ» է դառնում ու ավելի հիստերիկ։

Ըստ «1in.am»–ի, օրինակ, պարզվում է, որ Սերժ Սարգսյանը կրակն է ընկել օլիգարխիայի ձեռքը և ստիպված է այդ շերտի վրա հենվում։ Իսկ ահա եթե հանրությունը մտնի Սերժի տակ ու դառնա նրա հենարանը, ապա «Վերջի բոլշևիկը» կհրաժարվի չար օլիգարխիայից ու կդառնա «պուպուշ» ղեկավար։ Թարգմանաբար դա նշանակում է հետևյալը. «Եկեք օգնենք Սերժին, որպեսզի նա կուլակաթափ անի ամբողջ բիզնես աշխարհին ու դառնա հայկական թուրքմենբաշի, իսկ հետո ձեզ բոլորիդ «կքցենք», բայց դա արդեն ձեր խնդիրն է»։

Թե քանի ոչխարի կարող են Սերժին կցված երիտբոլշևիկները «հակաօլիգարխիկ» պայքարի հեքիաթներով ներգրավել գերօլիգարխիկ համակարգ կառուցելու ծրագրի մեջ ու քանի չորքոտանու կհամոզեն «Բարի Սերժի և չար «բոյարների»» պատմության ճշմարտացիության մեջ, թող պարզի Ահարոն Ադիբեկյանն իր «սոցհարցումներով» կամ կոոպերատիվ «Գելափն» իր «գերժամանակակից» մեթոդաբանությամբ։ Բայց դե, կարելի է կարճ ժամանակահատվածում ստի ու կեղծիքի գործիքի միջոցով խաբել բոլորին, կարելի է նույն գործիքով երկարաժամկետում խաբել մարդկանց մի մասին, բայց երկարաժամկետում բոլորին խաբել հնարավոր չէ։

Իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանը դրսում բոլորին «այո» է ասում և պատրաստ է ստորագրել ցանկացած փաստաթուղթ, որը դեմ կտան ու պատրաստ է համաձայնել ցանկացած պահանջի, որը գրված կլինի Ալիևի նամակում։

Ճիշտ հակառակ պատկերն է Հայաստանի ներսում։ Այստեղ նա «ոչ» է ասում հանրությանը։

Ամփոփենք

Թիվ մեկ օլիգարխ և միակը դառնալու ձգտում ունեցող Սերժ Սարգսյանի խնդիրը եղել և մնում է օլիգարխ կոչվածներից «լեվի» ու «պռավի» փող հավաքելն ու ի վերջո բոլորի սեփականությունն իր ձեռքում կենտրոնացնելը՝ Հայաստանում գերօլիգարխիկ (միահեծան) իշխանական համակարգ ձևավորելու նպատակով։

Սահմանադրական փոփոխություններն էլ նույն այդ նպատակին հասնելու համար են արվում։ Մնացածը դատարկ խոսակցություններ են։ Ու որքան էլ «հաջողության ջենթլմենները» կերակրվեն օլիգարխիկ համակարգից ու «հակաօլիգարխիկ» պայքարի առաջամարտիկ ներկայանան, միևնույն է հետևից երևացող ականջները թաքցնել չի հաջողվի, քանզի եթե Սերժին քննադատելուց զատ հիմնական թիրախ է դառնում ոչիշխանական քառյակը, իսկ «օլիգարխ» հասկացության տակ ներկայացվում են, ասենք, Սամվել Ալեքսանյանը և նրա նմանները, այլ ոչ թե Սերժ Սարգսյանն ու նրա ընտանիքի անդամները (ահելով սկսած ու ջահելով վերջացրած), ապա դա գեղամյանական «դհոլությունից» շատ ավելի վատ երևույթ է։

Սերժին կցված և նրա համար մահապարտի վերածված լրատվամիջոցների մշակները, հետևաբար, ոչ պակաս պատասխանատվություն են կրում ստեղծված իրավիճակի համար և իշխանափոխությունից հետո, անշու՛շտ, պատասխան են տալու «պո պոլնոյ պռագռամմե»։ Անմեղսունակության թուղթը չի փրկի։ Հետո ի՞նչ, որ թղթերով սրանց մոտ ամեն ինչ «կարգին» է։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Շատերն են հետաքրքրվում, թե ինչու Սերժն Աստանայում այդպես ձախողվեց և ինչու հայկական դիպլոմատիան չէր կարողացել նախապես կանխել այդ ամենը։ Պատասխանը շատ պարզ է. Սերժ Սարգսյանը պետական գործերով զբաղվելու ժամանակ չունի և օբյեկտիվորեն չի տիրապետում Հայաստանի ու Ղարաբաղի շահերին առնչվող հարցերին։ Նա ժամանակ չունի, քանզի մխրճված է բիզնես դաշտի մեջ և հատիկ–հատիկ զբաղվում է փողերի հոսքերի կարգավորմամբ։

Ի դեպ, նախագահական ապարատից ահագին ժամանակ շշուկներ են տարածվում այն մասին, որ ստվերի դեմ պայքարից խոսող Սերժի նստավայրի (Բաղրամյան 26) հետնամուտքից տարատեսակ բիզնեսմեններ ու չինովնիկներ են ելք ու մուտք անում՝ կանխիկ փողերը ձեռքներին։

Նախագահական նստավայրից տարածվող այդ շշուկներն այնքան բարձր դեցիբելներ են գրանցում, որ արդեն գործ ունենք աղմուկի հետ։

Բակերում ու դպրոցներում, սրճարաններում և աշխատավայրերում բոլորն են սկսել խոսել այն մասին, որ Սերժն անձամբ է համակարգում բիզնես դաշտը, «քվոտաները» և «չոռնի նալի» շրջանառությունը (մենք անկեղծորեն հաջողություն ենք մաղթում Հովիկ Աբրահամյանին՝ ստվերի դեմ պայքարի և բիզնեսի համար հավասար դաշտ ստեղծելու հայրենանվեր գործում)։

Այդ պայմաններում բնական է, որ Նազարբաևի հարձակումն անպատասխան պետք է մնար, քանզի Սերժի պատկերացումներում Ղարաբաղը Հայաստանի հետ չէ։ Դե իհարկե Հայաստանի հետ չէ, քանզի այնտեղի փողոցները կարմիր ներկով ներկելուց հետո փող չեն հավաքում։ Ա՛յ, երբ որ կհավաքեն, Ղարաբաղը Սերժի պատկերացումներում անմիջապես կմիանա Հայաստանին՝ 70/30 տոկոսային հարաբերակցությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը