Լրահոս

31.08.2009 16:34


Հանդուրժողականության սկզբունքը մրցակցության կարգավորման բնագավառում

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր պաշտոնական վեբ-կայքի միջոցով հանրության շրջանում անցկացնում է հարցում՝ մրցակցության կարգավորման միջոցների վերաբերյալ:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պատրաստում է մրցակցային օրենսդրության բարեփոխումներ, որում եվրոպական փորձագետներն առաջարկում են ընդգրկել «հանդուրժողականության սկզբունքի»  (leniency programme) կիրառումը: Այն պատասխանատվությունը մեղմացնող ներման (կամ համաներման) համակարգ է, որը կարող է կիրառվել հակամրցակցային համաձայնությունների մեջ մտած այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք հակամրցակցային համաձայնության կայացման փաստի մասին կամավոր կտեղեկացնեն պաշտոնական մարմնին (տվյալ դեպքում՝ Հանձնաժողովին) և կտրամադրեն համաձայնության կայացման վերաբերյալ փաստեր: Փորձագետները միաժամանակ առաջարկում են բարձրացնել հակամրցակցային համաձայնությունների համար սահմանված տուգանքի չափը. ներկայումս գործող՝ խախտումը թույլ տված ընկերության նախորդ տարվա հասույթի 2 տոկոսի փոխարեն մինչև 10 տոկոս, ինչպես եվրոպական զարգացած երկրներում է: Փորձագետների կարծիքով, հանդուրժողականության սկզբունքի կիրառումը կմեծացնի հակամրցակցային համաձայնությունների բացահայտման հնարավորությունները, տնտեսվարողներին զերծ կպահի խախտումների դիմելու գայթակղությունից: Վիճակագրությունը ցույց է տվել, որ բոլոր այն երկրներում, որտեղ այս սկզբունքը կիրառվում է, հակամրցակցային համաձայնությունների 80 տոկոսից ավելին բացահայտվել է այս եղանակով: Այս գաղափարի կիրառման վերաբերյալ Հանձնաժողովը նպատակ ունի պարզել հանրության և մասնագիտացված շրջանակների չմիջնորդավորված տեսակետները:

Հարցման արդյունքների պատկերն առավել օբյեկտիվ կլինի, եթե հնարավորինս շատ մարդ մանսակցի ու հայտնի իր տեսակետը: Ուստի խնդրում ենք ակտիվորեն մասնակցել հարցմանը, այցելել www.competition.am (http://competition.am/index.php?menu=287&lng=1) վեբ-կայք և պատասխանել հետևյալ հարցերին.

  1. Ձեր կարծիքով հակամրցակցային համաձայնությունների դեպքում պե՞տք է կիրառել հանդուրժողականության սկզբունքը, թե՞ ոչ:
  2. Ձեր կարծիքով որքա՞ն արդյունավետորեն այն կգործի Հայաստանում:
  3. Ձեր կարծիքով տուգանքի չափն անհրաժե՞շտ է բարձրացնել, եթե այո՝ որքա՞ն:

Հարցումն սկսվում է այսօր, կտևի 15 օր՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ:

Այնուհետև կամփոփվեն արդյունքները, կհրապարակվեն և անհրաժեշտության դեպքում կտրվեն մեկնաբանություններ ու պարզաբանումներ:

Այս խորագրի վերջին նյութերը