Մեկնաբանություն

10.06.2014 11:15


«Ավելի լավ Գորիս»

«Ավելի լավ Գորիս»

Ըստ նախնական տվյալների՝ Գորիսի քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀՀԿ–ական թեկնածուն, որին սատարում էին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը։ Կարող եք չկասկածել՝ նախնական տվյալները շուտով կդառնան վերջնական, և ԿԸՀ–ն կարձանագրի Գորիսի առումը։

Ավելի քան 500 անվավեր քվեաթերթիկների առկայությունը հուշում է, որ իշխանությունները «նա վսյակի» պակասեցրել են մյուս թեկնածուի ձայները, որպեսզի ինչքան ուզենան, այնքան տոկոս «խփեն»։

Բնականաբար, եղել են նաև այլ՝ «դասական» ընտրախախտումներ։ Ընդ որում, ամենակոպիտ ընտրախախտումը տեղի է ունեցել մինչև քվեարկությունը. իշխանությունները խարդավանքների ու ճնշումների միջոցով վերացրել էին մրցակցային ընտրությունների հնարավորությունը՝ խաղից դուրս թողնելով Սյունիքի գործող մարզպետ Վահե Հակոբյանի աջակցությունը վայելող թեկնածուին, ում աջակցում էր նաև Սուրիկի տան բակում սպանված Բուդաղյանի եղբայրը։

Կիրակի օրը տեղի ունեցած «ընտրությունը» ցույց տվեց, որ Գորիսը կշարունակի մնալ նախկին մարզպետի, իսկ մեծ հաշվով՝ Սերժ Սարգսյանի տիրապետության տակ՝ «Ավելի լավ Գորիս» ծրագրի շրջանակներում։

Գորիսի ընտրությունները «Վերջի բոլշևիկի» «մեսիջն» էին իշխանական բուրգին ու հայ ժողովրդին։ Բուրգին նա փոխանցում է, որ խրախուսվում է լիսկայությունը, իսկ հայ ժողովրդին ցույց է տալիս, թե ինչպիսի Հայաստան է պատկերացնում սահմանադրական փոփոխությունների արդյունքում։

Թե ով ինչպես կընկալի Սերժի այդ «մեսիջները», կերևա առաջիկայում։ Մեկ բան պարզ է՝ եթե Սերժ Սարգսյանը դեռ մնում է երկրի ղեկին, ապա դա արդեն հայ ժողովրդի ու իր քաղաքական վերնախավի խայտառակությունն է։

Եվ ուրեմն, այդ խայտառակությունից մաքրվելու և երկիրը տանուլ չտալու համար պետք է պատմության գիրկն ուղարկել Սերժին և փոխել ՀՀ–ի ներքին ու արտաքին քաղաքականությունը, այլապես մեր երկիրը կհայտնվի պատմության գրկում, այս անգամ՝ ընդմիշտ։ Մի՞թե արժե ունենալ նման ճակատագիր։ Իհա՛րկե ոչ։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը