Լրահոս

11.06.2014 08:23


Ջուրը կորչում է Փարաքարում

Ջուրը կորչում է Փարաքարում

Հունիսի 8-ին, Փարաքարի գյուղապետարանի կողմից ստացվել է ահազանգ այն մասին, որ վերջինիս կողմից սպասարկվող օրվա կարգավորիչ ջրամբար /ՕԿՋ/ ջուր չի լցվում: Դրա պատճառով էլ ընդհատվել է գյուղի՝ տվյալ ՕԿՋ-ից սնուցվող փողոցների ջրամատակարարումը:

Ահազանգի հետքերով ՙԵրևան Ջուր՚ ՓԲԸ ՙԱրևմուտք՚ շահագործման տնօրինության ՙՇահումյան՚ տեղամասի և ընկերության Տեխնիկական տնօրինության մասնագետների կողմից հոսակորուստներ հայտնաբերող սարքերի օգնությամբ անմիջապես ձեռնարկվել են միջոցներ՝ առաջացած խնդրի պատճառը պարզելու նպատակով: Ստուգվում է ողջ տարածքը՝ փողոց առ փողոց, թաղամաս առ թաղամաս: Ինչպես տեղեկացրեց տեղամասի գլխավոր ճարտարագետ Արսեն Սիմոնյանը, ստուգումը ցույց է տվել, որ այն ջրագծով, որով ՙԱրզական – Երևան՚ մայրուղային ջրատարից ջուր են ստանում Փարաքար և Թաիրով գյուղերը, ջուրը շարունակում է մատակարարվել բավարար քանակությամբ՝ մոտ 50 լ/վ ծավալով: Նշված գյուղերի ներքին ցանցերի հետ ջրագծի միացման վայրում նախկինի պես արձանագրվել է 9 մթն. ճնշում: Սակայն արդեն Փարաքարի բաշխիչ ցանցում, ճնշման կտրուկ անկման պատճառով ջուրը չի կարողանում լցվել մոտ 60 մետր բարձրության վրա գտնվող ՕԿՋ: Արդյունքում, դադարել է գյուղի ջրամբարի ՙտակ գտնվող՚ փողոցների ջրամատակարարումը: Գյուղի մյուս հատվածներում, ինչպես նաև Թաիրովում պահպանվում է ջրամատակարարման գործող ժամանակացույցը:

Փարաքարի մի շարք հատվածներում արդեն իսկ հայտնաբերվել են վթարված խողովակներ, որոնցից ջուրն արտահոսում է բարձր ճնշմամբ: Տարվում են աշխատանքներ դրանք խցափակելու նպատակով: Սակայն ըստ մասնագետների՝ խմելու ջրի անբավարարության հիմնական պատճառը ամենայն հավանականությամբ այն մեծ ծավալներով ոռոգման նպատակով օգտագործելն է. ոռոգման ջրանցքներում ջուր չկա, մինչդեռ շուրջբոլորը կանաչ է, ծառ ու ծաղիկ: ՙԵրևան Ջուր՚ ընկերությունը հորդորում է տեղաբնակներին ձեռնպահ մնալ այդ լայն տարածում գտած սովորույթից, որից տուժում են իրենց իսկ հարևանները, հարազատ-բարեկամները:

Աշխատանքները Փարաքարում շարունակվում են:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը