Լրահոս

25.01.2011 16:19


Բնապահպանության նախարարությունը ներկայացրել է 2011թ. գերակա խնդիրները

Բնապահպանության նախարարությունը ներկայացրել է 2011թ. գերակա խնդիրները

Հունվարի 25-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանդիպել է լրագրողների հետ և ներկայացրել նախարարության կողմից 2011թ. իրականացվելիք աշխատանքների հիմնական ուղղություններն ու գերակա խնդիրները։

Մասնավորապես, իրականացվելու է Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրման ծրագիրը, որի շրջանակներում լիճ  բաց կթողնվի 5 գրամից խոշոր 166,7 հազ. հատ գեղարքունիի և 3 գրամից խոշոր 200 հազ.  հատ ամառային իշխանի մանրաձուկ՝ 60 մլն դրամ բյուջետային հատկացումների հաշվին։ Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով կիրականացվեն 125,4 մլն դրամի մաքրման աշխատաքներ։

2011թ. ներդրումների ընդհանուր ծավալը Ազգային պարկի և ենթակառուցվածքների ուղղությամբ կազմելու է 662,7 մլն դրամ։ Ազգային պարկի գծով ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 149,5 մլն դրամ։ ՀՀ կառավարության քննարկմանն ու հաստատմանն է ներկայացվելու «Արփի լիճ» ազգային պարկի կառավարման ծրագիրը։

Պահպանման գոտու համայնքների զարգացման գծով ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 513,2 մլն դրամ։

2011թ. ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարի անմիջական հսկողության տակ են գտնվելու համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող մի շարք բնապահպանական ծրագրեր, մասնավորապես Հարավային Հայաստանում կենսոլորտային տարածքի ստեղծումը։ Կներդրվի նաև ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման և մաքուր զարգացման մեխանիզմի նախագծերի շարժի էլեկտրոնային համակարգ, կշարունակվեն կատարելագործվել կենդանիների արտահանման ընթացակարգերը։

2011թ. պետական բյուջեով նպատակային ծրագրերի իրականացման համար նախատեսվել է հատկացնել 918,5 մլն դրամ գումար, որն ուղղվելու են Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքներին։ Բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեությունն ապահովելու համար նախատեսվում է 491,1 մլն դրամ։

Որպես նոր նախաձեռնություն՝ ծրագրվում է հոլանդական լիցենզավորված կազմակերպության և Համաշխարհային Բանկի միջոցով իրականացնել «Արտանետումների չօգտագործված քանակների գնահատման և լիցենզավորման ծրագիր», որը հնարավորություն կտա միջազգային դրամաշնորհային ներդրում ապահովել բնապահպանության ոլորտում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը