Լրահոս

13.06.2014 14:22


ԱԳ նախարարը ելույթ է ունեցել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդարանական լսումներին

ԱԳ նախարարը  ելույթ է ունեցել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդարանական լսումներին

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր մասնակցել է ԱԺ արտաքին հարաբերությունների և գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովների կողմից կազմակերպված Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ խորհրդարանական լսումներին, որոնք տեղի են ունեցել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։

Ելույթ ունենալով լսումներին ներկա պատգամավորների, հասարակական կազմակերպությունների, գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչների առջև` նախարար Նալբանդյանը ներկայացրել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ արտաքին գործերի նախարարության, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով սփյուռքի նախարարության և հայ համայնքային կառույցների հետ համակարգված գործունեության կարևորությունը։
«Դիվանագիտական ներկայացուցչություններից ստացված առաջարկությունների հիման վրա և նկատի առնելով հավատարմագրման յուրաքանչյուր երկրի առանձնահատկությունները՝ կազմվել է 2014-15 թթ. միջոցառումների ծրագիր: Միջոցառումները նախատեսվում է իրականացնել տասնյակ պետություններում» - ասել է Էդվարդ Նալբանդյանը։
Անդրադառնալով ցեղասպանությունների կանխարգելման միջազգային հանրության ջանքերին` նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ջանում է միանալ այդ ուղղությամբ գործադրվող այլ երկրների, միջազգային կառույցների նախաձեռնություններին՝ ուղղված ցեղասպանությունների կանխարգելման առավել արդյունավետ մեխանիզմների մշակմանը։

Այս խորագրի վերջին նյութերը