Լրահոս

14.06.2014 09:56


Անդրկովկասը և թուրքական շահերը

Անդրկովկասը և թուրքական շահերը

Վրաստան, Ռուսաստան, Սևծովյան տարածաշրջան, ղրիմյան թաթարներ, Խոշոր Մերձավոր Արևելք և այլն… Ընթերցողին ենք ներկայացնում թուրքական «Զաման» հրատարակչության հոդվածից մեկ հատված, որտեղ Ստամբուլի համալսարանի Միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Շեներ Աքթուրքը խոսում է Ուկրաինայի ճգնաժամի մասին թուրքական շահերի վրա` նրա ունեցած ազդեցությունների տեսանկյունից: Չնայած նրան, որ տվյալ հոդվածում նվազագույն ուշադրություն է հատկացված Թուրքիայի Անդրկովկասյան քաղաքականությանը, այն, այնուամենայնիվ, հնարավորություն է տալիս որոշ զուգահեռներ անցկացնելով` հասկանալ այդ նույն թուրքական «շահերի» ուղղվածությունն ու իմաստը:

«…Ղրիմը վերջերս անեքսիայի ենթարկվեց Ռուսաստանի կողմից… Օրինակ, ի՞նչ դեր ունի Կիպրոսը: Այն մի կղզի է, որը վերահսկում է Միջերկրական ծովի ամբողջ արևելյան մասը: Ղրիմի թերակղզին տեղակայված է ամենակարևոր, ռազմավարական կետում, որը թույլ է տալիս վերահսկելու Սև ծովը: Այն, որ հիմա Ռուսաստանը պաշտոնապես և փաստացիորեն ղեկավարում է Ղրիմը, ահա թե ի՞նչ է նշանակում. Ռուսաստանը կրկին դառնում է գլխավոր ուժը Սև ծովում, ինչպես Սառը պատերազմի և նրա սկսվելուց 200 տարի առաջ էր: Եվ Թուրքիայի համար դա Ուկրաինայի ճգնաժամի ամենաբացասական հետևանքն է: ԽՍՀՄ-ի փլուզման և սառը պատերազմի ավարտի մեջ Անկարայի համար ամենամեծ օգուտը կայանում էր նրանում, որ Ռուսաստանը, ի դեմս որի Թուրքիան 300 տարվա ընթացքում տեսնում էր գլխավոր աշխարահաքաղաքական սպառնալիքը, նահանջեր դեպի Կովկասի հյուսիսը և զրկվեր Սև ծովում իր ունեցած ազդեցությունից: Մինչդեռ, վերջին 6 տարիների կարևոր իրադարձությունների լույսի ներքո Թուրքիան շատ բաներում կորցրեց նախորդ դարի վերջում ձեռքբերած իր դիրքորոշումները: Առաջին հերթին, դա կատարվեց 2008թ.-ին ռուս-վրացական պատերազմի ժամանակ, երբ Վրաստանը` Թուրքիայի դաշնակիցը, պարտություն կրեց, իսկ ռուսական բանակը Սառը պատերազմի ավարտից հետո առաջին անգամ Կովկասի սարերից իջավ դեպի հարավ և նույնիսկ ռմբակոծեց Թբիլիսին: Ռուսաստանին բառացիորեն մի քայլ էր մնում օկուպացիայի հասնելու համար: Եթե Վրաստանը վերանա որպես ինքնիշխան պետություն, Թուրքիան և Ռուսաստանը նորից կդառնան մայրցամաքային հարևաններ, իսկ դա ընդհանրապես ցանկալի արդյունք չէ Թուրքիայի համար: Երկրորդ հերթին` ուկրաինական ճգնաժամ. Ռուսաստանը գրավեց Ղրիմը: Իսկ դա նորից Ռուսաստանին Սև ծովում գերիշխող ուժ է վերադարձնում: Դա ևս չի կարող ցանկալի իրադարձություն լինել Թուրքիայի համար:
Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան Թուրքիայում ուժեղացրել է Ռուսաստանի ընկալումը որպես պոնտեցիալ սպառնալիք: Դա կարող է բացասական ազդեցություն ունենալ ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Հիմնական պատճառը, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները վերջին 20 տարիների ընթացքում նման զարգացում են ստացել, կայանում է նրանում, որ Թուրքիան հեռու էր գտնվում Ռուսական ընդարձակման սպառնալիքից: Դա պայմանավորված է յուրօրինակ, Վրաստանի տեսքով «բուֆերային», Ռուսաստանի և Ուկրաինայի հետ ցամաքային սահման ունեցող և իրենց իսկ առկայությամբ Ռուսաստանի Դաշնության ծովային սահմանը փակող տարածաշրջանների առկայությամբ: 2008թ.ի ռուս-վրացական պատերազմի և 2014թ.ին Ղրիմի անեքսիայի ընթացքում այդ բուֆերային գոտիները սկսեցին անհետանալ: Երկու կարևոր տարածաշրջաններում` Աբխազիայում և Ղրիմում Ռուսաստանի ներկայությունն անդառնալի է:
Մենք չպետք է մոռանանք, որ Թուրքիան ունի խորը մշակութային կապեր Ղրիմյան թաթարների հետ: Այդ տեսանկյունից Ռուսաստանը խլել է Թուրքիայի համար Ուկրաինայի կարևորագույն մասը: Ես չգիտեմ ունի՞ արդյոք Թուրքիան որևէ քաղաքականություն Ղրիմի համար, բայց վերջին 25 տարվա ընթացքում Թուրքիան պետք է, վարելով ավելի ակտիվ ռազմավարություն, ապահովեր Միջին Ասիայում և աշխարհի այլ անկյուններում ապրող ղրիմյան թաթարների վերադարձը դեպի Ղրիմ: Այդ ժողովրդի վերադարձը պատմական հայրենիք օրինական և ողջամիտ իրավունք է` ճանաչված միջազգային հանրության կողմից: Եթե դա արվեր իր ժամանակին, այսօր, հավանաբար, ղրիմյան թաթարների քանակությունը Ղրիմում կկազմեր ոչ թե 15%-ը, այլ 30-35%-ը, իսկ Ղրիմը չէր ենթարկվի անեքսիայի, քանի որ էթնիկ ռուսները մեծամասնություն չէին կազմի:
Ամենայն հավանակնությամբ Ուկրաինական ճգնաժամի մեջ Թուրքիայի դիրքորոշման վրա ազդեցություն ունեցավ Ռուսաստանի քաղաքականությունը Սիրիայի հարցում: Խառնվելով Սիրիայի ճգնաժամին` Թուրքիան խոշոր պարտություն կրեց: Օրինակ, Իրաքի անհաջողությունից հետո Ամերիկան իրեն շատ մեկուսացած է պահում և զսպում է իրեն Սիրիայի միջամտությունից: Եվ ակնհայտ է, Թուրքիան կխուսափի միջամտել որևէ երկրի քաղաքականությանը Սիրիայի պարագայում ունեցած նման խոշոր պարտությունից հետո: Կողմերը, որոնց Թուրքիան աջակցում էր` Եգիպտոսում, Սիրիայում, Վրաստանում՝ պարտություն կրեցին: Այսօր Մերձավոր Արևելքում փաստացիորեն չի մնացել որևէ դաշնակից պետություն Թուրքիայի համար: Ոչ մեկը այնպիսի առանցքային մայրաքաղաքներից, ինչպիսիք են Դամասկոսը, Թել-Ավիվը, Կահիրեն, Բաղդադը, ոչ միայն Թուրքիային չեն համարում իրենց դաշնակից, այլև բացեիբաց սկսում են տեղ գրավել հակառակ կողմի բարիկադում: Անհաջողության պատճառն այն է, որ Թուրքիան չփորձեց վարել այնպիսի արտաքին քաղաքականություն, որը կլիներ իր ներուժի ուղիղ համեմատականը»:

Վրաստանի Հայ Համայնք

Այս խորագրի վերջին նյութերը