Մեկնաբանություն

16.06.2014 10:17


Ֆյուլեից մինչև Կիսելյով

Ֆյուլեից մինչև Կիսելյով

Սերժ Սարգսյանի որդեգրած «Ֆուտբոլային» դիվանագիտության շրջանակներում Հայաստանը վերածվել է ֆուտբոլի գնդակի. ով հասնում՝ տշում է աջից ու ձախից։ Սերժ Սարգսյանն էլ նույն «Ֆուտբոլային» դիվանագիտության շրջանակներում ում հասնում՝ քծնում է։

Ու պետք չէ բարկանալ ԱԺ փոխնախագահի կարգավիճակ ունեցող Հերմինե Նաղդալյանի վրա այն բանի համար, որ նա անհամարժեք ընդունելության է արժանացրել Կրեմլի հաչան շան կարգավիճակ ունեցող Դմիտրի Կիսելյովին։

Հերմինեն գիտի, որ իր շեֆը՝ «Վերջի բոլշևիկը», Գյուլիստանի պայմանագրի շրջանակներում անհարմարության աստիճանի փորձում է մտնել Պուտինի աչքը (և ոչ միայն Պուտինի, և ոչ միայն աչքը)։

«Դե, եթե շեֆը քծնում է Պուտինին, ուրեմն ես էլ պետք է քծնեմ Պուտինի գովքն անող լրագրողին»,– մտածել է ԱԺ փոխնախագահ դարձած տիկինն ու անցել գործի։

Նաղդալյանն աչք ու ականջ ունի։ Նա տեսել ու լսել է, թե ինչպես է Սերժ Սարգսյանը մեծ դժվարությամբ Պուտինի ընդունելությանն արժանանում, ու դրանից հետո շնորհակալություն հայտնում ՌԴ նախագահից, որ իրեն ընդունեցին։

Նաղդալյանի համար Կիսելյովը մեկն է, ում պետք է քծնել «ի պաշտոնե»։ Եվ դեռ պետք է շնորհակալ լինել Սերժ Սարգսյանի թիմակիցներից, որ Կիսելյովի կոշիկները չեն սրբել ԱԺ մուտքի մոտ և «Համմերի» անվադողերը չեն մաքրել հատուկ հեղուկով։ Խայտառակությունն այդ դեպքում կատարյալ կդառնար։

Սերժ Սարգսյանն իր «նախաձեռնողական» քաղաքականությամբ Հայաստանը դարձրել է մանրադրամ։ Մի երկիր, որի վրա բոլորը մատ են թափ տալիս։ Նրա «արևմտամետ» շրջանում էլ Բրյուսելի կիսելյովներն էին գալիս ու այստեղ հոխորտում մեզ վրա։

Հիշու՞մ եք, թե ինչ ասաց եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն հայաստանյան հյուրանոցներից մեկում կազմակերպված քննարկման ժամանակ։

«Եթե Հայաստանը չնախաստորագրի ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը, ապա ես ձեզ դատի կտամ»,– հայտարարեց Ֆյուլեն։

Իսկ ինչո՞վ էր նրա այդ հայտարարությունը բովանդակային առումով ավելի մեղմ, քան Կիսելյովինը։ Ոչ մի բանով։ Ավելի ճիշտ՝ քաղաքական առումով Ֆյուլեինը ավելի լկտի ու ավելի հակահայ հայտարարություն էր, քան Կիսելյովի ասածները։

Արևմուտքում գիտեին, որ ՀՀ եվրաասոցացման գինը լինելու է Ղարաբաղն ու, ի վերջո, Հայաստանը, սակայն սպառնում էին դատի տալ, եթե մենք հրաժարվենք սպասարկել ԵՄ–ի էներգետիկ շահերը։ Բայց Արևմուտքին մեղադրել պետք չէ այն բանի համար, որ իր շահերն է պաշտպանում։ Մեղադրել է պետք Սերժ Սարգսյանին, որ ընտրակեղծիքները հորով–մորով անելու համար առևտրի առարկա է դարձրել ՀՀ ինքնիշխանությունն ինչպես Արևմուտքում, այնպես էլ Ռուսաստանում։ Իսկ եթե մի բանը վաճառվում է (այն էլ՝ «կոպեկներով»), ապա գնորդներ միշտ էլ կգտնվեն։

Ֆյուլեներն ու կիսելյովներն իրարից ոչնչով չեն տարբերվում։ Նրանք իրենց երկրների շահերն են պաշտպանում և օգտվելով Սերժի «նախաձեռնողականությունից»՝ փալասի տեղ են դրել Հայաստանին։ Ընդ որում, արևմտյան կիսելյովները ՀՀ քաղաքացիների հանդեպ ավելի մեծ սրիկայություն են անում, քան նրանց ռուս գործընկերները։

Կիսելյովներն ու վոլինկինները ձևականության հետևից չեն ընկնում և չեն խոսում ժողովրդավարական արժեքներից՝ զուգահեռաբար խրախուսելով ընտրակեղծիքներն ու «տանիքի» դեր կատարելով Սերժի տոկոս «խփոցիին»։

Ֆյուլեներն այնպես վարկաբեկեցին ՀՀ քաղաքացիների աչքերում արևմտյան արժեքները, որ մենք պետք է նրանց դատի տանք։

Ինչ վերաբերում է կիսելյովների պահվածքին, ապա հետևանքը պետք է տարբերել պատճառից։ «Արևմտամետ» կուրսից «ռուսահպատակ» կուրսի անցնելն է պատճառը, որ մեր խորհրդարանում մեզ նվաստացնում են։

Բոլորն էլ տեսնում են, որ Սերժ Սարգսյանը ղումարբազի պես է վարում արտաքին քաղաքականությունը՝ հանուն սեփական աթոռի աճուրդի հանելով Հայաստանն ու Ղարաբաղը։ Դրանից հետո բնական է, որ Ֆյուլեն մեզ կուզենա դատի տալ, իսկ Կիսելյովն էլ՝ մուննաթ գալ, որ տաքսիստը չի կարողացել ռուսերեն պատասխանել իր հարցին։

Ֆյուլեից մինչև Կիսելյով սրբում են իրենց ոտնամանները Հայաստանի վրա, քանզի մոտիկից են շփվում Սերժ Սարգսյանի հետ։ Նրանք չեն հարգում մեզ, քանզի Հայաստանը ներկայացնում է Սերժ Սարգսյանը։ Ու քանի դեռ «Վերջի բոլշևիկն» է ներկայանում որպես ՀՀ նախագահ, այսպես շարունակվելու է։

Ֆյուլեն ու Կիսելյովը դեռ «ծաղիկներն» են։ Եվ ուրեմն, լուծումը մեկն է՝ իշխանափոխություն։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ուշագրավն այն է, որ «արևմտամետները» փրփրել են ռուս «դիշովկայի» պահվածքի պատճառով, սակայն լուռ էին ու դեռ մի բան էլ ողջունում էին, երբ Ֆյուլեն ու մյուսները ռասիստական մոտեցում ցուցաբերեցին ու ողջունեցին Սերժի կազմակերպած ընտրակեղծիքները։

Տնաբույծ «արևմտամետներին» հունից հանում է Կիսելյովի ասածը, բայց, արի ու տես, որ նրանք ծպտուն չհանեցին, երբ Ֆյուլեն սպառնում էր դատի տալ մեզ, եթե Ղարաբաղը չհանձնենք Ադրբեջանին ու ամբողջ Հայաստանը չդարձնենք մանրադրամ աշխարհաքաղաքական մեծ խաղերում (ԵՄ–ի հետ ասոցացումն այլ բան չէր ենթադրում. Ղրիմի օրինակը բոլորիս աչքի առաջ է)։

Փաստորեն, «արևմտամետները» պաշտպանում են ՀՀ ինքնիշխանությունը Ռուսաստանից, բայց դեմ չեն, որ այդ ինքնիշխանությունը զոհաբերվի թուրք–ադրբեջանական տանդեմին։

Երկաթե ավելով է, հետևաբար, պետք մաքրել Հայաստանն «արևմտամետներից» ու «ռուսահպատակներից»։ Նրանք նույն մեդալի երկու երեսներն են ու 5–րդ շարասյան ֆունկցիա են կատարում այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը