Մեկնաբանություն

16.06.2014 15:35


Սակագին բարձրացնելուց առաջ որա՛կ ապահովեք

Սակագին բարձրացնելուց առաջ որա՛կ ապահովեք

Ինչպես հայտնի է, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգիայի սակագնի 38-43 դրամի սահմաններում բարձրացում է նախաձեռնել։ Դրանից առաջ էլ թանկացումներ եղել էին։

Իր այս քայլը ՀԾԿՀ–ն պատճառաբանում է երկու գործոնով՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովմամբ։

Առաջինով, ազգաբնակչության հաշվին՝ որոշ ընկերությունների համար լրացուցիչ եկամուտներ են ապահովում։

Իսկ երկրորդը պարզապես աբսուրդ է. սպառողներին ի՞նչ հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման մասին է խոսքը, եթե արդեն իսկ հոսանքազրկումները դարձրել են «բնավորություն»։

Ի դեպ, թանկացման համար իշխանությունները միշտ ունենում են «հիմնավոր» բացատրություններ։ Նրանց մոտ թղթերով ամեն ինչ կարգին է, իսկ մնացածն արդեն մնում է սպառողի վրա, ընդ որում՝ էլցանց–քաղաքացի հարաբերությունները միակողմանի պարտավորությունների ու իրավունքների «բուկետ» է։ Էլհամակարգն իրավունք ունի փողերը հավաքել ու չվճարումների դեպքում անջատել քաղաքացու հոսանքը ու միևնույն ժամանակ ոչ մի պարտավորություն չունենալ մատուցվող ծառայության որակի համար։

Տևական ժամանակ է, եթե ոչ՝ մշտական երևույթ, որ, օրինակ, Բաղրամյան պողոտայի ոչ կառավարական շենքերի հոսանքը շաբաթվա ընթացքում մի քանի անգամ ու ժամեր շարունակ անջատում են։ Զանգերին էլ էլցանցից պատասխանում են անգիր արած նախադասությամբ՝ վթար է եղել, պլանային աշխատանքներ են կատարվում։

Թերևս, այդպիսով ուզում են ապացուցել, թե՝ ա՛յ, տեսե՛ք, սակագինը բարձր չի, դրա համար էլ չենք կարողանում ձեզ հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարում ապահովել, և ուրեմն, առա՛ջ դեպի թանկ սակագին։

«Դատապարտվա՛ծ ենք բարձրացնելու»,–«անմեղ–անմեղ» արդարանում էր ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ նազարյանը։ Մի օր չլսեցինք, որ ասեն՝ «Դատապարտված ենք մատուցվող ծառայության որա՛կը բարձրացնելու»։

Սակագին բարձրացնելուց առաջ որա՛կը բարձրացրեք, այլ ոչ թե մտածեք թալանի հերթական «աֆյորան» օր առաջ կյանքի կոչելու մասին։

Ինչ մնում է հովհարային անջատումներին, ապա դա արդեն խաղի կանոն է դարձել։ Թեև զուտ թղթերով նրանց մոտ ամեն ինչ կարգին է։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը