Մեկնաբանություն

17.06.2014 08:59


Պարտադիր և պարտադրված իշխանափոխություն

Պարտադիր և պարտադրված իշխանափոխություն

Սերժ Սարգսյանի համար էժան ու երկար փողեր ապահովելու համար կառավարությունը նոր ճանապարհ է մտածել։ Օրենքով սահմանվում է ՀՀ պետական բյուջե վճարվող նպատակային սոցիալական վճար (սոցիալական վճար): Այսինքն՝ «կուտակայինի» անունն են փոխում, մնացածը նույնն է մնում և դեռ մի բան էլ ավելանում է թղթաբանությունը։

Այս ամենը կանխատեսվում էր, և ահա այդ կանխատեսումը դառնում է իրականություն։

Նպատակային սոցիալական վճար մտցնելով՝ իշխանությունները «մեսիջ» են հղում հանրությանը՝ ցույց տալով, որ «կուտակայինը» դառնում է պարտադիր և պարտադրված։ Ասել է թե՝ այն «լոլոները», որոնք կարդում էր «նոր» կառավարությունը, արդեն տալիս են իրենց պտուղները։ Բացասական պտուղները։

Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հանրության 80 տոկոսը դեմ է պարտադիրին, բայց իրենք հո ախմա՞խ չեն, որ հրաժարվեն այդ «բարեշրջումից»։

Փաստորեն, կարող ենք ասել, որ քառյակի պահանջներից մեկը չի կատարվում, ինչը գերակշռող է դարձնում այն տեսակետը, որ սեպտեմբերին ոչ թե պետք է տեղի ունենա պահանջների կատարման ընթացքի ամփոփում, այլ Սերժ Սարգսյանի թեմայով համահայկական հավաք՝ շուրջօրյա հավաք։

«Վերջի բոլշևիկը» ցույց է տալիս, որ ամենևին էլ մտադիր չէ հրաժարվել իր բիզնես–նախագծերից, ինչը և պահանջվում էր ապացուցել։ Գալիս է, հետևաբար, նրան Տիգրան Սարգսյանի հետևից ուղարկելու ժամանակը։ Ավելի ճիշտ, այդ ժամանակը վաղուց է եկել, պարզապես հանրության մեջ ու քաղաքական դաշտում դեռ կան առանձին հատվածներ, որոնք հույս ունեն, որ հնարավոր է բարեփոխում վերևից ու պետք է շանս տալ իշխանությանը։ Հիմա այդ զանգվածն էլ է գալու այն մտքին, որ Սերժի հեռացումը համակարգային փոփոխությունների կարևորագույն նախապայմանն է։

Իշխանությունն ամեն ինչ անում է, որ իր դեմ միավորվեն բոլորը՝ արմատական տրամադրվածներից մինչև չափավորներ։

Իշխանափոխությունը դառնում է պարտադիր, և հանրությունը պարտադրված է գնալ դրան։

Իշխանափոխությունը պարտադրվում է վերևից։ Դա բարեփոխումների տանող միակ բանն է, որը գալիս է վերևից։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Ոչիշխանական ուժերի ներկայացրած պահանջների մեջ կետ կա նաև Սերժ Սարգսյանի մյուս բիզնեսի՝ Երևանի փողոցները կարմիր գույնով ներկելու միջոցով փող հավաքելու վերաբերյալ։

Քաղաքապետարանը երեկ որոշման նախագիծ է մտցրել, ըստ որի՝ կարմիր գծանշումով ավտոկանգառներում 5 րոպե անվճար կանգառը դառնալու է 15 րոպե։ Քառյակի պահանջը, սակայն, սրանով չի բավարարվում, քանզի այդ պահանջում հստակ նշված է, որ մասնավորին տրվող 70 տոկոս շահաբաժինը պետք է վերանայվի հօգուտ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների՝ պետական ու համայնքային բյուջեի մուտքերի տեսակարար կշիռը հասցնելով առնվազն 75 տոկոսի։

Ի դեպ, Տարոն Մարգարյանը պետք է որ կողմ լինի քառյակի առաջարկներին, քանզի միշտ լացում է Երևանի բյուջեի սղության թեմայով։ Մենք հասկանում ենք, որ Սերժի հրահանգով է նա Երևանի փողոցները հանձնել նրա մանկության ընկերներին։ Բայց դե հիմա հարմար պահ է այդ ամենը հետ ֆռռացնելու համար։ Թեև Տարոնի պահով ամեն ինչ պարզ է. նա կառավարվում է Բաղրամյան 26–ից «սիրուն է» և «սիրուն չէ» հրահանգների միջոցով։

Այնպես որ, ճիշտը «ցուլն» է։ Ավելի ճիշտ՝ «ցլին» կոտոշներից բռնելը։

Այս խորագրի վերջին նյութերը