Մեկնաբանություն

17.06.2014 09:32


Ի պաշտպանություն Տիգրան Սարգսյանի-2

Ի պաշտպանություն Տիգրան Սարգսյանի-2

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Տիգրան Սարգսյանը հետանկախական շրջանի ամենաանհաջող, ամենակոռումպացված և ամենաստախոս վարչապետն է։

Նույնիսկ Արամ Սարգսյանի պես անմեղսունակ վարչապետն ու Արմեն Սարգսյանի պես անիմաստ վարչապետը, Տիգրանի համեմատ, մտքի տիտան ու լուրջ դեմքեր են թվում։

Սերժ Սարգսյանն ուզում է Տիգրանին դեսպան նշանակել։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե դա Հայաստանում աշխատած փողերը դրսում վայելելու և «կայֆերի» մեջ հայտնվելու հնարավորություն է «Օֆշորի Տիկոյի» համար, սակայն դա՝ միայն առաջին հայացքից։

Ճիշտն այն է, որ Տիգրան Սարգսյանին դատեն, ու նա հայտնվի ուղղիչ աշխատանքային գաղութում։ Այդպես ավելի ապահով կլինի իր և ճիշտ՝ ՀՀ–ի համար։

Դատե՛ք ինքներդ։ Փողոցում 21–րդ դարն է։ Համացանցի օգնությամբ բոլորը բոլորի մասին գիտեն, այդ թվում՝ Տիգրան Սարգսյանի մասին։

Համացանցն աշխարհը դարձրել է մի մեծ գյուղ։ Եվ ահա, այդ գյուղի թաղամասերից մեկում եթե Տիգրանը դեսպան նշանակվի, ապա այդ թաղամասում կփորձեն նրան «հոպ–ստոպ» անել, քանզի համացանցի միջոցով այնտեղ էլ կիմանան, որ իրենց մոտ է ժամանել մեր օրերի Կորեյկոյի պես մեկը։

Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում միլիոնատեր Տիգրան Սարգսյանին դեսպան ուղարկելը հավասարազոր է գելի բերան ուղարկելուն։ Նրա ունեցվածքը կարող է դառնալ հազար ու մի շունուշանգյալի բաժին։ Նրան կարող են պարզապես թալանել կամ էլ ճնշել ու ստանալ Հայաստանի հաշվին վերցրած վարկերի «ալաֆ» արած մասերը կամ էլ օֆշորում պտտեցրածը։

Այնպես որ, ճիշտը Տիգրանին Հայաստանում պահելն է (համ էլ՝ ուրիշ տեղ Կճոյան չկա)։ Ամուր պահելը։

Քայլող միլիոնատիրոջը չի կարելի բաց թողնել։ Նա ահագին բան ունի պատմելու։ Ոչ այն հեքիաթներից, որոնք նա պատմում էր վարչապետ աշխատած տարիներին։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը