Լրահոս

01.09.2009 15:33


Հովսեփ Խուրշուդյան. «Իշխանությունների համար արդեն գործելաոճ է դարձել հասարակությունից գաղտնի նման կարգի արձանագրություններ ստորագրելը»

Հովսեփ Խուրշուդյան. «Իշխանությունների համար արդեն գործելաոճ է դարձել հասարակությունից գաղտնի նման կարգի արձանագրություններ ստորագրելը»

-Իշխանությունների համար արդեն գործելաոճ է դարձել հասարակությունից գաղտնի նման կարգի բանակցություններ վարելը և նման կարգի արձանագրություններ ստորագրելը,- «7օր»-ին ասել է «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրություններին։ Այսպիսով, ըստ նրա, հայ հասարակությունը փաստի առաջ է կանգնած.

-Չնայած այն մի քանի դրական դրույթներին, որոնք կային այդ արձանագրություններում՝ ընդհանուր առմամբ, իմ գնահատմամբ, դրանք հետնահանջ էին մեր ազգային շահերից, քանի որ, ըստ էության, իրենց մեջ պարունակում են այն նախապայմանները, որոնք Թուրքիան առաջ էր քաշում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և հայ-թուրքական սահմանը վերաբացելու ուղղությամբ,- ասել է Հ. Խուրշուդյանը՝ հավելելով.

-Դրանցից կարևորագույնն այն է, որ Հայաստանն, ըստ էության, պատրաստվում է գոնե այս արձանագրություններով ճանաչել Թուրքիայի հետ սահմանը։ Եթե այս տեսքով արձանագրությունները ստորագրվեն, ապա կնշանակի, որ Հայաստանն արդեն վերջնականապես ճանաչում է գոյություն ունեցող հայ-թուրքական սահմանը։ Այնտեղ նաև մի վտանգավոր կետ էլ կա՝ այլ երկրների հետ հարաբերություններում տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության Հայաստանի պարտավորություններն են ևս մեկ անգամ շեշտվում, որն անհեթեթ է հայ-թուրքական երկկողմանի նման կարգի արձանագրություններ ստորագրելուց։ Եթե նույնիսկ նման բան շեշտվում էր, ապա նաև պետք է շեշտվեր միջազգայնորեն ճանաչված ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, որը չկա։

Հ. Խուրշուդյանը վտանգավոր է համարում արձանագրությունում նշվող պատմական հանձնաժողովի մասին դրույթը, որն, ըստ նրա, իրականում քննարկելու է Հայոց ցեղասպանության հարցը։ 

-Դա մշտապես կշահարկվի Թուրքիայի կողմից և կօգտագործվի Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչելու գործընթացի դեմ։ Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ «Ժառանգության» դիրքրոշումը մշտապես եղել է հստակ։ Մենք պնդել ենք, որ Հայաստանի և Թուրքայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելը և սահմանի բացումը պետք է արվի առանց նախապայմանների, իսկ սահմանի ճանաչման և դրա հետ կապված բոլոր վիճահարույց խնդիրները պետք է լուծվեն արդեն դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո՝ աշխատանքային կարգով (2 երկրների իշխանությունների բանակցությունների միջոցով)։

Հ. Խուրշուդյանը քիչ հույս ունի, որ բոլոր այդ վտանգավոր կետերը, մինչև բուն ստորագրությունը և ստորագրության ժամանակ, արձանագրություններից կհանվեն։

-Իսկ դրականն այն է, որ, ամեն դեպքում, հստակ ժամանակացույց է սահմանված արձանագրությունները ստորագրելուց հետո սահմանի բացման և արձանագրությունների ստորագրման  պահից դիվանագիտական  հարաբերություններ հաստատելու առումով, ինչը որոշակի բանակցային և մրցակցային առավելությունների հնարավորություն է տալիս Հայաստանին Ադրբեջանի չհայտարարված այս սառը պատերազմի ընթացքում։ Սակայն Թուրքիայի խորհրդարանում վավերացնելու անհասկանալի դրութը հետագայում կարող է էական խոչընդոտ հանդիսանալ այս գործընթացի իրականացման ուղղությամբ և կապել այն ղարաբաղյան խնդրի ոչ հայանպաստ լուծման հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը