Լրահոս

17.06.2014 20:03


Նախկին դատավորի գործով Սահմանադրական դատարանի աննախադեպ դիրքորոշումը

Նախկին դատավորի գործով Սահմանադրական դատարանի աննախադեպ դիրքորոշումը
Սահմանադրական դատարանը, այսօր քննության առնելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Սուրիկ Ղազարյանի դիմումի հիման վրա գործը, մինչ այժմ նախադեպը չունեցող իրավիճակի բախվեց:
Երկու ժամ խորհրդակցական սենյակում քննարկելուց հետո գործի քննությանը մասնակցած ՍԴ 6 անդամների ձայները կիսվեցին: Արդյունքում՝ ՍԴ-ն առաջին անգամ ստիպված էր ղեկավարվել ՍԴ-ի մասին օրենքի 62-րդ հոդվածի 6-րդ կետով, այն է՝ եթե ՍԴ-ն քննարկվող հարցի վերաբերյալ ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում կամ եզրակացություն չի ընդունում, ապա դիմումը համարվում է մերժված:
«Շատ անհեթեթ իրավիճակ է ստացվում: Մարդը դիմել է Սահմանադրական դատարան, հաղթահարել է դժոխային դժվարությունների շարքը, Սահմանադրական դատարանում ընդունելության չափանիշները հաղթահարել է, գործն ընդունվել է վարույթ, Սահմանադրական դատարանն այսքան ժամանակ աշխատել է և, ի վերջո, որոշում չի կայացրել: Մարդու սահմանդրական արդարադատության սահմանադրական իրավունքը դառնում է տեսական մի բան, անիրական, ոչ պիտանի, չիրացված»,- «Փաստինֆո»-ի թղթակցին ասաց ՍԴ-ում Ս. Ղազարյանի ներկայացուցիչներից իրավաբան Արտակ Զեյնալյանը:
Ըստ նրա՝ այս դեպքում կարելի էր նույնիսկ բավարարված լինել, եթե որոշում կայացվեր, որ վիճարկվող դրույթը համապատասխանում է Սահմանադրությանը: «Որոշման մեջ գոնե ինչ-որ իրավական դիրքորոշումներ կլինեին, ինչ-որ պիտանի բան կլիներ»,-ընդգծեց Ա.Զեյնալյանը՝ եզրակացնելով, որ ՍԴ-ի մասին օրենքի 62-րդ հոդվածի 6-րդ մասը «հակասահմանադրական է, հակամարդկային»:
«Նման դեպքերում պետք է լինի այլ լուծում. պետք է նիստը համարվի հետաձգված, ՍԴ անդամները չհեռանան խորհրդակցական սենյակից այնքան ժամանակ՝ մինչև որոշում չկայացվի, ինչպես, օրինակ, Հռոմի պապի ընտրության պարագայում»,-նշեց նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դիմումատուն, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում, իր ներկայացուցիչների միջոցով վիճարկում էր իր նկատմամբ կիրառված, սակայն 2013թ.-ի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչված «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» օրենքի 2.1-րդ հոդվածի սահմանադրականությունը:

Մանրամասները՝ pastinfo.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը