Մեկնաբանություն

18.06.2014 12:22


Տարոնը «պառկովշիկ» է նշանակվել

Տարոնը «պառկովշիկ» է նշանակվել

Ինչպես հայտնի է, քառյակն իր 12 պահանջներից մեկով առաջարկել էր չեղյալ հայտարարել Երևանում կարմիր կետագծերով վարոդներից փող պոկելու գործելաոճը։

Իշխանությունները մի կողմից հայտարարում են, թե դա պոպուլիզմ է, և իրենք չեն պատրաստվում բավարարել այդ պահանջները, մյուս կողմից՝ կիսաքայլեր են անում։

Այդ կիսաքայլերից մեկը Երևանի քաղաքապետ նշանակված Տարոն Մարգարյանի որոշման նախագիծն է, որը նա ներկայացրել է մայրաքաղաքի ավագանիում քննարկման։ Ըստ այդ նախագծի՝ երևանցիներն ու մայրաքաղաքի ավտոսիրող հյուրերը պետք է ուրախությունից ծափ զարկեն ու օրհնեն էն սհաթը, երբ Տարոնի ոտքը մտավ քաղաքապետարան։

Բանն այն է, որ Տարոնն ուզում է վերականգնել պատմական արդարությունը։ Այսուհետ կարմիր կետագծերով տեղերում 5 (հինգ) րոպե անվճար ավտոմեքենան կանգնեցնելու փոխարեն մարդիկ հնարավորություն կունենան մի ամբողջ 15 (տասնհինգ) րոպե կանգնեցնել երկաթյա նժույգը Սերժ Սարգսյանի մանկության ընկերների «օբյեկտում»։

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի ազգանպաստ քայլի է դիմել Տարոնը։ Նա կարողացել է համոզել Սերժ Սարգսյանին, որ ազգս տասնհինգ րոպե անվճար կանգնեցնի ավտոմեքենան կարմիր տարածքներում։ Դե, այդքանից հետո ինչպե՞ս չվճարես յուրաքանչյուր հաջորդ րոպեի համար։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա Տարոնի որոշումը մարազմի ոլորտից է։ Նա հա՛մ բողոքում է, թե Երևանի բյուջեն ծակ է, ու ինքը չի կարող, ասենք, դոտացիա տրամադրել քաղաքային տրանսպորտի համար, համ էլ ասֆալտից փող սարքելու հնարավորություն է տալիս Սերժ Սարգսյանի շրջապատին՝ համաձայնելով շահաբաժնի 70/30 հարաբերակցությանը՝ հօգուտ սերժենց։

Պարզ է, որ այդ բանը Տարոնը կամովին չի կատարել, բայց հինգ րոպեն տասնհինգ րոպե դարձնելու նախաձեռնությունը ծիծաղելի է։ Ինքնափչացման ավելի վառ օրինակ դժվար է մտածել։ Փաստորեն, Տարոնին «պառկովշիկ» են նշանակել։ Մնում ա, որ նա նաև արագաչափ աշխատի, և կունենանք ավելի լավ Երևան։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը