Մեկնաբանություն

19.06.2014 11:04


Ֆուտբոլային «և, և»

Ֆուտբոլային «և, և»

Խիարը կրկին թարս բուսնեց։

Սերժ Սարգսյանը, հյուրընկալվելով Հանրային հեռուստաընկերությունում, «հանպատրաստից» հարցազրույց էր տվել հաստիքային ժպտերեսիկ Նվեր Մնացականյանին։

ՀՀԿ ղեկավարի իմիջմեյքերները որոշել էին նրան խոսեցնել նաև օրվա թեմայով՝ ֆուտբոլով, բայց ստացվեց՝ ինչպես միշտ։

Առաջին հայացքից ապաքաղաքական ու անշառ թվացող ֆուտբոլի թեմայով մի քանի նախադասություն ասելու միջոցով Սարգսյանը հերթական անգամ բացահայտեց իր բովանդակազուրկ մտածողությունը, պարտվողական էությունը և խոր դիլետանտիզմը։

Պարզվում է, որ Սերժ Սարգսյանը տասնամյակներ շարունակ «բալետ» է անում և՛ Բրազիլիայի, և՛ Գերմանիայի ֆուտբոլի հավաքականներին։

«Իմ համակրանքը մշտապես եղել է բրազիլական ու գերմանական ֆուտբոլի կողմը»,– ասում է Սարգսյանը։

Նկատենք, որ սա յուրօրինակ ֆուտբոլային «և, և» է։ Նման այն «և, և»–ին, որը Հայաստանին տարավ դեպի Կրեմլի «պադվալ»։

Բրազիլական ու գերմանական ֆուտբոլներն իրար հակադիր են։ Դրանք տարբեր փիլիսոփայություններ են, տարբեր ոճեր և տարբեր աշխարհներ։ Երկուսն էլ լավն են, բայց հնարավոր չէ միաժամանակ լինել այդ երկու դպրոցների կողմնակից, եթե, իհարկե, ֆուտբոլից մի քիչ հասկացող երկրպագու ես, ինչպիսին որ փորձեց ներկայանալ Սերժը։

Այդ ֆուտբոլային դպրոցներին միաժամանակ երկրպագելը նույնն է, ինչ ղարաբաղյան պատերազմի ժամանակ երկրպագես և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմին։

Գերմանական ու բրազիլական ֆուտբոլներին միաժամանակ երկրպագելը նույնն է, ինչ լինես և՛ ՀԱՊԿ–ի, և՛ ՆԱՏՕ–ի կողմնակից։ Դա նույնն է, ինչ ստորագրես ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը և միևնույն ժամանակ դառնաս Եվրասիական տնտեսական միության անդամ, այն էլ՝ սերժական տարբերակով։

Սերժ Սարգսյանը հենց այդպիսի «և, և» էր խաղում, բայց այնպիսի ճողվածք ստացավ, որ հիմա Զորի Գայկովիչի ձեռքը բռնած ու Գյուլիստանի պայմանագրի կետերը շուրթերին սլանում է դեպի Մոսկվա, բայց Նազարբաևը գաիշնիկի պես փայտիկով կանգնեցնում ու «շտռաֆ» է գրում «մտնելու» արագությունը գերազանցելու համար։ Սարգսյանն էլ Աստանայից թափով հասնում է Ծաղկաձոր և ընդունում «շտռաֆը»։

Ի՞նչ կարող ես անել. մարդը «և, և» է սիրում։

Սերժը, փաստորեն, ինչ անում և ինչի մասին խոսում է, վերջում «ֆուտբոլային» դիվանագիտություն է ստացվում։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Ֆուտբոլային թեմայով Սարգսյանի մեկ այլ «բոցը» վերաբերում էր Հայաստանի ֆուտբոլի հավաքականին ու աշխարհի առաջնության ելքին։

«Ես կցանկանայի, որ չեմպիոն դառնար Գերմանիայի ընտրանին, որպեսզի հետո մենք կարողանայինք ասել, որ, այո՛, խոշոր հաշվով պարտություն կրեցինք (նկատի ունի վերջերս տեղի ունեցած Գերմանիա–Հայաստան ընկերական հանդիպումը–Ս.Մ.), բայց այդ պարտությունը կրեցինք աշխարհի չեմպիոնից»,– իր ռազմավարական ցանկություններն է ներկայացրել ֆուտբոլի մեծն գիտակ Ս. Սարգսյանը։

Ստացվում է, որ Սարգսյանի ուզածը ոչ թե այն է, որ մեր հավաքականն այլևս խոշոր հաշվով պարտություն չկրի, և, ընդհանրապես, միշտ հաղթի, այլ որ մեզ խոշոր հաշվով պարտության մատնածները աշխարհի չեմպիոն դառնան։ Սա մտածողությո՛ւն է։

Սերժի մոտ գերակայողը ոչ թե չպարտվելու ձգտումն է, այլ այդ պարտությունը հիմնավորելու և պարտությունն արդարացնելու ցանկությունը՝ «Տեսե՛ք, թե ում ենք պարտվել, ինչո՞ւ եք մեզ մեղադրում» կամ «Տեսե՛ք, թե ովքեր նույնպես պարտվեցին, ինչո՞ւ եք մեզ մեղադրում» թեմայով։

Նրա մոտ այդպես է նաև Հայաստանի ու Ղարաբաղի հարցում։

Ասել, որ ուզում ես այլ երկրի հաջողությունը, որպեսզի հետագայում կարողանաս արդարացնել քո պարտությունը նույնն է, թե ասես, որ տեսեք՝ մեզանից մի քանի անգամ իր տարածքով ու բնակչությամբ մեծ Ուկրաինան կորցրեց Ղրիմը, բա մենք ինչպե՞ս պահեինք Ղարաբաղը։

Ճիշտ է, Սերժը վիրավորվում է, որ իրենից պաշտպանում ենք Ղարաբաղը, բայց նրա մտածողության կոդը հուշում է, որ նրանից պետք է պաշտպանել և՛ Հայաստանը, և՛ Ղարաբաղը։

Թող զարմանալի չթվա՝ Սարգսյանին պետք է պաշտպանել նաև իրենից։ Նրա ագահությունն անսահման է, և այդ ագահությունն իր թշնամին է։ Դրա համար պետք է «Վերջի բոլշևիկին» տեղափոխել այլ՝ անվտանգ տարածք, որպեսզի ինքն իրեն չվնասի։

Այս խորագրի վերջին նյութերը