Մեկնաբանություն

19.06.2014 14:35


2 օրակարգ և 1 հանգուցալուծում

2 օրակարգ և 1 հանգուցալուծում

Որքան էլ իշխանությունները փորձեն լղոզել քաղաքական դաշտը, որքան էլ փորձեն քաղաքացիականի ու քաղաքականի արհեստական հակադրության միջոցով կեղծ օրակարգեր պարտադրել հանրությանը, որքան էլ փորձեն հաճախորդների միջոցով «թունդ ընդդիմադիր» շոուներ կազմակերպել ու վերահսկելի «փողոց» ունենալ, միևնույն է, քաղաքական դաշտի պատկերը հստակ է, ու հիմնական մրցակիցները հայտնի են։

Քաղաքական գործընթացների գլխավոր սուբյեկտներ են հանդիսանում Սերժ Սարգսյանն ու իր թիմը (թիմի տակ պետք չէ հասկանալ ՀՀԿ–ին, քանզի Սերժի ծրագրերում ՀՀԿ–ն միջանկյալ դերակատարում ունի՝ միանձնյա իշխանության հասնելու ճանապարհին) և ոչիշխանական քառյակը՝ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, «Ժառանգությունը» և ՀՅԴ–ն։

Որքան էլ իշխանությունները փորձեն արհեստական օրակարգերով լցնել քաղաքական ու տեղեկատվական դաշտերը, միևնույն է, կա երկու օրակարգ։ Մեկն առաջարկել է Սերժ Սարգսյանը, մյուսը՝ քառյակը։ Ճիշտ է, Սարգսյանի օրակարգն էլ է արհեստական, բայց քանի որ այն ներկայացված է գլխավոր սուբյեկտներից մեկի կողմից, ուստի չենք կարող հաշվի չառնել։

Սերժ Սարգսյանի առաջարկած օրակարգը վերաբերում է բացառապես իր անձնական շահերին և խոր հակասության մեջ է հասարակական ու պետական շահի հետ։

Սահմանադրական փոփոխությունների այն փաթեթը, որն ուզում է անցկացնել Սերժ Սարգսյանը, կլանաօլիգարխիկ համակարգից դեպի սուպերօլիգարխիկ՝ նեոբոլշևիկյան, համակարգին անցնելու ծրագիր է։ Այն Սերժ Սարգսյանի վերարտադրությանն ու ցմահ իշխանության ապահովմանը միտված «բարեշրջում» է։ Սարգսյանի առաջարկը ոչ այլ ինչ է, եթե ոչ «սահմանադրական» հեղաշրջում և պետության օկուպացիա ներսից։

ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, «Ժառանգությունը» և ՀՅԴ–ն, ինչպես հայտնի է, առաջ են քաշել 12–կետանոց պահանջ։ Այդ կետերից յուրաքանչյուրը վերաբերում է հանրության այս կամ այն շերտին։ Մեծ հաշվով, այդ կետերում առկա խնդիրներն ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում են մեր ամբողջ հասարակությանը։

Ոչիշխանական քառյակի պահանջները բառիս բուն իմաստով հասարակական ու պետական նշանակություն ունեն՝ սկսած «կուտակայինի» հարցից մինչև արտաքին քաղաքական ոլորտ։ Քառյակի օրակարգը նաև անցնցում իշխանափոխության սցենար է նախատեսում։

Խորհրդարանական չորս ուժերն իշխանություններից պահանջում են դադարեցնել պետության ու քաղաքացիների հաշվին փող աշխատելու պրակտիկան։ Այլ կերպ ասած՝ 12 կետերը սպառնում են Սերժ Սարգսյանի մասնավոր բիզնեսին։ Դա է պատճառը, որ «Վերջի բոլշևիկն» իր տարատեսակ ենթակաների միջոցով հայտարարում է, թե չի կատարելու պահանջները։ Ինքը՝ Սերժը, լղոզված է պատասխանում այն հարցին, թե ինչ է անելու 12 կետերի հետ, քանզի վախենում է ուղիղ առճակատման գնալուց և հանրային ու քաղաքական տրամադրությունները շոշափում է այլոց միջոցով։

Սերժը լավ գիտի, որ այդ կետերը վերջնագրային բնույթ ունեն, և սպասվում է «Տիգրան Սարգսյան–2» օպերացիան, բայց միևնույն ժամանակ ուզում է ցույց տալ, թե, իբր, ինքնավստահ է, ու իրեն պինդ է զգում։ Նման ինքնավստահություն, ի դեպ, նա ուներ նաև Տիգրան Սարգսյանին հեռացնել–չհեռացնել թեմայով, բայց դե ...

Եվ այսպես, քաղաքական դաշտում կան երկու սուբյեկտ և երկու օրակարգ, բայց պետք է լինի մեկ հանգուցալուծում։

Կա՛մ Սերժ Սարգսյանին կհաջողվի սահմանադրական փոփոխություններն անցկացնել ու պարտության տանել Հայաստանը, կա՛մ կհաղթի քառյակը, այսինքն՝ Հայաստանի հասարակությունը։

Սերժը վախենում է հրապարակից ու իր վերջին հարցազրույցում էլ ակամայից խոստովանեց դա։ Քառյակի հիմնական զենքը հանրային ու պետական խնդիրներ բարձրացնելն ու հրապարակ ձևավորելն է։

Ամեն դեպքում, հարցը լուծվելու է հրապարակում։ Դրա լիքը կամ դատարկ լինելուց էլ կախված կլինի քաղաքական պայքարի ելքը։

Եվ ուրեմն, բոլորս դեպի հրապարակ։ Պետք է պատրաստվել հիմիկվանից ու ամեն օր։ Պատրաստվել հանգիստ, առանց հիստերիկայի ու կեղծ «կլիշեների»։ Պատրաստվել միասնաբար ու հիմնավոր։ Պատրաստվել Սերժի աշնանը։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ ԱԺ–ում այսօր տեղի ունեցածը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը հազիվ է ՀՀԿ–ական գլխաքանակով ծայրը ծայրին հասցնում ու միայն վերջին ռեզերվներն օգտագործելով է կարողանում քվորում ապահովել։ Դա ևս մեկ փաստարկ է հրապարակի ձևավորման օգտին։

Հրապարակում կանգնած քաղաքացին կստիպի «երկրորդ սերնդի» դհոլներին ձեռնպահ մնալ մանրադրամի ֆունկցիա կատարելուց։

Այս խորագրի վերջին նյութերը