Լրահոս

01.09.2009 18:26


Բաքվում հայ–թուրքական համաձայնագրերի ֆոնին քննարկել են հետագա քայլերը

Ադրբեջանի նախագահի աշխատակազմում արտակարգ խորհրդակցություն է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչների, աշխատակազմի ղեկավարի, ազգային անվտանգության նախարարության ղեկավարների, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։

Օրակարգում եղել են հայ-թուրքական հարաբերությունները։ Մասնավորապես քննարկվել է Ադրբեջանի հետագա արտաքին քաղաքական և տեղեկատվական ռազմավարությունը հայ-թուրքական համաձայնագրերի հրապարակման ենթատեքստում, որոնք նախատեսում են հայ-թուրքական հարաբերությունների բարելավում և սահմանի բացում։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ Ադրբեջանի նախագահն արտգործնախարարությանը կարգադրել է ակտիվացնել թուրք գործընկերների հետ շփումները, ինչպես նաև ապահովել թուրքական մամուլում ադրբեջանական դիրքորոշման լուսաբանումը։

Բացի դրանից, Ազգային անվտանգության նախարարությունը կարգադրություն է ստացել ուղղակի երկխոսություն հաստատել Թուրքիայում ադրբեջանական լոբբիստական խմբերի ղեկավարների հետ, ինչպես նաև ակտիվացնել թուրքական մարզերում էթնիկ ադրբեջանցիներին։

Չի բացառվում նաև Թուրքիայի մի շարք շրջաններում բողոքի ակցիաների անցկացումը հայ-թուրքական սահմանի բացման դեմ։

Իլհամ Ալիևի կարգադրությամբ՝ նախատեսվում են թուրքական կապիտալով բոլոր տնտեսվարող սուբյեկտների մեծամասշտաբ ստուգումներ Ադրբեջանի հարկային մարմինների կողմից։ Աղբյուրը մասնավորապես նշում է, որ ադրբեջանական հարկայինների ուշադրության կենտրոնում կհայտնվեն Բաքվում և շրջաններում գործող թուրքական փոքր և միջին դուստր ձեռնարկությունները, իսկ Երևանի և Անկարայի երկխոսության խորացման դեպքում ստուգումներ կանցկացվեն նաև խոշոր հոլդինգներում, այդ թվում նաև՝ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտի բիզնեսում։

Այս խորագրի վերջին նյութերը