Մեկնաբանություն

20.06.2014 10:18


«Մեծ բարեփոխումների» հետևանքները

«Մեծ բարեփոխումների» հետևանքները

«Մեծ բարեփոխումները միշտ էլ արգելքների հանդիպում են. եթե մենք այդպես չանենք մեր պետությունը զարգացում չի ապրի։ Երբ փողերը փոխվում էին, միանգամից սնանկացավ ազգը, ինչ-որ քննարկումներ կատարեցի՞ն 90-ականներին, կամ որևէ բան, բայց ես գտնում եմ, որ ճիշտ արեցին։ Փողերի փոխման առումով մեր ազգը միանգամից սնանկացավ, բայց ընդվզում չեղավ»,- հայտարարել է Գալուստ Սահակյանը:

Մի կողմ թողնենք այն, որ փողերը փոխելու խնդիրն ու «կուտակայինի» անվան տակ ժողովրդին թալանելու գործող իշխանության մտադրությունն ու տենչը բնավ համեմատելի չեն:

Ուշագրավն այն է, որ հայտարարության հեղինակը խոսում է մեծ բարեփոխումների մասին:

Անցած վեց տարիներին այդ ի՞նչ մեծ բարեփոխումներ են իրականացրել Սերժ եւ Տիգրան Սարգսյանները: Եթե եղել են իրական բարեփոխումներ, որոնք ի նպաստ երկրի ու ժողովրդի են եղել, ապա ինչո՞ւ պետք է արգելքների հանդիպեին:

Սարգսյանական «բարեփոխումների» միակ «արդյունքն» այսօրվա իրականությունը չէ՞. աղքատության եւ արտագաղթի աճ, տնտեսության փլուզում, գնաճ ու «կուտակային» կողոպուտ, ներդրումների ծավալի շեշտակի նվազում եւ արտաքին պարտքի շեշտակի ավելացում:

Սա՛ է եղել անցած վեց տարիներին իրականացված «բարեփոխումների» հետեւանքը: Ինչի՞ մասին է խոսքը:

Իրականում, իհարկե, ոչ մի բարեփոխում էլ չի եղել, ոչ մեծ եւ ոչ էլ փոքր:

Կարմիր կետագծերը, արագաչափերը կամ պարտադիր սոցվճարի վերածված, բայց, ըստ էության չփոփոխված «կուտակայինի» օրենքը ոչ մի դեպքում հնարավոր չէ բարեփոխումներ համարել:

Ժողովրդին քամելու, սնանկացնելու, ծնկի բերելու եւ, ի վերջո, երկիրը դատարկելուն միտված հակամարդկային նախաձեռնություններ են սրանք: Ուրիշ ոչինչ:

Այլ բան, եթե ԱԺ նախագահը մեծ բարեփոխումներ ասելով՝ նկատի ունի Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի պարարտացումը, որ տեղի է ունեցել ժողովրդի մաշկը քերթելու, նրան մինչեւ վերջ հարստահարելու, տկլորացնելու ճանապարհով:

Այո՛, այս իմաստով մեծ բարեփոխումներ են եղել ՀՀԿ առաջնորդի եւ նրա թիմի կյանքում: Այնքան մեծ, որ «Վերջի բոլշեւիկը» որոշեց նաեւ ցողունային թերապիայի ենթարկվել: Դե, իսկ Տիգրան Սարգսյանն էլ մտադիր է դեռ շատ երկար վայելել օֆշորային միլիոնները:

Նման «բարեփոխումներն», իհարկե, պետք է արգելքների հանդիպեն եւ հանդիպում են: Ապացույցը Սերժ Սարգսյանի համոզվածությունն է, որ իրենից եւ իշխանությունից դժգոհ է ժողովրդի 80 տոկոսը:

Իսկ այն արխայինությունը, որ կա իշխանության մոտ, թե ընդվզում չի լինի, թող այդպես արխային էլ մնան: Զգոնությունները թող բթացնեն։ Այդպես ավելի հեշտ կլինի։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը