Լրահոս

01.09.2009 18:41


Կարեն Բեքարյան. «Թուրքիայի համար սա գուցե ցանկալի է Ադրբեջանի մեջլիսում հերթական անգամ ինչ–որ մի բանի վրա հղում տալու համար»

-Մարտահրավերներ, իհարկե, կան, բայց այդ  մարտահրավերները պետք է դուրս բերել։ Պարզապես մեզ մոտ կա ցանկացած բան արժեզրկելու ուղղակի մոտեցում,-խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների մասին՝ ասել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի  նախագահ Կարեն Բեքարյանը։

«7օր»-ի այն հարցին, թե իր նշած այդ մարտահրավերների մեջ արդյոք չի՞ մտնում այն, որ այս արձանագրությունները հնարավորություն են տալիս Թուրքիային փաստացի մասնակցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին մասնավորապես հետևյալ կետով՝« Վերահաստատելով իրենց հանձնառությունը տարածաշրջանային և միջազգային վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա» ձևակերպմամբ, Կարեն Բեքարյանը նշեց, թե այնտեղ դրանից ավելի վտանգավոր կետ կա։

-Խոսքը «Վերահաստատելով հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները՝ հարգելու իրենց երկկողմ և բազմակողմ պարտավորությունները» կետի մասին է։ Սա ավելի բարդ կետ է։ Ի՞նչ է նշանակում վերահաստատել, այսինքն՝ այն, ինչ գրված է, նորություն չի։ ՀՀ-ն, դառնալով ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի անդամ և այս ամենը, ինչ կա, բոլորն անդամակցությամբ մնացած բոլոր անդամների նկատմամբ այդ ամենը ստանձնել է, և դա նորություն չէ,-ասել է փորձագետը։

Նրա խոսքերով՝ կարելի է այս կետը շատ ավելի խորացնել և վերագրել Ղարաբաղի վրա, բայց այն կարելի է նույն կերպ պրոյեկտել Կիպրոսի վրա, Կոսովոյի վրա։

-Իմ կարծիքով սա ոչ մի պրոբլեմատիկ բան չի արտացոլում։ Թուրքիայի համար սա գուցե ցանկալի է Ադրբեջանի մեջլիսում հերթական անգամ ինչ-որ մի բանի վրա հղում տալու համար, բայց վտանգ չեմ տեսնում,-հավելել է Կարեն Բեքարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը