Տնտեսական

20.06.2014 11:04


Անտառն այրելու համար գյուղացին տուգանվել է 85 միլիոն դրամով

Անտառն այրելու համար գյուղացին տուգանվել է 85 միլիոն դրամով

«ԷկոԼուրը»-ի փոխանցմամբ՝ անտառն այրելու համար գյուղացին տուգանվել է 85 միլիոն դրամով։
Հայաստանում անտառային հրդեհները բռնկվում են հիմնականում աշնանը, երբ գյուղացիները այրում են դաշտերը՝ հաջորդ տարի առատ բերք ստանալու ակնկալիքով։ Այդ արարքը պատժվում է օրենքով, սակայն նույնիսկ դա գյուղացիներին հետ չի պահում։ Արդյունքում միլիոնների վնաս է պատճառվում անտառին։ Այս մասին ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտում տեղի ունեցած «Անտառային հրդեհների մարում հոսքային ջրերով՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ» թեմայով միջազգային կոնֆերանսի ժամանակ ներկաներին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը։ «Մենք ունենք մեկ դեպք, երբ գտանք այրողին եւ ակտավորեցինք: Գյուղացի մարդ էր, բավականին մեծ վնաս էր հասցրել անտառին, դատարանը որոշեց 85 միլիոն դրամ տուգանի այդ մարդուն: Եվ մենք պետք է պահանջեինք այդ տուգանքը, որովհետեւ մեզ էր հասցված վնասը: Այդ գյուղացին չուներ նման կարողություն»,- ասաց Ռուբեն Պետրոսյանը՝ նշելով, որ իրենք այդպես էլ չստացան այդ գումարը:
Ռուբեն Պետրոսյանի խոսքերով՝ Հայաստանում ամենից հաճախ անտառային հրդեհներ լինում են Սյունիքի մարզում, սակայն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ ստեղծված արագ արձագանքման խմբերի միջոցով այդ հրդեհներն արագ մարվում են։

«Լավ է, որ Հայաստանը գտնվում է այսպիսի գոտում եւ ունի 96 տոկոս լայնատերեւ անտառներ: Այստեղ հրդեհները հիմնականում վերգետնյա են, սաղարթային հրդեհներ շատ քիչ ենք ունենում: Դա է մեզ փրկում, որ մենք առանց որեւէ էական սարքավորումների եւ տեխնիկայի կարողանում ենք պահել անտառը այնպես, որ այլ երկրների հետ համամատաբար քիչ այրվի»,- ասաց Ռուբեն Պետրոսյանը։ Ըստ նրա՝ Հայաստանի անտառներն ավելի շատ տուժել են որակային առումով, քան տարածքային:
Հայաստանի անտառների 25 տոկոսը, գտնվելով բնության հատուկ պահպանվող տարածքներում, պահպանվում են ՀՀ բնապահպանության նախարարության կողմից, իսկ 75 տոկոսը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից։

Աղբյուրը՝ «ԷկոԼուր»

Այս խորագրի վերջին նյութերը