Լրահոս

20.06.2014 21:16


Թավջութակահար Դոմինիկ դե Վիլենկուրը Հայաստանում կնվագի 18-րդ դարի թավջութակով

Թավջութակահար Դոմինիկ դե Վիլենկուրը Հայաստանում կնվագի 18-րդ դարի թավջութակով

Ֆրանսիացի թավջութակահար և կոմպոզիտոր Դոմինիկ դե Վիլենկուրը հունիսի 22-ին ժամը 19.00-ին առանձին համերգով հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգի ընթացքում կհնչեն Էդվարդ Գրիգի «Հոլբերգ սյուիտ» ստեղծագործությունը, Ռոբերտ Շումանի «Թավջութակի կոնցերտը» (փոխադրումը` Դոմինիկ դե Վիլենկուրի) և Դոմինիկ դե Վիլենկուրի «EMTO» թավջութակի և լարայինների համար ստեղծագործությունները:

«Լինելով նրբաճաշակ և բարձրարվեստ վիրտուոզ՝ Դոմինիկ դե Վիլենկուրն իր համերգներում աչքի է ընկնում անկեղծությամբ, թավջութակի թավշյա հնչյուններով և կատարման նրբագեղությամբ», երաժիշտի մասին գրել են քննադատները: 2000 թվականից ի վեր Դոմինիկ դե Վիլենկուրը նվագում է Յոզեֆ Գալիանոյի 1754 թվականին պատրաստված բացառիկ թավջութակով և Ֆրանսուա Տուրտի 1825 թվականին աղեղով: Հայաստանում ևս նա կնվագի իր գործիքներով՝ հնչեցնելով բառաիկ նրբության և մաքրության հնչյուններ:

Դոմինիկ դե Վիլենկուրը համերգներով հանդես է եկել աշխարհի ավելի քան քառասուն երկրներում: Միայն վերջին մի քանի տարիներին ելույթ է ունեցել Ավստրիայում, Կոլումբիայում, Հարավային Կորեայում, Ռումինիայում և Ռուսաստանում: Մասնակցել է այնպիսի հեղինակավոր փառատոներին, ինչպիսիք են Կուհմոյի (Ֆինլանդիա), Պորտոգրուարոյի (Իտալիա), Յոկոհամայի և Կիոտոյի (Ճապոնիա) փառատոները:

Բորոդինի անվան կվարտետի հիմնադիր անդամ Վալենտին Բեռլինսկին Դոմինիկ դե Վիլենկուրին հրավիրվել է հանդես գալու Մոսկվայի ֆիլհարմոնիայում, ինչպես նաև որպես ժյուրի ներկա գտնվելու Շոստակովիչի անվան մոսկովյան միջազգային մրցույթում:

Սահարա, Եմեն, Կովկաս, Կենտրոնական Ասիա և Հնդկաստան կատարած ճանապարհորդությունները ոգեշնչել են Վիլենկուրին ստեղծագործելու հայկական և տիբեթյան թեմաներով:

«Մեցցո» հեռուստաալիքի համար Դոմինիկ դե Վիլենկուրը պատրաստել է վավերագրական ֆիլմ՝ ներկայացնելով ստեղծագործական այն բացահայտումները, որոնք նա կատարել է անապատներում իր գործիքով շրջելու ընթացքում: Թողարկվել է թավջութակահարի ստեղծագործությունների առաջին մենագրային ձայնասկավառակը, ինչպես նաև «Բախն անապատում» վերնագրով տեսասկավառակը, որը ներկայացնում է նրա շրջագայությունները Սահարայի սրտում:

Թավջութակահարը նաև հանդիսանում է Europe & Art երաժշտական ընկերության գեղարվեստական ղեկավարը և 1994 թվականից ի վեր կազմակերպում է երաժշտական շրջագայություններ այնպիսի մեծանուն երաժիշտների հետ, ինչպիսիք էին Լորդ Յեհուդի Մենուհինը, Յուրի Բաշմետը:

Այս խորագրի վերջին նյութերը