Մեկնաբանություն

20.06.2014 13:50


«Ժառանգորդ» օպերացիան ձախողվել է

«Ժառանգորդ» օպերացիան ձախողվել է

Սերժ Սարգսյանը, հանուն աթոռի, կարողացավ հաղթահարել բոլոր խոչընդոտները։

2008թ. նա նախագահ դարձավ «մարտի 1»–ի միջոցով։ Հետագայում վերարտադրվեց տոկոս «խփելով»։

Սարգսյանը կեղծեց բոլոր համապետական ընտրություններն ու Երևանի ավագանու ընտրությունները (մյուս քաղաքների ու գյուղերի ընտրությունները չհաշված), բայց հիմա կանգնել է լրջագույն խնդրի առաջ։ Նա հաղթեց ՀՀ ընտրողին, բայց պարտվում է ՀՀ սահմանադրությանը, որտեղ գրված է, որ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել հանրապետության նախագահի պաշտոնում։

Սերժ Սարգսյանն այնպես է կառավարել, որ չի կարող քաղաքական ժառանգորդ ունենալ։ Զուտ տեսականորեն այդ ժառանգորդը կարող էր լինել Տիգրան Սարգսյանը, բայց նա քառյակի օգնությամբ ընկավ «հերոսի մահով», և հիմա Սերժ Սարգսյանը միայն ինքն իրեն է տեսնում ժառանգորդի դերում։ Այլ ժառանգորդներ Սերժը չի կարող և չի ուզում ունենալ։

Ինքն իրեն ժառանգորդ տեսնելն էլ նրան մղում է սահմանադրական փոփոխությունների։

«Վերջի բոլշևիկն» ուզում է ստալինաբրեժնևյան սահմանադրությունների միքսված տարբերակը փաթաթել հայ ժողովրդի վզին, որպեսզի հնարավորություն ստանա «գենսեկի» կարգավիճակով ցմահ իշխել՝ հենվելով լիսկաների վրա։

Բայց մի բան է ցանկությունը, իսկ լրիվ ուրիշ բան՝ իրականությունը։

Իր վերջին հարցազրույցում Սարգսյանը փաստացի խոստովանեց, որ դեռ չի կարողանում «դուխով» շրջանառության մեջ դնել սահմանադրական փոփոխությունների, այն է՝ իր վերարտադրության նախագիծը, քանզի վախենում է քառյակից։ Վախենում է, որ առանց քաղաքական ուժերի հետ համաձայնության՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է վերածվել իր հեռացման միջոցառման։ Եվ անհիմն չէ նրա վախը։

Այդ վախն է պատճառը, որ նա չի կարողանում հայտարարել «սահմանադրական» հեղաշրջման մեկնարկի մասին։ Արդյունքում՝ առաջանում է անորոշություն ՀՀԿ–ի ներսում։

1998թ. սկսած՝ առաջին անգամ ՀՀԿ–ն կանգնած է իշխանությունը կորցնելու վտանգի առաջ։

ՀՀԿ–ում էլ են հասկանում, որ Սերժ Սարգսյանը չի կարող վերարտադրվել։ Այդ կուսակցությունում նաև հասկանում են, որ Սերժը քաղաքական ժառանգորդ չունի։ Հասկանում են ու իրենց մտքում արդեն «դուրս են գրել» Սերժին։

Այդ տրամադրությունների մասին տեղյակ են նաև Բաղրամյան 26–ում ու փորձում են կանխել քայքայման երևույթները։ Սերժ Սարգսյանին սահմանադրական փոփոխությունների իրականացման մասին հայտարարությունն ու գործընթացն, ըստ այդմ, պետք են նաև իշխանության ներսում կենտրոնախույս տրամադրությունները կանխելու համար, սակայն տեղի է ունենում ճիշտ հակառակը։ ՀՀԿ–ն աչքներիս առաջ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունեցող ուժից վերածվում է հարաբերական մեծամասնություն ունեցող ուժի։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նրա մոտ խորանում է «կաղ բադիկի» սինդրոմը, քանզի «Ժառանգորդ» օպերացիան բոլոր առումներով ձախողվել է։ Նրան սահմանադրական փոփոխությունների գործընթացը պետք է ոչ միայն վաղը վերարտադրվելու, այլ այսօր կառավարելու համար, քանզի եթե նա չի կարողանում իշխանական բուրգին ապացուցել, որ մնում է, ապա իր իշխանությունը փլվում է այժմ և այստեղ, այլ ոչ թե հեռավոր 2017-18թթ.։

Ոչիշխանական ուժերին այս պայմաններում մնում է ամուր պահել դիրքերը, ավելացնել մեթոդիկ ճնշումը, սահմանադրական փոփոխությունների մերժման հարցում հասնել բացարձակ կոնսենսուսի և հանրությանը նախապատրաստել հրապարակ գալուն։

Շատ կարևոր է նաև Սերժ Սարգսյանին անձնական երաշխիքներ տալու գործուն մեխանիզմների մշակումը։

Եթե մենք ուզում ենք առանց ցնցումների և անարյուն իշխանափոխություն, ապա Սերժին չպետք է դեմ տանք պատին։ Ճիշտ է, այդպես կարելի է նրան ջարդել, բայց մինչև ջարդելը նա էլ ահագին վնաս կարող է տալ մեր հանրությանն ու պետությանը։ Դրա համար պետք է հումանիտար միջանցք հատկացնել Սերժին ու ամեն ինչ տանել փափուկ տարբերակով։

Մոտենում է «Վերջի բոլշևիկի» աշունը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը