Լրահոս

01.09.2009 19:17


Հայ Յեղափոխական Դաշնակցության հայտարարությունը

2009թ. օգոստոսի 31-ին պաշտոնապես հրապարակվեց Հայաստանի Հանրա­պե­տության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերություն­ների զարգաց­մանն ուղղված փաստաթղթերի փաթեթը:

Հայաստանն ու հայությունը մտան մի նոր շրջափուլ, որը հղի է բազմաթիվ վտանգներով:

Այս մասին էր ահազանգում ՀՅ Դաշնակցությունը, երբ քաղաքական այս գործընթացի հենց սկզբից պարբերաբար արտահայտում էր իր սկզբունքային հետեւյալ դիրքորոշումները.

ա. Իբրեւ հարեւան պետություններ' Հայաստանն ու Թուրքիան ի վերջո պետք է քայլեր ձեռնարկեն հարաբերությունների բնականոնացման ուղղությամբ: Սակայն երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրավունքների վերականգմամբ միայն: Առանց նախապայման­ների դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ շրջափակման վերացումը այս ճանապարհի սոսկ առաջին քայլերն են:

բ. ՀՀ կողմից առանց նախապայմանների հարաբերությունների հաս­տատ­ման առաջարկն արդեն իսկ մեծագույն զիջում է:

գ. Անընդունելի է Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնա­ցումը մեր պետության ինքնիշխան եւ կենսունակ լինելիության ու սերունդների' ազգային-պետական իրավունքների հաշվին:

Այս սկզբունքներից մեկնելով' ՀՅ Դաշնակցությունը բազմիցս զգուշացրել է, որ  Թուրքիան ողջ գործընթացը իր քաղաքական շահերին է ծառայեցնում (Հայոց Ցեղա­սպանության միջազգային ճանաչման գործընթացի կասեցում, ԼՂՀ հիմնահար­ցում ադրբեջանամետ արդյունքների ապահովում) եւ Հայաս­տանի Հանրապետության հետ խոսում է բացահայտ ու քողարկված նախապայմաններով:

Այժմ արդեն ակնհայտ է, որ հրապարակված փաստաթղթերը բովանդակում են թուրքական կողմի հայտնի նախապայմանները։ Այն է' Հայոց ցեղասպանության փաստը կասկածի ենթարկել եւ հայ ժողովրդի անժաման­ցելի իրավունքները ի չիք դարձնել: Առավել, հիշյալ փաստաթղթերի հրապարակումից անմիջապես հետո Թուրքիան պաշտոնական հայտարարությամբ կրկնում է իր երրորդ նախապայմանը՝ որ երբեք չի ձեռնարկի քայլեր, որոնք կհակասեն Ադրբեջանի շահերին: Այսինքն շարունակում է հայ-թուրքական գործընթացը պայմանավորել Ղարաբաղյան խնդրով:

            ՀՅ Դաշնակցությունը շարունակում է պնդել, որ ՀՀ արտաքին քաղաքակա­նությունը շեղվել է ազգային-պետական ուղեգծից, եւ կանխատեսելի զարգացումները կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ:

Ելնելով այս ամենից' ՀՅ Դաշնակցությունը ներքաղաքական քննարկումների այս փուլում բոլոր հնարավորություններն օգտագործելու է փաստաթղթերում առկա վտանգները բացահայտելու եւ չեզոքացնելու նպատակով:

            Մենք կոչ ենք անում հայ հանրությանը, ՀՀ քաղաքական ուժերին ճիշտ գնահատել հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը, հնարավոր բացասական արդյունքները եւ առավելագույն համախմբվածությամբ բացառել անշրջելի կորուստ­ների հավանականությունը:

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

01 սեպտեմբեր 2009թ.

ք. Երեւան

Այս խորագրի վերջին նյութերը