Տնտեսական

20.06.2014 15:58


ԲՀԿ–ն դեմ է կուտակայինի մասին Կառավարության նոր նախագծին

ԲՀԿ–ն դեմ է կուտակայինի մասին Կառավարության նոր նախագծին

ԱԺ այօրվա արտահերթում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հիշել է իր նախորդ ելույթը, երբ խորհրդարանում նստած ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին կոչ է արել քաղաքական համարձակություն դրսևորել և հետաձգել պարտադիր կուտակայինը։

–Տիգրան Սարգսյանն ուղղակի ժպտաց և ասաց՝ բոլոր քննարկումներն ավարտվել են։ Ես ասացի՝ եթե մի ռեֆորմ վերաբերում է ամբողջ հանրությանը, և այդ հանրությունը չի պաշտպանում դա, ուրեմն շատ բարդ է լինելու իրականացնելը,–նշել է Մ. Մելքումյանը։

Նա նշել է, որ խնդիրը ոչ թե մասնագիտական է, այլ քաղաքական, և եթե նոր Կառավարությունն ուզում է տարբերվել նախորդից, ապա պետք է հրաժարվի որոշումներ կայացնելու քաղաքական մենաշնորհից։

–Հարյուր տոկոսանոց մենաշնորհը ոչ մի լավ բանի չի բերում, լճացմա՛ն է բերում,–ընդգծել է ԲՀԿ–ական պատգամավորը։

Նա հավելել է, որ պարտադիր կուտակայինի բարեփոխումն իրականացնելու պահը պատեհ չէ. երկրի սոցիալ–տնտեսական իրավիճակը թույլ չի տալիս։

–ԲՀԿ–ն դե՛մ է այս տեսքով այս ռեֆորմի իրականացմանը, և կարծում ենք, որ սա ոչ թե կոսմետիկ, այլ լրջագույն վերաիմաստավորման կարիք ունի,–եզրափակել է Մ. Մելքումյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը