Լրահոս

01.09.2009 19:17


«Ժառանգություն» կուսակցության շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 18-ամյակի կապակցությամբ

2 սեպտեմբերի 2009թ., ք. Երեւան:

Սիրելի հայրենակիցներ,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության այս կարեւոր տարեդարձի կապակցությամբ շնորհավորում ենք Արցախի եւ համայն հայությանը, մաղթում տոկունություն եւ հետեւողականություն արցախահայության եւ հայոց հավաքական կամքի, վճռականության, ինչպես նաեւ' մարտիրոսված հազարավոր հայորդիների արյամբ նվաճված անկախությունը հավերժացնելու գործում:

18 տարի առաջ համաժողովրդական հերոսական մաքառման արդյունքում Հայաստանի եւ ամբողջ աշխարհի հայության զորակցությամբ Դուք կերտեցիք հայկական երկրորդ պետականության' Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն  ու ինքնիշխանությունը: Այսօր Արցախն իր կայացող պետական ու հասարակական կառույցներով եւ զարգացման հուսադրող տեմպերով աշխարհի հայության պարծանքն է:

Ավաղ, Հայաստանի Հանրապետության 2007-2008թթ. կոալիցիոն իշխանությունները անհեռատեսորեն տապալեցին Հայաստանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի 2007թ. օրենսդրական նախաձեռնությունը' իբրեւ Կոսովոյի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունների մասնակի, բայց միջազգային ճանաչմանն ընդառաջ գործընթաց եւ այդ բոլոր չճանաչված հանրապետությունների նախակարապետ Արցախի միջազգային ճանաչման մեկնարկային քայլ: Հայաստանի խորհրդարանը չբարեհաճեց անգամ օրակարգ մտցնել «Ժառանգության» օրինագիծը' մեզ բոլորիս զրկելով բանակցային գործընթացում այն իբրեւ հզոր լծակ օգտագործելու հեռանկարից: Անկախ կորսված հերթական պատմական հնարավորությունից, ԼՂՀ անկախությունն անհերքելի պատմական իրողություն է, իսկ պետականությունը' միջազգային չափանիշներին լիարժեք համապատասխանող:

Մենք եւս մեկ անգամ հայտարարում ենք, որ «Ժառանգություն» ազգային-ազատական կուսակցությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն իր սահմանադրությամբ ամրագրված սահմաններով: Նաեւ կոչ ենք անում Հայաստանի եւ Սփյուռքի բոլոր քաղաքական ու հասարակական կազմակերպություններին. ճանաչել ԼՂՀ անկախությունը եւ ձեռնամուխ լինել նրա միջազգային ճանաչման գործընթացին:

«Ժառանգությունը» գտնում է, որ Արցախի անկախության եւ անվտանգության գլխավոր երաշխավորը նրա հողի վրա ապրող քաղաքացիների ազատ ապրելու վճռական կամքն է, հայկական զինված ուժերի մարտական ոգին եւ այս հարցում համայն հայության միասնականությունը:

«Ժառանգություն» կուսակցություն

Հ.Գ. Սեպտեմբեր 2-ին «Ժառանգություն» կուսակցության անդամներն ու համակիրները Եռաբլուրում կոգեկոչեն Արցախի պետականության համար ընկած հայորդիների հիշատակը եւ իրենց համերաշխությունը կհայտնեն ԼՂՀ երեւանյան ներկայացուցչությունում:    

Այս խորագրի վերջին նյութերը