Լրահոս

20.06.2014 18:27


ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի միջանկյալ եզրակացությունը

ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի միջանկյալ եզրակացությունը

Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովում ստեղծվել է չորս աշխատանքային ենթախումբ, և ներգրավվել է երեք փորձագետ:

 l-ին աշխատանքային ենթախմբում ընդգրկված են պատգամավորներ՝ Խոսրով Հարությունյանը, Գուրգեն Արսենյանը, Աղվան Վարդանյանը և Գագիկ Մինասյանը : Ենթախմբի կողմից ուսումնասիրվում են հետևյալ հարցերը՝

բնական գազի մատակարարման և օգտագործման բնագավառում սպառողների շահերի պաշտպանության ներկայիս վիճակի (բնական գազի ջերմատվության, գազի հաշվիչների ստուգաչափման, կորուստների հիմնավորվածության, ներտնային համակարգի սպասարկման և այլնի վերաբերյալ) ուսումնասիրությունը:

 2-րդ աշխատանքային ենթախմբում ընդգրկված են պատգամավորներ՝ Խոսրով Հարությունյանը և Ռուբեն Հակոբյանը: Ենթախմբի կողմից ուսումնասիրվող հարցերն են.

ա) 2011-2013 թվականների ընթացքում գազի դիմաց կուտակված պարտքի ձևավորման օրինականության և չափի հիմնավորվածության ուսումնասիրությունը,

բ) «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության ունեցած բաժնեմասի գնահատման գործընթացի ուսումնասիրությունը:

 3-րդ աշխատանքային ենթախմբում ընդգրկված են պատգամավորներ՝ Աղվան Վարդանյանը, Հովհաննես Մարգարյանը, Գագիկ Մելիքյանը և Լեռնիկ Ալեքսանյանը: Ենթախմբում ընդգրկված պատգամավորները ուսումնասիրում են հետևյալ հարցերը.

ա) բնական գազի այլընտրանքային ներկրման (Ռուսաստանի Դաշնության այլ արդյունահանողներից, այլ երկրների արդյունահանողներից, Ռուսաստանի Դաշնության կամ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով և այլն) հնարավորությունների կանխատեսումները,

բ) Հայաստանի Հանրապետության տարածքով բնական գազի տարանցիկ փոխադրման հնարավորությունների կանխատեսումները,

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության համար Վրաստանի սահմանում բնական գազի գնի ձևավորման գործոնների հիմնավորվածության ուսումնասիրությունը:

 4-րդ աշխատանքային ենթախմբում ընդգրկված են պատգամավորներ՝ Վարդան Այվազյանը, Միքայել Մելքումյանը, Արամ Մանուկյանը և Գարեգին Նուշիկյանը: Այս ենթախմբում ընդգրկված պատգամավորները ուսումնասիրում են հետևյալ հարցերը՝

«ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների`

ա) հաշվարկման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի համապատասխանությունը միջազգային պրակտիկային,

բ) համապատասխանությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգին,

գ) ազդեցությունը էլեկտրաէներգիայի սակագնի վրա:

Հանձնաժողովի աշխատանքային խմբերի կողմից քննարկումների արդյունքում մշակվել է 103 հարցերից բաղկացած հարցաշար: Ուստի, հետագա ուսումնասիրությունների և խնդիրների բացահայտման արդյունքում, հարցաշարը կարող է համալրվել նոր հարցադրումներով, քանի որ աշխատանքները ունեն շարունակական բնույթ:

Կազմված հարցաշարը ուղարկվել է հետևյալ նախարարություններ և գերատեսչություններ՝

1. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,

2. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն,

3. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,

4. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով,

5. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով,

6. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ:

Վերը նշված նախարարություններից և գերատսչություններից ստացվել են համապատասխան պատասխաններ /մոտ 1800 էջ/, որոնք դեռևս ամբողջական չեն և գտնվում են աշխատանքային փուլում:

Հանձնաժողովի ենթախմբերում ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում ձևավորվել են նախնական դիտարկումներ, հարցեր և եզրակացություններ: Մասնավորապես՝

1-ին ենթախմբում ուսումնասիրությունները գտնվում են աշխատանքային փուլում: Հանձնաժողովում դեռևս չեն ձևավորվել վերջնական պատասխաններ, հետևաբար, լրացուցիչ քննարկման կարիք ունեն:

2-րդ ենթախմբի հարցերի վերաբերյալ ձևավորվել են հետևյալ մոտեցումները.

- 2011-2013 թվականների ընթացքում գազի դիմաց կուտակված պարտքի ձևավորման օրինականության և չափի հիմնավորվածության ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ «Գազպրոմ» ԲԲԸ –ի կողմից ՀՀ առաքված գազի դիմաց «Հայռուսգազարդ» ՓԲԸ –ում ձևավորված պարտքը իրականում կազմում է 129,5 մլրդ. դրամ, որի հիմնավորման համար հիմք են հանդիսանում համապատասխան կառույցներից ներկայացված փաստաթղթերը:

Միևնույն ժամանակ, այդ պարտավորությունների «պետական պարտք» վերաորակավորելու, ինչպես նաև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության ունեցած բաժնեմասի գնահատման գործընթացի իրավական հիմնավորվածությունը բացահայտելու նպատակով անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ: Վերոնշյալ հարցերի վերջնական պարզաբանումների վերաբերյալ ենթախմբում առկա են որոշակի տարաձայնություններ, որոնք ևս հիմք են հանդիսանում հետագա խորը մասնագիտական ուսումնասիրությունները շարունակելու համար:

3-րդ աշխատանքային խմբի գործունեությունն ուղղված է եղել «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանաձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման 2-րդ կետով նախատեսված 4-րդ, 5-րդ և 6-րդ խնդիրների լուծմանը: Ընդհանուր առմամբ, այդ խնդիրները վերաբերում են Հայաստանի Հանրապետության գազամատակարարման և գազատրանսպորտային համակարգի զարգացման այլընտրանքային ուղիների ստեղծման նարավորություններին: Այդ իմաստով աշխատանքային խմբի կողմից կարևորվում է Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների արդյունահանողներից բնական գազի այլընտրանքային ներկրման (Ռուսաստանի տարածքով և գազատրանսպորտային համակարգի միջոցով) հնարավորությունների բացահայտումը: Առանձնահատուկ կարևորություն է տրված Իրանի Իսլամական Հանրապետությունից (նաև` վերջինիս տարածքով այլ երկրներից) գազի ներկրման և Հայաստանի տարածքով տարանցման հնարավորությունների կանխատեսումներին: Առանձին խնդիր է դիտարկվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության համար Վրաստանի սահմանում բնական գազի գնի ձևավորման գործոնների հիմնավորվածությունը:

Նշված խնդիրների պարզաբանման, համապատասխան եզրակացությունների և առաջարկությունների մշակման նպատակով խումբն անցկացնում է ուսումնասիրություններ և փորձագիտական հետազոտություններ հետևյալ հարցերի շրջանակում.

ա) բնական գազի ներկրման ռուսական այլընտրանքային աղբյուրները` գազի այլ արդյունահանողներ և արտահանողներ,

բ) Ռուսաստանից բնական գազի ներկրման այլընտրանքային ուղիները,

գ) Գազպրոմի խողովակաշարային համակարգով Կենտրոնական Ասիայի երկրներից բնական գազի ներկրման հնարավորությունները,

դ) Գազպրոմի կողմից Արևելյան Եվրոպայի երկրներ մատակարարվող գազի պայմանները և գները,

ե) Մաքսային միության շրջանակներում գազի շուկայի ազատականացման հեռանկարները, դրանց հավանական ազդեցությունը Հայաստանի գազի շուկայի զարգացումների վրա,

զ) Իրանի տարածքով Մերձավոր Արևելքի երկրներից բնական գազի ներկրման հնարավորությունները,

է) Իրանի տարածքով Կենտրոնական Ասիայի երկրներից բնական գազի ներկրման հնարավորությունները,

ը) իրանական գազի կանխատեսումային գինը,

թ) Հայաստանի տարածքով իրանական բնական գազի տարանցման հնարավորությունները,

ժ) Գազի օրենբուրգյան գնի ձևավորման մեխանիզմը, ներառյալ դրա առանձին բաղադրիչները,

ժա) մինչև Վրաստանի սահման գազի փոխադրման գնի հաշվարկման մեխանիզմը, ժբ) միջազգային շուկաներում բնական գազի գների առկա միտումները:

Վերը նշված հարցերի շրջանակում ուսումնասիրությունների և փորձագիտական հետազոտությունների արդյունքում արդեն պատրաստվել է երկու տեղեկանք.

1. Գազի բազային գնի ձևավորման վերաբերյալ,

2. Մաքսային միությունում գազի շուկայի ազատականացման հեռանկարները և Հայաստանի գազի շուկայի զարգացումների վրա դրանց հավանական ազդեցության գնահատումը:

Առաջին տեղեկանքում, մասնավորապես, գազի բազային գնի ձևավորման հիմնավորվածությունը ցույց տալու նպատակով, ուսումնասիրվել և վերլուծվել են դրա երեք բաղադրիչ մասերը` գազի գինը Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզում, մինչև Վրաստանի սահման «Գազպրոմ» ԲԲԸ-ի գազատրանսպորտային համակարգով Հայաստան մատակարարվող բնական գազի տեղափոխման ծախսերը և Վրաստանի տարածքով Հայաստան մատակարարվող բնական գազի տարանցման ծախսերը: Ուսումնասիրվել են նաև Օրենբուրգի մարզի բնակչության կողմից սպառվող գազի գնային պայմանները:

Երկրորդ տեղեկանքում, մասնավորապես, Մաքսային միությունում գազի շուկայի ազատականացման հեռանկարների առումով, բացահայտվել են Մաքսային միության և գազի գնի փոխկապվածությունը, Եվրասիական տնտեսական միության և գազի գնի փոխկախվածությունը, ինչպես նաև կատարվել է կանխատեսում` ռուսական գազի գնի բարձրացման վերաբերյալ:

4-րդ ենթախմբի աշխատանքային գործունեության արդյունքում ձևավորվել են հետևյալ մոտեցումները՝ ուսումնասիրելով ՀՀ գազամատակարարման և գազաբաշխման համակարգին առնչվող գազի սակագնի հաշվարկման գործող մեթոդաբանությունը, վերջինիս համապատասխանությունը միջազգային և տարածաշրջանային համադրելի փորձին, գնահատելով ՀԾԿՀ-ի կողմից հաստատված սակագնի հաշվարկի մեթոդաբանության հիմնավորվածությունը, ինչպես նաև վերլուծելով ՀԾԿՀ-ի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից և «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ից ստացված գազի սակագնի ձևավորմանը վերաբերող համապատասխան տեղեկատվությունը՝ ներկայացնում ենք հետևյալը.

Հայ-վրացական սահմանի վրա 1000 մ3 գազի ձեռքբերման 189 ԱՄՆ դոլարին համարժեք գնի և մինչև 10 000 մ3 գազ սպառողների համար գործող 391 ԱՄՆ դոլար և 10 000 մ3-ից ավելի ծավալ սպառողների համար գործող 275 ԱՄՆ դոլար սակագնի ձևավորման վրա էական ազդեցություն ունեն հետևյալ գործոնները.

 Հայռուսգազարդ ՓԲԸ-ի աշխատավարձի ֆոնդը և աշխատողների թվաքանակը,

 համակարգի հիմնական միջոցների մաշվածությունը,

 նյութական և նորոգման ծախսերը,

 բաշխման և փոխադրման գործընթացում գազի տեխնոլոգիկան կորուստները,

 Հայռուսգազարդ ՓԲԸ-ի ներդրումային ծրագրերը,

 Հայռուսգազարդ ՓԲԸ-ի շահույթի թույլատրելի չափը: Բնական գազի գործող սակագնի հաշվարկներով շահագործման և սպասարկման ծախսերը հաշվարկվել են

20.3 մլրդ դրամ (11944.7 դրամ/հազ խմ) նախորդ սակագնի հաշվարկներով նախատեսված 10.3 մլրդ դրամի (6631.1 դրամ/հազ խմ) դիմաց: Ընդ որում, աշխատավարձի գծով ծախսը (ներառյալ հարկերը) ավելացել է 8.9 մլրդ դրամով, որը պայմանավորված է միջին ամսական աշխատավարձի ավելացմամբ՝119 հազ. դրամի փոխարեն՝ ներկայիս 227 հազ. դրամով /ներառյալ հարկերը/, ինչպես նաև աշխատողների թվաքանակի ավելացմամբ (5783 աշխատող՝ նախկին 4792-ի դիմաց):

Լրացուցիչ հիմնավորման կարիք ունի նաև աշխատողների թվաքանակի շուրջ 1000-ով ավելացումը և, երկրորդ՝ միջին ամսական աշխատավարձի շեշտակի աճը՝ 108 հազ. դրամով:

Լուրջ մտահոգություններ են առաջացնում նաև գազաբաշխման և փոխադրման գործընթացում գազի կորուստների չափերի գնահատման հարցերը:

Ըստ «էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 8-րդ կետի, Հայաստանում բնական գազի սակագները որոշվում են համաձայն «Գազամատակարարման համակարգում կարգավորող սակագների հաշվարկման մեթոդիկայի», որը հաստատվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2004թ. թիվ 168Ա որոշմամբ:

Համաձայն վերոնշյալ (սակագների հաշվարկման) «Մեթոդիկայի» գազամատակարարման համակարգի

փոխադրման ու բաշխման ցանցերում գազի կորուստները հաշվարկվում են ըստ Հանձնաժողովի կողմից հաստատված համապատասխան մեթոդիկաների: Այդ նպատակով հանձնաժողովի կողմից դեռ 2002թ. հաստատվել էին թիվ 41Ա և թիվ 97Ա մեթոդիկաները, համապատասխանաբար փոխադրման և բաշխման ցանցերում կորուստները հաշվարկելու համար: Սակայն, սկսած 2006 թվականից անհասկանալի պատճառներից ելնելով, գազամատակարարման համակարգի տեխնոլոգիական կորուստները, հակառակ օրենսդրական պահանջների, որոշվում են ՀՀ էներգետիկայի նախարարի 2003թ. Հ.55-ԱՄ, իսկ հետագայում՝ 2007թ. Հ18-Ն հրամաններով: Ուստի, վերջինս ենթակա է լուրջ մասնագիտական հիմնավորման:

Համապատասխան հիմնավորվածություն է պահանջում նաև սակագնի հաշվարկման գործընթացում նորոգման և նյութական ծախսերը 669.94 մլն դրամի չափով, որը նախկին սակագնի համեմատ ավելացել է 153.83 մլն դրամով (աճը՝ 29.8%), այն դեպքում երբ վերջին 3 տարիների ընթացքում համապատասխան ապրանքային և ծառայությունների շուկաներում այդ ծավալի գնաճ չի արձանագրվել:

Լրացուցիչ պարզաբանման կարիք ունի նաև ստուգաչափման և նորոգման ծախսերի աճի պատճառաբանությունը, քանի որ չեն ներկայացվել այդ ծառայությունների արժեքների հաշվարկման մեթոդիկան և այդ կազմակերպությունների ընտրության կարգը:

Նշենք նաև այն, որ 10% շահույթի թույլատրելի չափը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի համար գազի սակագնի էական բարձրացման պայմաններում լրացուցիչ հիմնավորման և պարզաբանման կարիք ունի՝ հաշվի առնելով ՀՀ գազամատակարարման և գազաբաշխման համակարգի թերբեռնվածության փաստացի աստիճանը, այն է՝ 8 մլրդ խմ-ի կարողության պայմաններում փաստացի սպառվում է 1.7 մլրդ խմ: «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի շահույթը նախորդ սակագնի հաշվարկներով նախատեսվածի (11282.06 մլն ՀՀ դրամ կամ 7524 ՀՀ դրամ/հազ. խմ) համեմատ գործող սակագնի հաշվարկներում (13860 մլն ՀՀ դրամ կամ 8129 դրամ/ հազ. խմ) ավելացել է 2578 մլն դրամով կամ 875 դրամ/հազ. խմ-ով: Փաստորեն, կարելի է արձանագրել, որ գազի սակագնի բարձրացմանը զուգընթաց էապես բարձրացել է նաև «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի շահույթի ծավալը՝ հազ. խմ-ի հաշվարկով՝ շուրջ 12%: Միաժամանակ, անցած 5 տարիների ընթացքում, ունենալով շահույթի կայուն ծավալներ, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն պետությանը չի վճարել շահաբաժիններ:

Ինչ վերաբերում է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրերի իրականացման արդյունավետությանն, ապա նշենք, որ դրանք իրականացվել են համաձայն ՀԾԿՀ-ի կողմից «Էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի համաձայնեցման կարգը հաստատելու մասին» 14.07.2010 N365-Ն որոշմամբ հաստատված Կարգի 3-րդ գլխում բերված «Հանձնաժողովի հետ ներդրումային ծրագրերի համաձայնեցման ընթացակարգի» դրույթներին համապատասխան: Ընդ որում, անցած 7 տարիների ընթացքում խոշորածավալ ներդրումներ են իրականացվել հանրապետության գյուղական համայնքների գազաֆիկացման և Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարանի կարողությունների ընդլայնման ուղղություններով: Մասնավորապես, վերջին 7 տարիների ընթացքում գազի պահեստարանի գծով ծախսերը և կապիտալ ներդրումները կազմել են ավելի քան 4 մլրդ դրամ, իսկ գյուղական համայնքների գազաֆիկացմանն ուղղված ներդրումները՝ մոտ. 7.5 մլրդ դրամ:

Վերոնշյալ և այլ բոլոր ներդրումներն էլ օգտակար և գտագործվող ճանաչված ոչ ընթացիկ ակտիվների տեսքով ներառվում են սակագնի հաշվարկի մեջ՝ որպես ծախսեր: Ուստի կարևոր է այդ ներդրումների (ծախսերի) իրական արդյունավետության համալիր գնահատականը /հանրային տեղեկատվության, գնումների և մրցույթների, ինչպես նաև մեկ աղբյուրից ձեռքբերումների թափանցիկության, լուրջ և համալիր ուսումնասիրությունների /:

Լուրջ վերլուծության կարիք ունի նաև գազի սակագնի բարձրացման ազդեցության գնահատումը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վրա 30 դրամից՝ 38 դրամ կվտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց:

Էլեկտրաէներգիայի սակագնի շուրջ 25 %-ի աճը պայմանավորված է նաև արտադրող կայանների ծախսերի ավելացմամբ, սակայն այդպիսի աճ առավելապես նկատվել է ջերմային էլեկտրակայանների գործունեության ոլորտում, իսկ վերջիններիս տեսակարար կշիռը ՀՀ էլեկտրաէներգիայի հաշվեկշռում կազմում է առավելագույնը՝ 32%, իսկ «ՀԷՑ»-ի կողմից էլեկտրաէներգիայի գնման առաջնահերթությունը պատկանում է ՀԱԷԿ-ին և Հէկ-երին, վերջում միայն՝ ՋԷԿ-երին:

Ուստի, 8 դրամ ավելացման միջակայքում «ՀԷՑ»-ին է պատկանում միայն 1.5 դրամը:

Ամփոփելով, արձանագրենք, որ վերոնշյալ ոլորտային վերլուծությունները և ուսումնասիրությունները պետք է շարունակել գազի համակարգի տնտեսական, ֆինանսական, հաշվապահական և այլ ոլորտներին վերաբերող ամբողջական և համապարփակ պատկերացում կազմելու համար:

Ելնելով վերը նշված խնդիրների ամբողջական բացահայտման և վերջնական եզրակացության ներկայացման անհրաժեշտությունից՝ խնդրում ենք Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացնել մինչև հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի ավարտը:

Այս խորագրի վերջին նյութերը