Տնտեսական

21.06.2014 11:19


ՀՅԴ-ն ներկայացրել է նոր կենսաթոշակային համակարգի իր սկզբունքները

ՀՅԴ-ն ներկայացրել է նոր կենսաթոշակային համակարգի իր սկզբունքները

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը ներկայացրել է նոր կենսաթոշակային համակարգի իր սկզբունքները: ՀՅԴ տարածած հայտարարության մեջ ասված է.
«Հայաստանում նոր կենսաթոշակային համակարգ մշակելու համար անհրաժեշտություն է հիմնարար սկզբունքների որոշումը, որոնց վրա պետք է կառուցել այդ համակարգը: Այդ սկզբունքների հիմքում առաջարկում ենք դնել ՀՀ Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման դրույթները, ինչպես նաև նկատի առնել Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության՝ ՏՀԶԿ և G20-ի ընդհանրական մոտեցումները:
Ըստ այդմ, կենսաթոշակային բարեփոխումներով ձեւավորվող համակարգը պետք է ապահովի հետևյալ սկզբունքների անշեղ գործադրումը՝
1. Կենսաթոշակային ապահովությունը անձի իրավունքն է: Այս իրավունքի իրականացման համար սահմանվում են պարտադիր պետական, կամավոր-մասնավոր (անձնավորված) և կամավոր-կոորպորատիվ համակարգեր: Պետք է սահմանվի, որ ցանկացած համակարգով անձի անունով կամ հաշվին ձևավորված կենսաթոշակային միջոցները կարող են ամբողջությամբ ժառանգվել, ինչպես նաեւ ժառանգի ցանկությամբ դրանք միանվագ վճարվել: Վերջին դեպքում կարող է սահմանվել դիսկոնտավորման պայման:
2. Կենսաթոշակային ապահովությունը պետության պոզիտիվ պարտավորությունն է: Պետությունը պետք է նախատեսի մարդու կենսաթոշակային ապահովության իրականացման համար լայն մասնակցության հնարավորություն՝ հասարակության բոլոր շերտերի ընդգրկմամբ: Սերունդների համերաշխության սկզբունքի վրա հիմնված պետական կենսաթոշակային համակարգի գործունեությունը պարտադիր է:
3. Հաշվետվողականություն: Կենսաթոշակային ողջ համակարգը պետք է գործի հրապարակայնության, հանրային եւ մասնավոր մասնակցային վերահսկողության սկզբունքներով: Պետական կենսաթոշակային համակարգի գործունեությունը մշտապես պետք է գտնվի կառավարության եւ կենտրոնական բանկի հսկողության, ինչպես նաև Ազգային ժողովի և քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո: ՀՀ կենտրոնական բանկը օրենքով սահմանված հանրային պատասխանատվություն պետք է կրի իր կողմից իրականացվող կարգավորումների շրջանակում:
4. Անհրաժեշտ համարժեքություն: Կենսաթոշակային համակարգի գործունեության արդյունքում վճարվող թոշակի մեծության համար թիրախային պետք է հանդիսանա նվազագույն սպառողական զամբյուղի կամ միջին աշխատավարձի մեծությունը (կապը կարող է սահմանվել որոշակի տոկոսային հարաբերակցությամբ): Այն պետք է ապահովի նաեւ արդար կապ վճարված միջոցների և ստացվող թոշակի մեծության միջև:
5. Կենսաթոշակների ինդեքսավորում: Կենսաթոշակները չպետք է կորցնեն իրենց գնողունակությունը և պարբերաբար պետք է ինդեքսավորվեն: Ինդեքսավորման պահանջը և կանոնը պետք է սահմանվեն օրենքով:
6. Աշխատանքի և ժողովրդագրության խթանում: Համակարգը պետք է խթանի ավելի երկար աշխատանքային գործունեությանը, օրինակ՝ ավելի ուշ թոշակի գնացողի փոխհատուցման գործակիցն ավելի բարձր է կամ սահմանվում է հավելում: Կենսաթոշակային համակարգին կատարվող վճարումները այն անձանց մասով, ովքեր աշխատաշուկայից ժամանակավորապես դուրս են գալիս երեխա ունենալու կամ զիվորական ծառայության մեկնելու կապակցությամբ, պետք է վճարվեն պետական բյուջեի հաշվին:
7. Կենսաթոշակային նպատակային վճարներ: Պարտադիր սոցիալական ապահովության (ապահովագրության) վճարները /այսուհետև՝ նաև սոցապ վճար/, որոնք ներկայումս գործող եկամտային միասնական հարկում ներառված են՝ պետք է առանձնացվեն պետական բյուջեի հատուկ հաշվում կամ պետական կենսաթոշակային ֆոնդում: Այս միջոցների հատուկ հաշվառումը պետք է ապահովվի 3-5 կետերում ներկայացված մոտեցումները (պայմանական կուտակային համակարգ): Ընդ որում, եթե քաղաքացին ցանկանում է օրենքով որոշված սոցապ վճարի մի մասը վստահել մասնավոր կենսաթոշակային ֆոնդին /իր անձնական հաշվում կուտակում իրականացնելու նպատակով/, ապա պետք է ընտրի այդպիսի ֆոնդ եւ կառավարիչ, որի դեպքում սահմանված գումարը ենթակա չէ գանձման պետական բյուջե կամ պետական կենսաթոշակային ֆոնդ: ՀՀ կառավարությունը պետական բյուջե կամ պետական կեսաթոշակային ֆոնդ փոխանցված գումարները մասնավոր կառավարիչներին հանձնելու դեպքում, այդպիսի հանձնումը պետք է կատարի բացառապես օրենքով սահմանված կանոնների եւ գրավոր պայմանագրի հիման վրա:
8. Չհարկվող նվազագույն եկամտի և անձի ընթացիկ ու հեռանկարային կենսաապահովման միջեւ խելամիտ հարաբերակցության սահմանում: Նվազագույն (ստորին մակարդակի) եկամտից պահումներ չպետք է արվեն, ինչպես նաեւ պետք է հաշվի առնվեն անձի ընտանիքի անդամների սոցիալական վիճակը: Ներկայումս գործող եկամտային միասնական հարկի դրույքաչափերը պետք է վերանայվեն՝ եկամտահարկի եւ սոցապ վճարի առանձնացման միջոցով: Եկամտահարկի դրույքաչափերի կիրառման համար կարող են հիմք ընդունվել հարկման նպատակով բազային եկամուտը և դրա նկատմամբ կիրառվող պատիկները: Հարկման նպատակով բազային եկամուտը որոշելիս կարող է կիրառվել. անձի ստացած եկամուտը հանած նվազեցումները, որոնց մեջ նկատի են առնվում նաև սոցապ վճարները, ինչպես նաև ընտանիքում անչափահաս երեխաների թիվը բազմապատկած սպառողական նվազագույն զամբյուղի արժեքի ընդհանուր գումարը: Հարկային համակարգում անհրաժեշտ համարժեքության ապահովման նպատակով զուտ եկամտային հարկի և շահութահարկի միջինացված տոկոսադրույքները պետք է նույնական լինեն:
9. Պետությունը, գործատուն և աշխատողը կենսաթոշակային ապահովման խնդրի լուծման անմիջական մասնակիցներ են: Կենսաթոշակային համակարգի ֆինանսավորման եւ կայացման համար պետք է իրենց մասնակցությունն ունենան աշխատողը, գործատուն եւ պետությունը: Ընդ որում, սոցապ վճարը կատարում են բոլոր աշխատող անձինք եւ գործատուները՝ առանց աշխատողի տարիքային սահմանափակման ու առանց ընթացիկ հարկային բեռի ավելացման: Գործատուները իրենց սեփականությամբ չեն կարող կրել որեւէ պատասխանատվություն աշխատողի կողմից սոցապ վճարների կամ կամավոր կուտակումների վճարները չկատարելու համար: Նրանք կարող են ենթարկվել միայն վարչական տուգանքի կամ տույժի, ինչպես նաեւ քաղաքացիաիրավական պատասխանատվության՝ ըստ աշխատակցի հետ կնքված պայմանագրի դրույթների:
10. Կազմակերպական արդյունավետություն: Կենսաթոշակային համակարգի արդյունավետությունը պետք է բարձրացվի համակարգի ծախսատարության կրճատման միջոցով: Ավելցուկային սկզբունքով աշխատող կենսաթոշակային համակարգում կուտակված միջոցները պետք է տեղաբաշխվեն ՀՀ տնտեսության մեջ՝ ուղղակիորեն կամ պայմանագրային հիմունքներով /օրենքով նախատեսված հատուկ երաշխիքներով ու պատասխանատվությամբ/ կարող են տրվել մասնավոր կառավարման: Ինչպես սոցապ վճարները, այնպես էլ կամավոր կուտակված միջոցները կառավարման են հանձնվում այն կանոնի համաձայն, որը ֆոնդերի կառավարիչների համար նախատեսում է վերջիններիս սեփականությունը հանդիսացող միջոցներով պատճառված վնասի պատասխանատվություն (փոխհատուցում): Այս կանոնը պետք է հստակ նախատեսվի օրենքով:
11. Տարազանում (դիվերսիֆիկացիա): Կենսաթոշակային համակարգի ռիսկերը նվազեցնելու համար պետական կենսաթոշակային հիմնական համակարգին զուգահեռ պետք է գործեն կենսաթոշակի կամավոր-մասնավոր (անհատական-անձնավորված) և կամավոր-կոորպորատիվ (կոլեկտիվ-անձնավորված) ձևերը: Խրախուսման և նպատակային արտոնությունների համակարգի ներդրմամբ (այդ թվում՝ 12-րդ կետում թվարկված միջոցառումներով) պետք է ստեղծել միջավայր, որպեսզի յուրաքանչյուր գործատու շահագրգռված լինի ունենալ կորպորատիվ կենսաթոշակային առնվազը մեկ սխեմա, ինչպես նաև աշխատակիցը հնարավորություն ունենա աշխատանքային գործունեության իր նախընտրած ժամանակահատվածներում կատարել խնայողություններ (կուտակումներ): Համակարգը պետք է նպաստի, որպեսզի նման տնտեսական արդյունքը հասանելի լինի նաև երկարաժամկետ բանկային ավանդի ներդրման դեպքում: Աշխատակցի բացառիկ իրավունքն է ընտրել խնայողություններ կատարելու (կուտակումների) մասին որոշումը, ձեւը, ամիսները, ինչպես նաև մասնակցել կամ չմասնակցել գործատուների առաջարկած կենսաթոշակային կորպորատիվ սխեմային (սխեմաներին):

12. Կամավոր կուտակումների խթանում: Կամավոր կենսաթոշակային համակարգում պետք է ազատել հարկից այն գումարը, որն ուղղվել է կենսաթոշակային ֆոնդին /օրինակ՝ ներկայումս տնօրինվող աշխատավարձից կատարված կամավոր կուտակումները, դրանք կենսաթոշակների ձևով ստանալիս հարկվում են/: Պետք է հանել կամավոր կուտակային համակարգին փոխանցվող գումարի 5 տոկոսանոց սահմանափակումը և նախատեսել դրույթ, որ փոխանցված գումարի չափով նվազեցվում է եկամտահարկը, բայց ոչ ավել, քան մինչեւ փոխանցումը հաշվարկված եկամտային հարկի 50 տոկոսը: Գործատուի կողմից իր աշխատակիցների համար կենսաթոշակային հատկացումներ կատարելիս (այդ թվում՝ կորպորատիվ սխեմայով), հնարավորություն պետք է տրվի նրա շահութահարկը նվազեցնել հաշվարկված շահութահարկի մինչեւ 50 տոկոսի չափով:

Ընդ որում, այս արտոնությունը կարող է գործել միայն այն գործատուների (բացառությամբ՝ ՓՄՁ-ների) համար, որոնց ֆինանսատնտեսական գործունեությունը ենթարկվում է աուդիտի՝ անկախ աուդիտորի կողմից: Պետք է օրենսդրորեն հնարավորություն տրվի գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց կամավոր կարգով մասնակցել կուտակային կենսաթոշակային համակարգին՝ պետական բյուջեից կատարելով ներդրված գումարի մինչեւ 100 տոկոսի չափով համավճար: Անհատը կարող է ինքնուրույնաբար, ազատ կամահայտությամբ ընտրել իր կենսաթոշակային միջոցների կառավարիչներին եւ կնքել երկկողմ պայմանագիր: Օրենսդրորեն հնարավորություն պետք է տրվի արտաքին տրանսֆերտները կամավոր կուտակային համակարգում ներդնելու համար՝ պետական բյուջով երաշխավորելով տարեկան առնվազը 10 տոկոս եկամտաբերություն, եթե ներդրվող գումարը դուրս չի բերվում համակարգից 10 տարի և յուրաքանչյուր լրացուցիչ հաջորդ տարվա համար եկամտաբերությունը կարող աճել 1 տոկոսով:
Օրենսդրորեն պետք է ամրագրել՝ այն գործատուները, որոնք իրենց աշխատակիցների համար հավելյալ կիրառում են կամավոր կենսաթոշակային սխեմաներ,
• առավելություն կստանան պետական գնումների համակարգում /օրինակ՝ առավել մեծ գումարներ վճարողները կունենան առավել մեծ հնարավորություններ/,
• առաջին 20 խոշոր կուտակային գումարներ վճարողները կներգրավվեն վարչապետին կից խորհրդի կազմում, կարող են քննարկել համակարգի զարգացման հարցերը եւ առաջարկություններ իրացնել գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ,
• ՓՄՁ սուբյեկտներում յուրաքանչյուր աշխատատեղի համար, ըստ կիրառման հնարավորության, կսուբսիդավորվի ստացված վարկի տոկոսը՝ յուրաքանչյուր աշխատատեղի համար՝ վարկի տկոսադրույքի 0.1 տոկոսը, սակայն ոչ ավելի քան վարկի տոկոսադրույքի 50 տոկոսը:

13. Կենսաթոշակային միջոցների կառավարման հասանելիության ապահովում: Ակտիվների՝ տեղական և միջազգային լիցենզավորված կառավարիչները հավասարապես պետք է հնարավորություն ունենան կառավարել կենսաթոշակների համար կատարված խնայողությունները (կուտակված միջոցները): Կենսաթոշակային միջոցները չեն կարող ներդրվել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող կամ թշնամական տրամադրված երկրների, ընկերությունների արժեթղթերում:
Կենսաթոշակային համակարգի մասնակիցների ընտրության համար պետք է ապահովել կենսաթոշակային միջոցների նվազագույնը 3-4 կառավարիչների առկայություն: Կենսաթոշակային միջոցների ներդրման առաջնային ոլորտ է դիտվում Հայաստանի և Արցախի տնտեսությունը:

14. Կամավոր կուտակումներից, ըստ կարիքի միջոցների օգտագործում: Կամավոր կուտակային համակարգում մուտք գործող գումարները մինչեւ կենսաթոշակային տարիքը լրանալը քաղաքացին, ըստ պայմանագրի, պետք է կարողանա օգտագործել, եթե ցանկանում է սուբսիդավորել (ֆինանսավորել) իր
• ժամանակավոր անաշխատունակությունը,
• կամ իր ամուսնու կամ երեխայի բժշկական ծախսերը,
• ծնողների կենսաթոշակային ծախսերը,
• երեխաների կրթության ծախսերը,
• անշարժ գույքի ձեռքբերման համար հիպոթեկային վարկերը:
Ժամկետից շուտ միջոցների օգտագործման դեպքում կարող է կիրառվել դիսկոնտավորման սխեմա, որի դեպքում հաշվարկային տոկոսադրույքը (դիսկոնտը) չի կարող ավելին լինել, քան միջոցների կառավարման նախորդ ժամանակահատավածի միջին եկամտաբերությունն է:

15. Նոր համակարգի ներդրման անցումային փուլում պետք է ապահովվի քաղաքացու իրավունքների լիարժեք իրականացումը: 2014 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր կուտակային համակարգի միջոցով աշխատողի աշխատավարձից՝ վերջինիս կամահայտնությանը հակառակ պահված եւ կենսաթոշակային ֆոնդերին փոխանցված գումարները ենթակա են քաղաքացիներին վերադարձման կամ քաղաքացու ընտրությամբ դրանք կարող են ուղղվել նոր համակարգի շրջանակներում ներդրվող սոցապ վճարների ապագա մուծումներին՝ կանխավճարի տեսքով, կամ կամավոր կուտակումներին:

Ընդ որում, կենսաթոշակային պարտադիր համակարգի մասնակից մասնավոր ինստիտուտների՝ դեպոզիտարիայի, ռեեստրի, ֆոնդի կառավարչի կատարված ծախսերը փոխահատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին՝ քաղաքացիների գումարները ամբողջությամբ վերադարձնելու պահի դրությամբ:
Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ սահմանված բոլոր տեսակի ենթաօրենսդրական ակտերը, որոնցով նախատեսված պահանջները չեն կարող սահմանվել կառավարության կամ կենտրոնական բանկի կողմից՝ ներառյալ կամավոր բաղադրիչի շրջանակներում ֆոնդերի միջոցների ներդրման սահմանափակումները, կենսաթոշակային միջոցների կառավարիչի եւ պահառուի պատասխանատվությունը, պետք է հստակ սահմանվեն նոր օրենքով»:

Այս խորագրի վերջին նյութերը