Մեկնաբանություն

21.06.2014 12:18


Քյաբաբախորովածային խրախճանք ներկուսակցական ժանտախտի պահին

Քյաբաբախորովածային խրախճանք ներկուսակցական ժանտախտի պահին

Այն, որ Սերժ Սարգսյանը քեֆչի է, գիտեն շատերը։ Նրա քեֆչիության ու ախորժակի, ինչպես նաև խմիչքի հանդեպ անտարբեր չլինելու (մեղմ ասած) մասին առասպելներ են շրջում։

Սերժ Սարգսյանը շատ է սիրում հատկապես «քաղաքական» քեֆի սեղանները։ Նա կուսակիցների հետ պարբերաբար ուտուշ–խմուշներ է կազմակերպում։ Նպատակը տվյալ դեպքում միայն հաց ուտելը, «մին լյավ» խմելն ու տակտից ընկած տրնգի պարելը չէ։

ՀՀԿ ղեկավարը կոնկրետ գաղափարախոսության և սկզբունքների կրող չէ։ Նրա համար կուսակցությունը միջոց է միանձնյա իշխանության հասնելու համար։ Կուսակցական քեֆերի ժամանակ նա ստուգում է թիմ կոչվածի «բարոյահոգեբանական» վիճակը, չափում սեղանակիցների «ֆիզիկական» պատրաստվածությունը, գնահատում քծնանքային կենացների «դոզան» և համապատասխան եզրակացություններ անում։

Երեկ էլ այդպիսի կուսակցական քեֆ–հավաք է տեղի ունեցել Ծաղկաձորում։

ՀՀԿ–ականները և նրանց կցված հաճախորդները գնացել էին՝ չիմանալով, թե ինչու են հրավիրվել, ու ինչ է քննարկվելու։ Սա, ի դեպ, ամբողջությամբ տեղավորվում է Սերժ Սարգսյանի՝ սահմանադրական «բարեփոխումների» միջոցով անհատի դերի նվազեցման ու հորիզոնական–ցանցային համակարգի ներդրման մասին պատկերացումների մեջ։

Ծաղկաձորում բոլորը «ցանցային» տարբերակով հավաքվել էին, որպեսզի տեղում հասկանային, թե անհատն ինչու է իրենց հավաքել։ Ահա այսպիսին են «Վերջի բոլշևիկի» պատկերացումներն անհատի դերի նվազեցման և կոլեգիան կառավարման մակարդակի բարձրացնելու մասին։

Ինչ մնում է քյաբաբախորովածային ծաղկաձորյան հավաքին, ապա դրա հիմնական նպատակը Սերժի՝ ինքն իրեն «դուխ» տալն ու «թիմի» տրամադրությունները ստուգելն էր։

Սերժ Սարգսյանը գիտի, որ իր «կաղ բադի» սինդրոմը խոր անորոշություն է առաջացրել ՀՀԿ–ում։ ՀՀԿ–ում էլ գիտեն, որ Սարգսյանը միայն սահմանադրական փոփոխություններով կարող է կյանքի կոչել իր վերարտադրության ծրագիրը, բայց հանրաքվեն կարող է վերածվել իշխանափոխության գործընթացի։ ՀՀԿ–ում այս ամենը հասկանում են, ու դրա համար էլ ամեն մեկը փորձում է տեղ ման գալ արևի տակ։

Ահա այս անորոշության և փոխադարձ անվստահության պայմաններում էլ կազմակերպվել էր ծաղկաձորյան քյաբաբախորովածային կուսակցական «ժողովը»՝ իսկական խրախճանք ներկուսակցական ժանտախտի պահին։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը