Լրահոս

02.09.2009 11:38


Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել  է քրեական գործ՝ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:

«Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում կատարված ստուգումներով պարզվել է, որ տնօրեն Հ.Բալասանյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, այլ անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է հակառակ ծառայության շահերին: Մասնավորապես՝ իր եղբորը՝ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գ.Բալասանյանին, 0,5 դրույքաչափով հրամանագրել է որպես վարորդ և 2005-2009թթ. ընթացքում ՊՈԱԿ-ի միջոցներից անհիմն հատկացրել է 1.592,7 հազար դրամ գումար վերջինիս ամրացված, ՊՈԱԿ-ի գործունեությամբ չպատճառաբանված, 88.984 կմ չհիմնվորված վազք կատարած «Գազել» 146ՍԼ27 պետհամարանիշի ավտոմեքենայի համար  վառելիք ձեռք բերելու նպատակով, իսկ իր ազգական, կենսաթոշակառու, ՊՈԱԿ-ի տնտեսվար Ռաֆիկ Հովհաննիսյանին հրամանագրել է նաև 0,5 դրույքաչափով մշտական հնոցապան և վերջինիս կողմից այդ աշխատանքն ընդհանրապես չկատարելու պայմաններում 2005-2009թթ. ընթացքում նրան վճարել է 598,0 հազար դրամ աշխատավարձ: Այդպիսով պետական կազմակերպությանը պատճառվել է էական՝ 2.190,7 հազար դրամի վնաս:

Նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն՝ նախաքննություն կատարելու:

 

Այս խորագրի վերջին նյութերը