Լրահոս

23.06.2014 17:05


Վրաստանում անցած շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

Վրաստանում անցած շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

«Ազգային շարժում» կուսակցության հայտարարության համաձայն` հունիսի 15-ին կայացած տեղական ինքնակառավարման ընտրությունների ընթացքում ընտրողների պասիվությունը հաստատում է բնակչության խորը անվստահությունը կառավարության նկատմամբ: «Ընտրողների պասիվությունը ցույց է տալիս բնակչության հուսահատությունը և անվստահությունը կառավարության նկատմամբ: Ցավոք, ընտրությունների արդյունքի վրա մեծ ազդեցություն է ունեցել ոչ ժաղովրդավարական միջավայրը և մրցակիցների հանդեպ իրականացված ճնշումն ու սպառնալիքը: Նախկին տարիների համեմատությամբ նախընտրական փուլը ավելի վատթար էր», -ասված է հունիսի 16-ի «Ազգային շարժման» հայտարարության մեջ:
«Բացառված է չէ, որ ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հուլիսի 28-ին», -ասված է Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի մամլո-խոսնակի հայտարարության մեջ: Ըստ հայտարարության` տվյալ ամսաթիվը(հուլիսի 28-ը) երկրի գործող օրենսդրության կողմից տրված վերջնաժամկետն է ընտրությունների երկրորդ փուլի անցկացման համար:
«Տեղական ինքնակառավարման ընտրություններում հաղթանակ է տարել «Ազգային շարժումը» և «Վրացական երազանք» կուսակցության «ազգային շարժման» թևը: Կայացած ընտրությունները վկայում են, որ «Վրացական երազանքը» բարեհաջող օգտագործել է արդյունքները կեղծելու համար «Ազգային շարժման» ստեղծած մանիպուլյացիան և այլ հմտությունները», -հունիսի 16-ին հայտարարել է Նինո Բուրջանաձեն:
«Վրաց հասարակությունը միանշանակ աջակցում է «Վրացական երազանք» կուսակցությանը: Մինչդեռ, որպեսզի տվյալ աջակցությունը երաշխավորված լինի և՛ վաղը, և՛ մյուս օրը, պետք է աշխատել ավելի լավ: Բնակչությունը տվյալ պահին չի տեսնում գործող կառավարության ավելի լավ այլընտրանք: Չի տեսնում մեկին, ում կարելի իշխանությունը վստահել, բայց հենց այդ իրավիճակը թելադրում է «Վրացական երազանքին», որ աշխարհում հավերժական ոչինչ չկա և պետք է աշխատել: Պետք է աշխատել բնակչության խնդիրները լուծելու համար, նրա համար, որպեսզի այդ խնդիրները լուծվեն ավելի արագ: Կայացած ընտրությունները թույլ չեն տալիս մեզ զգալ երանություն: Լավ չէր լինի, եթե մենք հաղթեինք ամենուր և ամեն ինչում և եթե ամեն տեղ հավաքեինք ձայների 70-80%-ը: Դա բացասականորեն կազդեր մեր հետագա աշխատանքի վրա: Մենք կմտածեինք, որ ամեն ինչ լավ է: Բայց բնակչությունը մեզ հասկացնել տվեց, որ շատ ուշադիր հետևում է մեզ: Այդ ուղերձը մենք պետք է ադեկվատ կերպով արտացոլենք մեր կոնկրետ գործունեության մեջ», - գնահատելով ընտրությունների արդյունքները` հայտարարել է Վրաստանի Խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին:

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ իր համար ամենացավալի հարցը մի քանի նախարարությունում խոշոր դրամական պարգևների բաշխման հարցն է: «Խոշոր դրամական պարգևների հարցն ինձ համար շատ ցավալի հարց է: Ես շոկ եմ ապրել և չեմ թաքցնում: Որտեղ կարող էի, ասել եմ, որտեղ կարող էի, զանգահարել եմ: Ես կարծում եմ, որ տվյալ փաստը նոր իշխանության ամենամեծ սխալն է: Ես դա լուրջ սխալ եմ համարում, նման բաներ չպետք է կատարվեն: Դա չպետք է կրկնվի», -հունիսի 16-ին հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին: Հիշեցնենք, որ անցած երկու ամիսների ընթացքում վրաց հանրության մեջ ակտիվորեն քննարկվում էր մի քանի նախարարությունների աշխատակիցներին խոշոր դրամական պարգևների բաշխման թեման: Օրինակ, միայն Պաշտպանության նախարարությանը պարգևի տեսքով և որպես աշխատավարձի հավելում է հատկացվել 1 325 776, իսկ Արտաքին գործերի նախարարությանը` 1 182 251 լարի:
Պաշտպանության նախարարության տարածած տեղեկության համաձայն` հունիսի 17-ի Կառավարության նիստի ժամանակ հաստատվել է Վրատանի Ազգային Ռազմական ռազմավարությունը: «Այսօր երկրի կառավարությունը ուսումնասիրել է և ընդունել Ազգային ռազմական ռազմավարությունը: Տվյալ փաստաթուղթը մեր երկրի զինված ուժերի զարգացման երկարամյա ծրագիր և տեսություն է», -հունիսի 17-ին հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարարը:
«Անցկացված ընտրությունների ընթացքում երկրի բնակչությունը պետք է ընտրեր 1049 մեծամասնական պատգամավորի: Ըստ ընտրությունների արդյունքների` 1049-ից 811-ը բաժին է ընկել «Վրացական երազանք» կուսակցությանը: Այս կուսակցության ստացած մեծամասնական տեղերի քանակը կազմում է 77,31%: Երկրորդ տեղում են նախաձեռնող խմբերի թեկնածուները, որոնք ստացել են 128 մեծամասնական մանդատներ(12,20%): Երրորդ տեղում է «Ազգային շարժումը»` 64 մանդատ(6,1%): Հաջորդում է Նինո Բուրջանաձեն` 28 մանդատ(2,67%); Կախա Կուկավան` 4 մանդատ(0,38%) և այլոք», -ասված է կայացած տեղական ինքնակառավարման ընտրությունների ամփոփիչ արդյունքներում:
«Մեր ձայները գողացվել են: Իվանիշվիլին հանձնարարել էր, որպեսզի մենք չկարողանայինք հաղթահարել դրված պատնեշը: Միաժամանակ մենք գիտակցում ենք, որ ընտրողը արտահայտել է մեզ իր անվստահությունը: Ամեն դեպքում արդյունքը ցածր կլիներ: Ես երբեք ոչ մի բանի վրա չեմ սևեռվել: Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ երկրի բնակչությանը մեր ծառայություններն այլևս հարկավոր չեն: Շուտով կհավաքվի կուսակցության ղեկավարությունը և այդ ժողովի ընթացքում մենք կորոշենք, թե ինչ ենք անելու հետագայում», -հունիսի 17-ին հայտարարել է «Ազատ Վրաստան» կուսակցության առաջնորդ Կախա Կուկավան:
«Կառավարությունը շատ բարեհաջող իրականացնում է տարածաշրջանների զարգացման ծրագիրը: Հատկապես հաջողված է համարվում Կախեթիի զարգացման ծրագիրը: Լավ է աշխատում Իմերեթիի զարգացման ծրագիրը: Կառավարությունը որոշում է ընդունել և հանձնարարություն է տվել ֆինանսների նախարարությանը, որպեսզի սկսվեն բանակցությունները և մենք սկսենք իրականացնել երրորդ նախագիծը` Մցխեթա-Մթիանեթիի և Սամցխե-Ջավախքի զարգացման նախագծերը: Այդ նախագծերի իրականացման համաև ծրագրվում է հատկացնել 60 միլիոն դոլար: Այդ բոլոր նախագծերը կիրականացվեն Համաշխարհային Բանկի աջակցությամբ», -հունիսի 17-ին հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարարը:
«Քվեարկության երկրորդ փուլի համաձայն` անհրաժեշտ կլինի ծախսել 5 միլիոն լարի: Գումարի մի մասը մեզ մոտ մնացել է անցած ընտրություններից մնացորդի տեսքով: Մնացած մասը մենք պետք է ստանանք ֆինանսների նախարարությունից: Մայիսի 15-ին կայացած ընտրություններին ծախսվել է 34 600 000 լարի»,-ասված է հունիսի 17-ին Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի հայտարարությունում:
Բժշկական տեխնիկայի ձեռքբերման համար Ճապոնիան Վրաստանին որպես դրամաշնորհ է հատկացրել 5 միլիոն դոլար: Դրա հետ կապված հունիսի 18-ին Վրաստանի ֆինանսների նախարարությունում պայմանագիր է ստորագրվել Ճապոնիայի և Վրաստանի Կառավարությունների միջև: Հարկ է նշել, որ տվյալ գումարը Ճապոնիայի կառավարության կողմից Վրաստանին հատկացրած 8-րդ գումարն է: 1997թ.-ից ի վեր Ճապոնիայի` Վրաստանին հատկացրած օգնության ընդհանուր ծավալը կազմում է 39 200 000 դոլար: Ճապոնիայից ստացած միջոցները ուղղվել են բնապահպանության և գյուղատնտեսության զարգացմանը, ինչպես նաև մի քանի տարածաշրջանային մունիցիպալիտետների աջակցությանը:
«Հայաստանը և Վրաստանը իրենց տարբեր արտաքին քաղաքականությունները պետք է օգտագործեն ոչ թե իրարից հեռանալու համար, այլ ընդհակառակը որպես փոխհարաբերությունների ամրացման միջոց: Երկու երկրներն էլ պետք է բարելավեն իրենց փոխհարաբերությունները, քանի որ առանց իրար մենք չենք կարող ապահովել մեր անվտանգությունն ու կայունությունը: Հայկական պատվիրակության հետ հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք մեր երկրների միջև փոխհարաբերությունների հարցերը: Հատկապես դա կարևոր է նրանով, որ վերջին ժամանակներս մենք որոշակիորեն ընտրել ենք զարգացման տարբեր ուղղություններ: Վրաստանը Եվրոպայի հետ ասոցացման մասին պայմանագիր ստորագրելու որոշում է ընդունել, իսկ Հայաստանը մտնում է այլ միավուրման մեջ Ռուսաստանի, Բելոռուսիայի և Ղազախստանի հետ: Մենք քննարկեցինք և պայմանավորվեցինք, որ հասկանում ենք մեր երկրների կատարած ընտրությունները: Մենք հասկանում ենք նաև պատճառները, որոնց հետևանքով մեր երկրները կատարել են նման ընտրություն: Այդ ամենն ավելի է ուժգնացնում մեր երկկողմանի հարաբերությունների խորացման անխուսափելիությունը: Մենք պայմանավորվեցինք աշխատել, որ չնայած նրան, որ մենք կգտնվենք երկու տարբեր, տնտեսական հակադիր վեկտորներ ունեցող միավորումներում, մեր երկրների` Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները պետք է ոչ միայն չտուժեն, այլև բարելավվեն: Դրա համար մենք պետք է հատուկ քայլեր ձեռնարկենք», -հունիսի 18-ին հայտարարել է Վրաստանի Խորհրդարանի նախագահը:
Հունիսի 19-ին տարածված տեղեկության համաձայն` Վրաստանը մտադիր է վաճառել իր ունեցած ռազմական կործանիչներ Су-25-ը: «Վրաստանի զինված ուժերի ավիացիոն դաշտը թարմացում է պահանջում: Մենք մտադիր ենք վաջառել 5 կործանիչ СУ-25, որոնք գտնվում են ամորտիզացված վիճակում և վերանորոգման ենթակա չեն: Մի քանի տարի շարունակ մենք չենք կարողանում օգտվել այդ ինքնաթիռներից, և հիմա նրանց վաճառքի հարցը շատ կարևոր է մեզ համար: Տվյալ ինքնաթիռների վաճառքից ստացած գումարը կտրամադրվի երկրի զինված ուժերի թարմացմանը: Պաշտպանության նախարարության նպատակն է,որպեսզի Վրաստանն ունենա ժամանակակից սպառազինում: Ավիացիոն դաշտի թարմացումը ևս ծառայում է այդ նպատակին», -ասված է Պաշտպանության նախարարության հունիսի 20-ի հայտարարությունում:
Հունիսի 20-ին վրացական «Կոմերսանտ» թերթը տեղեկություն է տարածել, ըստ որի Սագարեջոյի շրջանի Իորմուղանլու գյուղի տարածքում հայտնաբերվել է 42 միլիարդ կուբամետր ծավալի պահուստային գազ: «Հայտնի է, որ Վրաստանը նավթի և գազի փոխանցման միջնորդ երկիր է: Բայց Վրաստանը նաև հնարավորություն ունի դառնալու երկիր, որը արտահանում է մեծ քանակության գազ: Դա կարող է նպաստել Վրաստանին` բավարարելու իր էներգետիակայի պահանջները: Ինչպես նաև կարող է հնարավորություն տալ Վրաստանին գազի արտահանող երկիր դառնալու համար», -հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանը: Հաջորդ օրը` հունիսի 21-ին Սագարեջոյում 42 միլիարդ կուբամետր գազ հայտնաբերելու մասին տեղեկությունն է մեկնաբանել նավթի և գազի Ազգային գործակալության ղեկավար Գեորգի Տատիշվիլին, որը մի կողմից չի հաստատել Սագարեջոյում գազի հաստատման փաստը, բայց նշել է, որ տեղեկությունը վերաբերում է Սագարեջոյի շրջանում ենթադրվող և ոչ թե արդեն հայտնաբերված գազի պահուստին: Միաժամանակ «Կոմերսանտ» թերթը պնդում է, որ գազի պահուստներ ոչ միայն հայտնաբերվել են, այլև սկսվել է նրանց հայթայթումը: Տարածված տեղեկության համաձայն` գազի հայթայթման գործընթացի բացման արարողությանը ներկա էին «Ֆրոնտերա» ընկերությունների ղեկավարները. այն գործում է Վրաստանում 1997թ.-ից ի վեր և երկրի պահուստային գազի հետազոտության համար ներդրել է 400 միլիոն դոլար, ինչպես նաև ներկա էր Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Նորլանդը:

Վրաստանի Հայ Համայնք

Այս խորագրի վերջին նյութերը