Մեկնաբանություն

23.06.2014 17:42


Կլիենտը հուզվում է, կլիենտը նյարդայնանում է – 2

Կլիենտը հուզվում է, կլիենտը նյարդայնանում է – 2

Իր այսօրվա հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը գրեթե ուղիղ տեքստով մեղադրեց Սերժ Սարգսյանին Որոտանի կասկադն ապօրինի ձևով սեփականաշնորհելու փորձի մեջ։

«Հայաստանի էլեկտրագեներացիայի ամենագրավիչ միավորը վաճառվում է ծայրահեղ կասկածելի ձևով՝ անտեսելով օրենսդրության պահանջները (շրջանցելով խորհրդարանը): Փաստորեն, «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի բոլոր էներգետիկ օբյեկտները վաճառվել են գույքի օտարման եղանակով: Այնպես, ասես վաճառվում է ընկերության հնացած գրասենյակային կահույքը,– նկատել է Քոչարյանը, ապա ավելացրել,– առք ու վաճառքի համաձայնագիրը անթույլատրելիորեն ասիմետրիկ է, անտեսում է ՀՀ շահերը և չափազանց խոցելի է դարձնում մեր հանրապետությունը բոլոր հնարավոր դատական վեճերում: Ակնհայտ է նաև, որ Որոտանի վաճառքն այս պայմաններով կհանգեցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման, իսկ դա նշանակում է, որ չինովնիկների սխալների (կամ անկշտության) դիմաց վարձահատույց է լինելու ամբողջ Հայաստանը: Տպավորություն է ստեղծվում, որ հայկական կողմը համաձայնագրի մշակմանը առհասարակ չի մասնակցել, կամ էլ ընթացել է համաձայնեցված խաղ մեկ (հայկական) դարպասի ուղղությամբ»:

Քոչարյանը նշել է, որ այդ ապօրինի գործարքին առնչություն ունեցած անձինք դժվար թե խուսափեն պատասխանատվությունից, դա զուտ ժամանակի հարց է: Ասել է թե՝ ժամանակի հարց է Սերժի՝ նախագահի աթոռին մնալը։

ՀՀ երկրորդ նախագահն անդրադարձել է նաև Սերժ Սարգսյանի անվան հետ կապվող մյուս բիզնեսներին՝ դրանք որակելով «անհեթեթություն և ցինիզմ»։ Խոսքը վերաբերում է Երևանի փողոցները կարմիր ներկի օգնությամբ փող քամելու գործիքի վերածելուն և արագաչափերի ու տեսախցիկների օգնությամբ վարորդներին քամելուն։

Քոչարյանը ճիշտ է նկատել, որ իշխանություններին կցված մասնավորի համար աշխատում են պետական մարմինները, և տեղի է ունենում բացահայտ թալան։

Քոչարյանն այլ հարցերի էլ է անդրադարձել՝ ողջունելով քառյակի ներկայացրած պահանջները։

Ինչպես և սպասվում էր, Սերժ Սարգսյանի առաջին արձագանքը Քոչարյանի հարցազրույցին ջղաձիգ էր և իր ոճին հավատարիմ։ «Վերջի բոլշևիկը», թաքնվելով իր արտահաստիքային փաստաբանի՝ «1in.am»–ի ու հաստիքային փաստաբանի՝ «փուչիկ Կարենի» հետևում, մատնեց ինքն իրեն և իր ապրումները։

Ծիծաղելին այն է, որ Սերժ Սարգսյանը երիտօլիգարխիայի ձեռքերով Որոտանի կասկադի սեփականաշնորհման անունը դրել է «էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացիա»։

Հետաքրքիր է՝ այդ ո՞ր օրվանից է Բաղրամյան 26–ը համարվում ամերիկյան կազմակերպություն։ Վերջինիս անվան տակ կասկածելի սեփականաշնորհում իրականացնելով՝ Սերժը պարզապես կարմիր գծերի պես մի բան է ներդնում էներգետիկ համակարգում, և պարզ է, որ հոսանքի գնի թանկացումները իր կողմից ակնկալվող գերշահույթների համար են արվում։ Ուրիշ ոչինչ։ Եվ իզուր են հետույքները ճղում Սերժի հաստիքային ու արտահաստիքային փաստաբանները։ Դրանով նրանք մտնում են մոտ ապագայում պատասխանատվություն կրողների ցանկի մեջ, քանզի հարցերի պետք է պատասխանեն ոչ միայն Հայաստանի շահերի դեմ գործարքներ կնքողները, այլ նաև այդ գործարքներն արդարացնողները։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը