Մեկնաբանություն

24.06.2014 13:58


Սերժ Սարգսյանի «օֆշորը» և իմպիչմենտի ուրվականը

Սերժ Սարգսյանի «օֆշորը» և իմպիչմենտի ուրվականը

Քառյակի ներկայացրած 12կետանոց պահանջները խփում են Սերժ Սարգսյանի մասնավոր շահերին։ Դա է պատճառը, որ նա կտրուկ դեմ է այդ պահանջների կատարմանը։

«Կուտակային» գումարները, բանկային համակարգի միջոցով ՀՀ քաղաքացիներին տոկոսի տակ մտցնելը, կարմիր գծերով փողոցից փող հավաքելը, Որոտանի կասկադը «կոպեկներով» սեփականաշնորհելը, արագաչափերի ու տեսախցիկների օգնությամբ ռեկետ անելը և մյուս բիզնեսներն անմիջապես առնչվում են Սերժ Սարգսյանի ու իր շրջապատի մասնավոր շահերին։

«Վերջի բոլշևիկի» բիզնեսը պետությունն է, իսկ բիզնեսի գործիքը՝ պետբյուջեն ու պետական կառույցները։

Ոչիշխանական քառյակը Սերժին ասում է՝ դադարեցրո՛ւ պետության ու հասարակության հաշվին բիզնես անելը։

Պարզ է, որ ՀՀԿ ղեկավարը պետք է դիմադրի ու ասի, որ չի հրաժարվելու օդից փող սարքելու պրակտիկայից, չի հրաժարվելու Որոտանի կասկադը սեփականաշնորհելուց, չի հրաժարվելու փողոցում փող հավաքելուց, չի հրաժարվելու ...

Պարզ է նաև, որ Սերժ Սարգսյանին հունից պետք է հանի Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը։

ՀՀ 2րդ նախագահը 3րդին, փաստացի, մեղադրում է առանձնապես խոշոր չափերի հասնող թալանի մեջ՝ թալանն այդ համարելով անկշտության դրսևորում։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Որոտանի կասկադին։ Ներկայացվում են այնպիսի փաստեր, որոնք պետք է կա՛մ հերքվեն, կա՛մ հաստատվեն, իսկ դրա լավագույն տարբերակը մասնավորեցման գործընթացն ԱԺ–ին ներկայացնելն է, ինչից խուսափում է Սերժ Սարգսյանը, քանզի ոչիշխանական ուժերը հանրությանը մանրամասն կտեղեկացնեն, թե ինչով է զբաղված Սերժ Սարգսյանը՝ նախագահի աթոռին նստած։

Ռոբերտ Քոչարյանն, ըստ էության, մի նոր օֆշորային սկանդալ է բացահայտում, որի համեմատ Տիգրան Սարգսյանի օֆշորային մեքենայությունը մանկական չարաճճիություն կարող է համարվել։

Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանը Քոչարյանի մեղադրանքներին փաստարկված (եթե դա հնարավոր է) հակադարձելու փոխարեն թաքնվում է կարենավագյանների ու արմանբաբաջանյանների հետևում և օգտագործում «Բա քո ժամանակ ինչու՞ ...» կամ «Բա դու ինչու՞...» անհեթեթ ձևակերպումները։

Սարգսյանին կոնկրետ հակապետական գործարքի մեջ են մեղադրում, իսկ նա «1in.am»–ի, «Lragir.am»–ի, մյուս «am»–ների ու ժամկետանց գործիչների հետևում է պախկվում (սպասում ենք մյուս հաճախորդների՝ Արամ Զավենի Սարգսյանի (Գասպարիչն իր փայ «նորմատիվն» արդեն հանձնել է), Դավիթ Շահնազարյանի, Աղասի Ենոքյանի և մյուս նեոգեղամյանների պարտադիր և պարտադրված ելույթներին՝ բնականաբար «անկախ» մամուլի էջերում)։

Քոչարյանն անհեթեթություն և ցինիզմ է համարում Սերժ Սարգսյանի՝ կարմիր կետագծերի ու արագաչափերի միջոցով համապետական թալանի իրականացումը, իսկ վերջինս Կարեն Ավագյանի շուրթերով է պատասխանում, թե բա Քոչարյանն իր քաշային կարգն իջեցրել է։

Կարեն Ավագյանը կամ նրա ստատուսը գրողը, թերևս, չի հասկանում, որ կարմիր կետագծերի ու մյուս խնդիրների մասին խոսելով՝ Քոչարյանն ընդամենը ցույց է տվել, թե ինչ մակարդակի է իջել երկրի նախագահի պաշտոնն զբաղեցնող մարդը։ Ասել է թե՝ Կարեն Ավագյանը կամ նրա ստատուսների կուռատորները, կամա թե ակամա, վարկաբեկել են Սերժ Սարգսյանին, քանզի ցածր քաշային են համարում Սերժ Սարգսյանի գործունեությունը մասնավոր բիզնեսի ոլորտում։

Ինչ վերաբերում է կոնկրետ Որոտանի գործարքին, ապա եթե Սերժ Սարգսյանը հետ չպտտեցնի այն ու չհրաժարվի մասնավորի անվան տակ պետական միջոցներով փող աշխատելու գործելաոճից, ապա Ազատության հրապարակը պետք է լցնել ափեափ, և նախաձեռնել ՀՀԿ ղեկավարի իմպիչմենտի գործընթացն ԱԺ–ում։

Սեպտեմբերյան քաղաքական կամպանիայում նաև իմպիչմենտի տարբերակը պետք է ձեռքի տակ ունենալ։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Երբ Ռոբերտ Քոչարյանը արդարացի քննադատության ենթարկեց «օղորմածիկ» Տիգրան Սարգսյանին, կարենավագյանները փրփուրները բերաններին սկսեցին հակադարձել նրան ու պաշտպանել «Օֆշորի Տիկոյին»։ Թե ինչով ավարտվեց այդ ամենը, հիշեցնելու կարիք չկա։

Հիմա կարենավագյաններն ու Սերժի մյուս՝ հաստիքային ու արտահաստիքային փաստաբանները սկսել են պաշտպանել Սերժ Սարգսյանի կոռուպցիոն շահերն ու քննադատել Ռոբերտ Քոչարյանին։ Երեք անգամից փորձեք կռահել, թե ինչ է սպասվում։

Այս խորագրի վերջին նյութերը