Լրահոս

02.09.2009 14:34


Ռուբեն Մելքոնյան. «...եթե լինենք մի փոքր իրատեսական և ճշմարտության աչքերին չվախենանք նայել, ապա այստեղ կան երկու կետեր, որոնք կարող են տարբեր մեկնաբանությունների առիթ տալ...»

Ռուբեն Մելքոնյան. «...եթե լինենք մի փոքր իրատեսական և ճշմարտության աչքերին չվախենանք նայել, ապա այստեղ կան երկու կետեր, որոնք կարող են տարբեր մեկնաբանությունների առիթ տալ...»

-Այս փաստաթուղթը որակել որպես միանշանակ պրոհայկական, դժվար  է, որովհետև, եթե լինենք մի փոքր իրատեսական և ճշմարտության աչքերին չվախենանք նայել, ապա այստեղ կան երկու կետեր, որոնք կարող են տարբեր մեկնաբանությունների առիթ տալ և իրավացիորեն տալիս են,-«Հայացք» ակումբում խոսելով Թուրքիայի և Հայաստանի միջև նախաստորագրված արձանագրությունների մասին՝ ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Նրա խոսքերով՝ այդ երկու կետերը վերաբերում են սահմանների ճանաչմանը և պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծմանը։

-Փաստորեն, Հայաստանը ճանաչում է Թուրքիայի սահմանները։ Այստեղ մոտեցումը երկուսն է՝ մենք ուզում ենք հարաբերություններ հաստատել, պարտադիր  է ճանաչել տարածքային ամբողջականությունը, նրա սահմանները, մյուս կողմից՝ այս սահմանների ճանաչման հիմքում ընկած է լուրջ գաղափար՝ պատմական Հայաստանի գաղափարը, և այն հայկական ինքնության բաղադրիչներից մեկն է։ Մենք պետք է ամեն գնով պահենք, փայփայենք այդ գաղափարը, թույլ չտանք դրա կորուստը, որովհետև, եթե մեծ մասամբ գաղափարազուրկ հայկական հասարակությունից վերցնենք այդ պահողային, պահանջատիրական գաղափարախոսությունը, պատկերը շատ ավելի տխուր կլինի,-ասել է թուրքագետը։

Ռուբեն Մելքոնյանը նաև նշել է, որ չնայած առաջին հայացքից փաստաթղթում նշված չէ «ցեղասպանություն» բառը, բայց, այնուամենայնիվ, պատմաբանների հանձնաժողովում թուրքերը կցանկանան քննարկել Ցեղասպանության հարցը։

«7օր»-ի այն հարցին, թե հնարավո՞ր է՝ այդ պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծմամբ կասեցվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, թուրքագետը պատասխանել է, որ այն կարող է  երկկողմանի էֆեկտ թողնել։

- Կարող է և վնասել Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, սակայն եթե մենք շարունակենք մեր արտաքին քաղաքականության մեջ այն պահել որպես գերակայություն, կարծում եմ՝ այնքան մեծ վնաս չի լինի, սակայն չեմ բացառում՝ որոշակի վնաս լինի, բայց, մյուս կողմից էլ, այդ քննարկումները կօգնեն, որ թուրքական կողմը գիտակցի ճշմարտությունը,-հավելել է նա։

 

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը