Լրահոս

25.06.2014 14:59


Ա. Հովհաննիսյան. «Հայկական պատվիրակության լռությունը հաշվարկված, արդարացված և արդյունավետ էր»

Ա. Հովհաննիսյան. «Հայկական պատվիրակության լռությունը հաշվարկված, արդարացված և արդյունավետ էր»

Հայաստանում քննադատական մի քանի ձայն հնչեց՝ Իլհամ Ալիևին մեր պատվիրակության հարց չտալու կապակցությամբ: Փորձեմ առավել հստակ և մատչելի պարզաբանել.
ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամությունը ենթադրում է նաև դիվանագիտական բնույթի աշխատանք, հետևաբար և՝ դիվանագիտական մոտեցումներ: Եթե ունես մի քանի վայրկյան տևողությամբ հարցի իրավունք միայն, իսկ պատասխանողն՝ անսահմանափակ ժամանակ՝ իր «հակափաստարկներն» առանց պատասխանի ակնկալիքի հնչեցնելու՝ անհրաժեշտ է հաշվարկել նման հարցի օգտակարության կամ վնասակարության գործակիցը: Եվ դա՝ անկախ հարցի արդարացիությունից կամ որակից: Հարցն ինքնանպատակ չի կարող և չպետք է լինի: Եվ եթե ինքնանպատակ է՝ ապա դատապարտված է ձախողման, դարձյալ՝ անկախ իր արդարացիությունից կամ որակից: Հայկական պատվիրակության լռությունը հաշվարկված և ինչպես դեպքը ցույց տվեց՝ արդարացված լռություն էր: Լռություն, որ անսպասելի էր նախագահ Ալիևի համար և հիմք հանդիսացավ՝ մեր եվրոպացի գործընկերների կողմից հնչեցված հարցերին նրա խիստ անհավասարակշիռ և ռեակցիոն պատասխանի և վարքագծի, որն իր հերթին ԵԽԽՎ միջանցքներում խիստ բացասական տպավորություն գործեց՝ հենց ամենասկզբից փաստացի վարկաբեկելով Ադրբեջանի նախագահությունը:
Լռություն կա, որ բազում խոսքերից առավել զորեղ է: Հայկական պատվիրակության լռությունը հաշվարկված, արդարացված և արդյունավետ լռություն էր: Եվ այդ լռությունը գնահատել է պետք:
Հայաստանյան մեր ընդդիմախոսներին նույնպես գոնե այս պարագայում՝ լռությունը չէր խանգարի:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը