Լրահոս

02.09.2009 14:55


Ալեքսանդր Իսկանդարյան. «Սա փաստաթուղթ է, որտեղ չկան «Ղարաբաղ» և «ցեղասպանություն» բառերը»

Ալեքսանդր Իսկանդարյան. «Սա փաստաթուղթ է, որտեղ չկան «Ղարաբաղ» և «ցեղասպանություն» բառերը»

«Դե ֆակտո» ակումբում Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրություններում պատմաբանների հանձնաժողովի վերաբերյալ կետին անդրադառնալով՝ Ալեքսանդր Իսկանդարյանն ասել է.

-Կարծում եմ՝ դա մի միջոց է Թուրքիայում թուրքական ղեկավարության դեմքը փրկելու համար։ Ինձ համար դժվար է պատկերացնել ֆորմալ կազմակերպություն, որտեղ նման ձևաչափում հայերն ու թուրքերը միասին, այդ թվում նաև՝ այլազգի ներկայացուցիչների հետ կքննարկեն պատմական փաստերը։ Դա գործում է ոչ ֆորմալ։ Այդ իսկ պատճառով ինձ թվում է, որ դա համաձայնության մեջ այնքան էլ լուրջ հարցերից չէ։ Դա ուղղակի փորձ է, որ թուրքերն անցկացնեն այս փաստաթուղթը թուրք հասարակության մեջ։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների գործընթացի և արցախյան  հիմնախնդրի փոխկապակցվածությանը, ապա, Ալ. Իսկանդարյանի կարծիքով, արձանագրություններն ապացուցում են, որ այդ երկու հարցերն իրարից բաժանված են, իսկ ինչ վերաբերում է պաշտոնական և ոչ պաշտոնական դեմքերի հայտարարություններին, ապա «ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ հայտարարությունները քաոսային և հակասական են, ինչի պատճառն այն է, որ թուրքական պաշտոնյաներն աշխատում են եվրոպական, ամերիկյան, հայկական, ադրբեջանական և, ամենակարևորը, թուրքական դաշտում»։

Նա նշել է, որ Հայաստանի վրա ղարաբաղյան հարցում միջազգային հանրության ճնշումը միշտ էլ եղել է և կլինի։ Ճնշումները ժամանակ առ ժամանակ ուժեղացել կամ թուլացել են, սակայն բանախոսը դա չի կապել հայ-թուրքական հարաբերությունների հետ։

-Սա փաստաթուղթ է, որտեղ չկան «Ղարաբաղ» և «ցեղասպանություն» բառերը։ Դա շատ կարևոր է։ Թե ինչ կա տողատակում, դա արդեն կախված է տողատակերը կարդացող մարդու կամքից,-ասել է Ալ. Իսկանդարյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը