Մեկնաբանություն

27.06.2014 00:14


Մախատը պարկում չես պահի

Մախատը պարկում չես պահի

Օրեր առաջ կայքերից մեկին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ի թիվս այլ հարցերի անդրադարձել էր «Որոտանի» ՀԷԿՀ-ի վաճառքին եւ նշել էր, որ այդ գործարքի մեջ միակ դրական հանգամանքը ՀՀ էներգետիկայում ամերիկյան ընկերության ներգրավումն է, իսկ մնացածը որևէ կերպ չի տեղավորվում սթափ մտածողության սահմաններում:

Ըստ Քոչարյանի, Հայաստանի էլեկտրագեներացիայի ամենագրավիչ միավորը վաճառվում է ծայրահեղ կասկածելի ձևով՝ անտեսելով օրենսդրության պահանջները (շրջանցելով խորհրդարանը):

«Փաստորեն, «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի բոլոր էներգետիկ օբյեկտները վաճառվել են գույքի օտարման եղանակով: Այնպես, ասես վաճառվում է ընկերության հնացած գրասենյակային կահույքը: Ընդ որում` առք ու վաճառքի համաձայնագիրը անթույլատրելիորեն ասիմետրիկ է, անտեսում է ՀՀ շահերը և չափազանց խոցելի է դարձնում մեր հանրապետությունը բոլոր հնարավոր դատական վեճերում: Ակնհայտ է նաև, որ Որոտանի վաճառքն այս պայմաններով կհանգեցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման, իսկ դա նշանակում է, որ չինովնիկների սխալների /կամ անկշտության/ դիմաց վարձահատույց է լինելու ամբողջ Հայաստանը: Տպավորություն է ստեղծվում, որ հայկական կողմը համաձայնագրի մշակմանը առհասարակ չի մասնակցել, կամ էլ ընթացել է համաձայնեցված խաղ մեկ /հայկական/ դարպասի ուղղությամբ: Քանի դեռ ուշ չէ, հարկ է լրջորեն վերանայել համաձայնագիրը կամ ընդհանրապես հրաժարվել վաճառքից: Գործարքի անօրինականությունն այնչափ ակնհայտ է, որ դրան առնչություն ունեցած անձինք դժվար թե խուսափեն պատասխանատվությունից, դա զուտ ժամանակի հարց է: Գնորդի համար էլ սա չափազանց կասկածելի (գնման ձևի իմաստով) ձեռքբերում է»,-հարցազրույցում նշել էր Ռոբերտ Քոչարյանը:

Հարցազրույցի այս հատվածին արձագանքեց ՀՀ Էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը, ով խոստովանեց, որ իսկապես Որոտանի վաճառքը կհանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, նաեւ նշելով հետևյալը. «Այն կառավարությունը, որի անդամն եմ եղել ես, լրջորեն քննարկել է, և հաշվի առնելով կայանի տարիքը, սարքավորումների, հիդրոհանգույցների մաշվածությունը, արդիականացման անհրաժեշտությունն ու նրա դրա կարևորությունը Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի պահպանման հարցում, գտել է, որ մասնավորեցման այս տարբերակն ունակ է լրջագույն խնդիրներ լուծել ինչպես էներգետիկ համակարգում, այնպես էլ պետական այլ առաջնահերթություններում: Եթե մենք սխալվել ենք այդ հարցում, ապա, անշուշտ, դեռևս ամենևին էլ ուշ չէ. ոչինչ անդառնալի չի արվել և նոր կառավարությունը ազատ է ցանկացած փոփոխություն իրականացնելու, անգամ կասեցնելու գործընթացը»։

Այսինքն՝ Արմեն Մովսիսյանը այս հարցում չբացառեց, որ նախկին կառավարությունը հնարավոր է սխալներ է թույլ տվել եւ քանի դեռ ուշ չէ, կարելի է անգամ գործընթացը կասեցնել:

Հիմա էլ խնդրին անդրադարձել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ով պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, նախ նշել է, որ ամերիկյան ընկերության հետ քննարկումները դեռ շարունակվում են եւ նաեւ ասել է. «Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ պայմանագիրը համապատասխանի Հայաստանի օրենսդրությանը»:

Հարցին, թե նշանակում է դա արդյոք, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը ապօրինի պայմանագիր է կնքել, Հարությունյանը նկատել է. «Ես ձեռնպահ կմնայի նման ձևակերպումից: Իհարկե, գնահատականները կարող են լինել տարբեր: Այնուամենայնիվ ես այս պահին համարում եմ ոչ թե այդ պայմանագիրը եղել է ապօրինի, բայց այն որոշ դրույթներով հակասել է ՀՀ օրենքներին: Ես չեմ կարծում, որ այստեղ միտումնավորություն է եղել: Թերևս եղել է որոշ հարցերում անուշադրություն»:

Ըստ էության, թե՛ Մովսիսյանը եւ թե՛ Հարությունյանը հաստատել են Ռոբերտ Քոչարյանի ասածը:

Իսկ ծայրահեղ կասկածելի ձեւով, չափազանց կասկածելի գնով եւ որ ամենակարեւորն է՝ ՀՀ օրենքներին հակասող գործարքի հեղինակին՝ Տիգրան Սարգսյանին Սերժ Սարգսյանն իր հրամանագրով նշանակեց ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:

Ակնհայտ անօրինականություն թույլ տված անձին Սերժ Սարգսյանն իր հրամանով երկրից «թռնելու» արտոնություն է տալիս: Թեև մյուս կողմից էլ բոլորս գիտենք, որ Տիգրան Սարգսյանը գործում էր Սերժ Սարգսյանի ցուցմամբ կամ հավանությամբ։

Եվ այսքանից հետո մենք պետք է հավատանք, թե Սերժ Սարգսյանը օրինավոր է եւ Սահմանադրության երաշխավո՞ր է հանդիսանում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը