Լրահոս

02.09.2009 17:00


Վարչապետը մասնակցել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին

Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ԱԳՆ կենտրոնական ապարատի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին։
Դիմելով ներկաներին' Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, կառավարության հակաճգնաժամային միջոցառումներն ու գործադիրի հետագա անելիքները, անդրադարձել է Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության հետևանքներին։
Խոսելով Հայաստանի Հանրապետության կառավարության հակաճգնաժամային միջոցառումների մասին' գործադիրի ղեկավարը նշել է, որ դրանք միջազգային փորձագետների կողմից գնահատվել են որպես առավելագույնս արդյունավետ։ Այդ առումով կարևորվել են օժանդակությունը ենթակառուցվածքներին, համակարգաստեղծ ձեռնարկություններին, առանձին միջոցառումների իրականացումը, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորումը։ Բոլոր այս ուղղություններով ՀՀ կառավարությունը ձեռնարկել է համապատասխան քայլեր։
Վարչապետը ներկայացրել է երկրի տնտեսական զարգացման հեռանկարները, արտաքին շուկաներում հաջողության հասնելու Հայաստանի կառավարության մոտեցումներն ու գործնական քայլերը, գյուղատնտեսության մեջ իրականացվող հեռանկարային ծրագրերը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման քաղաքականությունը և այլն։
Գործադիրի ղեկավարը նշել է, որ այսօր հաջողության հասնելու համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, քանզի մենք չենք կարող ժամանակակից աշխարհում աշխատել հին գործիքախմբով։ «Հայկական աշխարհի» գաղափարախոսությունը կառուցված է այդ իրողությունները հաշվի առնելով։ Այս առումով կարևորվել է Հայաստանի ազգային մրցունակության խորհրդի դերը, Համահայկական բանկի ստեղծումը, արժեթղթերի շուկայի կայացումն ու մեծածավալ ներդրումներ պահանջող ծրագրերի իրականացումը։ Նշված նպատակներին հասնելու համար համագործակցությունը դիվանագիտական կորպուսի հետ պետք է լինի հնարավորինս սերտ։
Այնուհետև Հայաստանի Հանրապետության վարչապետը պատասխանել է դիվանագետներին հետաքրքրող հարցերին։
Ամփոփելով հանդիպումը' Տիգրան Սարգսյանը նշել է, որ արդյունավետ արտաքին և ներքին քաղաքականության իրականացումը փոխկապակցված է, ու որ սպասում է նոր առաջարկների ու նախաձեռնությունների։

 

Այս խորագրի վերջին նյութերը