Լրահոս

02.09.2009 18:10


Հանրապետականների համար արձանագրություններն անակնկալ են եղել

Հանրապետականների համար արձանագրություններն անակնկալ են եղել

«Հայաստանի հանրապետական կուսակցության» պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը «7օր»-ին ասել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունները հանրապետականների համար անակնկալ են եղել։

-Շարքային հանրապետականների համար անակնկալ է եղել, որովհետև չկար որևէ քայլ, որ Թուրքիան և Հայաստանը պատրաստում են այսպիսի փաստաթղթեր։ Դա հայտնի կարող էր լինել հանրապետության նախագահին, արտաքին գործերի նախարարին, որոնք անմիջապես զբաղվում են այդ բանակցություններով, գիտեն՝ ի՞նչ կա, ի՞նչ չկա,- խոստովանել է Ռ. Պետրոսյանը՝ հավելելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տեղյակ է եղել այդ արձանագրությունների առկայության մասին, սակայն, դիվանագիտությունից դրդված, չի բացահայտել.

- Եթե նախագահը չիմանար, որ այդպիսի փաստաթղթեր են ընդունվելու, այդպիսի ելույթներ չէր ունենա։ Չէր ասի՝ չեմ գնա, եթե կա՛մ սահմանները չբացվեն, կա՛մ դրա նախապայմաններն առկա չլինեն։

Իսկ թե ինչո՞ւ են հենց երեկոյան նման փաստաթղթերն ի հայտ գալիս, Ռ. Պետրոսյանը «7օր»-ին պատասխանել է.

-Երևի երեկոյան կողմ են ասում, որ գիշերը մարդիկ, լրագրողները մտածեն և հաջորդ օրը մեկնաբանություններ անեն։

ՀՀԿ պատգամավորը թեև նաև ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները, սակայն հավելել է, որ «շատ հրճվել պետք չէ», քանի որ Թուրքիայի խորհրդարանը դրանց վավերացումը հնարավոր է՝ ձախողի։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը