Լրահոս

02.09.2009 18:20


Սեփականաշնորհման վկայականներ վրացական հողերի համա՞ր

Սեփականաշնորհման վկայականներ վրացական հողերի համա՞ր

Հայ-վրացական սահմանի՝ Բավրայի հատվածում լարված իրավիճակը, կապված վիճելի հողատարածքի հետ, պահպանվում է: Խոսքը վերաբերում է 400 մ լայնություն և 2,8 կմ երկարություն ունեցող տարածքին, որը կազմում է մոտավորապես 130 հա, և որը հայկական կողմը համարում է իր տարածքը. այդ հողատարածքների համար  Հայաստանի 146 քաղաքացիների 20 տարի առաջ տրամադրվել են սեփականության վկայականներ:

Իսկ վրացական կողմն այս առումով բոլորովին հակառակ կարծիք ունի:

Բավրայի համայնքապետ Կորյուն Սումբուլյանը կտրականապես ժխտել է, որ այդ հողերը կարող են պատկանել Վրաստանին. նույնիսկ պատմական ժամանակագրությունն է վկայակոչել՝ ապացուցելու այդ հողակտորի՝ հայապատկան լինելու փաստը, նույնիսկ պնդել է, որ վրացիներն են զավթել Բավրայի տարածքը մեկ այլ հատվածում. «Երբևէ այդ հողը Վրաստանին չի պատկանել: 1854թ. այդ տարածաշրջանում գյուղ է հիմնադրվել, ու մինչև 1959թ. դեկտեմբերի 8-ի երկրաշարժը Բավրան եղել է այդ տեղում, հետո տեղափոխվել են այստեղ, և այդ հողերը երբևէ չի մշակել Վրաց պետությունը: 1929թ. եղել է սահմանների ճշգրտում. ես արտգործնախարարությունում գտնել եմ տվել այդ պայմանագիրը և քարտեզները, որոնք ուղիղ համապատասխանում են այսօրվա կոորդինատներին, վրացական կողմն էլ արևելյան հատվածում անտառ է տնկել Բավրայի տարածքի մեջ, Հայաստանի Հանրապետության տարածքի մեջ՝ ամբողջ 5 կմ երկարությամբ:  Դեռ  ճշտված չէ, բայց ոնց որ նախնական համաձայնվել են, որ դա մնա Վրաստանին»,- ասել է Բավրայի համայնքապետը:

Կորյուն Սումբուլյանը մեկ այլ ապացույց էլ է բերել հողակտորի՝  հայապատկան լինելու առումով՝ գյուղացիներին տրամադրված սեփականության վկայականները. «1992թ. սեփականաշնորհում է եղել. տրվել են անշարժ գույքի սեփականության  ժամանակավոր վկայականներ: 2002-ից սկսեցին աբողջությամբ բոլորին տալ, նույնիսկ՝ պարտադրանքով, որ քո սեփականությունն է. վերցրո՛ւ քո վկայականը: Կադաստրը և տարածքային կառավարման նախարարությունը հանել են քարտեզները. գիտեն, որ դրանք մեր հողերն են, դրանց վրա հարկ է դրված, մարդիկ մուծում են»:

Սակայն Կորյուն Փիլոյանը նշել է նաև, որ հայ-վրացական սահմանի վերջին քարտեզագրությունն իրականացվել է 1942թ., որով ներկայիս վիճելի հողակտորը հանձնվել է Վրաստանին: Հիմա վրացիները, հիմնվելով այդ ժամանակվա պայմանագրի վրա, պահանջում են հարգել իրենց տարածքային ամբողջականությունը:

Թե այս պարագայում ի՞նչ իրավական հիմքերով է հայկական կողմը սեփականության վկայականներ տրամադրել այդ հողերի նկատմամբ, հարցական է մնում:

Ինչպես վստահեցրել է Կոյրուն Սումբուլյանը, վրացական կողմը մինչ այժմ տեղյակ չի եղել, որ սեփականության նման վկայականներ գոյություն ունեն. «Վրացական կողմը մինչև հիմա չգիտի, որ այդ տարածքում սեփականաշնորհված հողեր կան, Բավրայի հողերն են, և այդ հողերը մենք միշտ օգտագործել ենք: Երեկ Ախալցխայում էի, հանդիպեցի սահմանապահ զորքերի հրամանատարության հետ, ներկայացրեցի խնդիրը, իրենք հասկացան, ըմբռնումով մոտեցան, բայց ասացին, որ հնարավոր չէ, որ այդպիսի բան լինի. մինչև հիմա իրենք տեղյակ չէին, որ հողերը սեփականաշնորհված են»: Մի տարօրինակ հանգամանք ևս. իր խոսքի ընթացքում Կորյուն Սումբուլյանն ամեն կերպ հավաստիացնելով, որ դրանք միշտ եղել են հայապատկան, միաժամանակ նշել է, որ իրենք վրացիների հետ պայմանավորվածություն են ունեցել, որ կարող են առանց սահմանային անցակետից անցնելու՝ մշակել իրենց հողերը: Այս պարագայում հարց է առաջանում՝ եթե այդ հողերը միշտ էլ հայկական են եղել, այդ դեպքում նրանց ինչի՞ն էր պետք վրացական կողմի հետ պայմանավորվել սեփական տարածք մուտք գործելու համար:

Բավրայի մաքսային անցակետի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը լրագրողների մոտ անկեղծացել է, որ դրանք իրականում վրացական հողեր են, և այս ամբողջ պատմությունը բացվել է մի երկու գյուղացու պատճառով, ովքեր ինքնագլուխ առաջ են գնացել, իսկ գյուղապետն էլ ընկել է այդ գյուղացիների խելքին, ու այսքան պատմություն է բացվել:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

 

Այս խորագրի վերջին նյութերը